Մատչելի հղումներ

Ի՞նչ ազդեցություն կթողնեն ամերիկյան F-16-ներն ուկրաինական պատերազմի վրա


F-16 Fighting Falcon
F-16 Fighting Falcon

Փորձագետներն անդրադարձել են Ուկրաինային ամերիկյան հայտնի F-16 կործանիչների մատակարարմանը՝ առաջարկելով ռուսական կողմի գրոհներից օդանավերը պաշտպանել հատուկ անգարներում, չկենտրոնացնել դրանք մեկ վայրում, տեղադրել F-16-ների մակետներ՝ ռուսական ռազմուժին ապակողմնորոշելու համար:

Անկալվում է, որ վերջերս Ուկրաինա առաքված F-16-ներն առաջիկայում կսկսեն իրենց մարտական առաջադրանքները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ 2023 թվականի օգոստոսին էր հավանություն տվել Կիևին մատակարարել ամերիկյան օգտագործված F-16-ներ, թեև բուն Միացյալ Նահանգները որևէ կործանիչ չի մատակարարելու Ուկրաինային։ Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան խոստացել են առաջիկա ամիսներին Կիևին փոխանցել ավելի քան 60 ինքնաթիռ։ Մատակարարումները տեղի կունենան աստիճանաբար։

Թեև ռազմաճակատում Ռուսաստանի հաջողությունները աննշան են, սակայն փաստն այն է, որ Ուկրաինան շարունակում է զիջել, և այս համատեքստում ակնհայտ է, որ F-16-ները միայն կամրապնդեն ուկրաինական զինուժի կարողությունները։

Դիտորդները, սակայն, ընդգծում են՝ ամերիկյան կործանիչները չեն կարող որոշել պատերազմի ելքը:

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ներկայացուցիչ Ֆեդերիկո Բորսարիի խոսքով, F-16-ները, ամենայն հավանականությամբ, կկատարեն երեք հիմնական առաքելություն՝ կձգտեն դիմագրավել ռուսական հրթիռներին ու անօդաչուներին, որոնք շարունակաբար հարվածներ են հասցնում ուկրաինական կողմին, կնշեն հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը, «օդ-երկիր» հրթիռներով հարվածել ռուսական դիրքերին և զինամթերքի պահեստներին.

«Նրանք կկարողանան ազդել [պատերազմի] դինամիկայի վրա»,- ասում է Բորսարին:

Ուկրաինային հատկացված F-16-ների մասին տեղեկատվության մեծ մասը գաղտնի է, ներառյալ, թե արևմտյան կառավարություններն ինչ թիրախների են թույլատրելու հարվածել, ինչ հրթիռներով են զինված ինքնաթիռները:

Հայտնի է, որ F-16-ները կարող են կրել Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow թևավոր հրթիռներ՝ ավելի քան 250 կիլոմետր հեռահարությամբ, որոնք կարող են խոցել Ռուսաստանում գտնվող թիրախներ: Նրանք կարող են նաև կրել «օդ-օդ» տիպի հեռահար հրթիռներ, որոնք կարող են թիրախավորել ռուսական ռմբակոծիչներն ու կործանիչները: Ինքնաթիռի առաջադեմ ռադարներն ուկրաինացի օդաչուներին թույլ կտան որոշակիացնել թիրախները ավելի մեծ հեռավորությունների վրա, քան կարող են Миг-29-ը, Су-27-ը և Су-24-ը:

Գաղտնիք չէ, որ պատերազմի ժամանակ գերիշխանությունը երկնքում ռազմական գործողությունների հաջողության կարևոր նախապայմանն է, քանի որ օդուժը յուրատեսակ հովանոց է զորքերի համար: Սակայն առաջնագծում ուկրաինական զորքերի տեղաշարժին աջակցելը կարող է ռիսկային լինել F-16-ների համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հակաօդային պաշտպանության կարողությունները:

Կործանիչները կարող են նաև հոգեբանական ազդեցություն թողնել ռուսական զորքերի վրա և ամրապնդել ուկրաինական կողմի իքնավստահությունը։

Լոնդոնի Քինգզ քոլեջի պաշտպանական հետազոտությունների բաժնի աշխատակցուհի Մարինա Միրոնը թվարկում է այն խնդիրները, որոնք Ուկրաինան պետք է հաղթահարի F-16-ների հետ միասին:

ԱՄՆ-ում և Եվրոպայում ուկրաինացի օդաչուների մոտ ինը ամիս տևած ուսուցումը՝ արևմտյան օդաչուների պարագայում անցկացվող եռամյա դասընթացի փոխարեն, որոնք նախատեսված են F-16-ները յուրացնելու համար, կարող է սահմանափակել կործանիչների արդյունավետությունը:

F-16-ների գործարկումը պահանջում է նաև մեծ թվով, այսպես կոչված, աջակցող անձնակազմ՝ տեխնիկական սպասարկման համար ինժեներներ, զինամթերքը ինքնաթիռներում տեադրողներ, հետախուզական տվյալների վերլուծաբաններ և շտապ տեխնիկական օգնության աշխատակիցներ:

Ուկրաինան նաև պետք է ստեղծի ռադիոտեղորոշիչ կայանների ցանց, հատուկ անգարներ, կուտակի պահեստամասեր, հիմնի վառելիքի մատակարարման համակարգ, անհրաժեշտ են նաև որակյալ օդանավակայաններ:

«Խնդիրները շատ են, որոնք պետք է լուծել»,- ասում է Միրոնը:

Բացի այդ ուկրաինացի օդաչուների համար, ովքեր չունեն մարտական փորձ՝ F-16-երի կիրառմամբ, ի սկզբանե կարող է լուրջ խնդիր լինել մարտական գործողություններին մասնակցելը։

Կասկածից վեր է, որ Պուտինն քարոզչական նպատակներով անմիջապես կօգտագործի որևէ F-16-ի ոչնչացումը։

Ուկրաինան չի բացառել, որ կարող է որոշ կործանիչներ պահել օտարերկրյա ավիաբազաներում՝ դրանք ռուսական հարվածներից պաշտպանելու համար: Սա հանգեցրեց Կրեմլի կտրուկ արձագանքին, թե ուկրաինական կործանիչներ ընդունող արևմտյան ցանկացած ավիաբազա «լեգիտիմ թիրախ» կդառնա ռուսական զորքերի համար:

Հարկ է նշել, որ ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են՝ F-16-ները տեղակայվելու են Ուկրաինայում:

Օդում ուկրաինական F-16-ներին կարող են սպառնալ հակաօդային պաշտպանության ռուսական С-300 և С-400 համալիրները, որոնք կարող են միաժամանակ մի քանի ինքնաթիռ խոցել։ Ռուսական կողմը ունի նաև մի քանի հարյուր կործանիչներ, օդային հսկողության ժամանակակից ռադարներ։

Ֆեդերիկո Բորսարիի խոսքով, F-16-ի ների համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է ռուսական Су-35 կործանիչը, որն ունի հեռահար ռադար, ինչը թույլ է տալիս հեռու տարածության վրա միաժամանակ հետևել մինչև ութ թիրախների, թեև ռուսական կողմը հասկանում է, որ գործ է ունենալու հզոր ինքնաթիռի հետ և պետք է որ գործի ավելի զգույշ։

Օդուժի գծով ուկրաինացի փորձագետ Անատոլի Խրապչինսկու կարծիքով, անշուշտ, ռուսական զորքերը փորձելու են ոչնչացնել F-16-ները՝ նախևառաջ ավիաբազաներում, որտեղ նրանք գտնվելու են, սակայն Ուկրաինան ունի կործանիչները պաշտպանելու հուսալի միջոցներ։

«Ուկրաինան լուրջ կարողություններ ունի պաշտպանելու իր օդանավակայանները հակաօդային պաշտպանության համալիրներով։ Ուկրաինա ներխուժելու ողջ ընթացքում Ռուսաստանը ակտիվորեն փորձում էր հարվածներ հասցնել ուկրաինական օդանավակայաններին, սակայն դրանք զգալի չափով անհաջող էին»,- Associated Press-ի հետ զրույցում ասել է Խրապչինսկին:

Ուկրաինացի փորձագետի ներկայացմամբ, F-16-ները զգալիորեն կընդլայնեն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հնարավորությունները՝ պաշտպանելով երկրի օդային տարածքը և հարվածներ հասցնելով Ռուսաստանի ռազմավարական նոր թիրախներին։

«Ստանալով F-16 ինքնաթիռներ՝ կկարողանանք լուծել մի շարք խնդիրներ, որոնք այսօր կանգնած են Ուկրաինայի առջև՝ դիմագրավել ռուսական զանգվածային հրթիռային հարվածներին, կիրառել կառավարվող ռումբեր։ F-16-ների կիրառումը կօգնի, որպեսզի կարողնանք ռազմաճակատին մոտ՝ Սումիի և Խարկովի մարզերում, տեղակայել С-300 համալիրներ։ F-16 ինքնաթիռները, իմ կարծիքով, զգալիորեն կօգնեն Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է Անատոլի Խրապչինսկին:

XS
SM
MD
LG