Երեսունութամյա Ուշա Վենսը հայտնվել է ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում, երբ հանրապետականների համերկրային համագումարի ժամանակ ներկայացրեց իր ամուսնուն՝ Ջեյ Դի Վենսին:
«Ես Ջեյ Դիին հանդիպեցի իրավաբանական դպրոցում»,- ասել է նա:
Հնդիկ ներգաղթյալների դուստրը՝ Ուշա Չիլուկուրին ծնվել է Կալիֆոռնիայում և մեծացել հինդուիստական ավանդույթներով: Նա և Վենսը ամուսնացել են, այսպես կոչված, միջկրոնական արարողությամբ 2014 թվականին։
«Մեծացել եմ Սան Դիեգոյում, միջին խավում, երկու սիրող ծնողների հետ, երկուսն էլ ներգաղթյալներ՝ Հնդկաստանից»,- պատմում է Ուշա Վենսը:
Ուշա Վենսի ծնողները ակադեմիկոսներ են: Ինչպես և նրա մորաքույրը, ով ֆիզիկայի պրոֆեսոր է Հնդկաստանում, որտեղ, ի դեպ, հպարտանում են Ուշա Վենսի ձեռքբերումներով:
«Շատ հպարտ էի զգում, որովհետև իմ ընտանիքում այդպիսի մեծ մտավորական է մեծացել»,- ասում է մորաքույր Սանթաման:
Ոօշա Վենսի նախկին գործատուի՝ իրավաբանական ընկերության հրապարակած տեղեկության համաձայն, Ուշան մասնակցել է Յեյլի՝ ԶԼՄ-ների ազատության ամրապնդմանն միտված ծրագրին, աշխատել է իրաքցի փախստականներին օգնություն ցուցաբերող նախագծում, ինչպես նաև ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորներ Ջոն Ռոբերթսի ու Բրեթ Քավանոյի գրասենյակներում:
Անիտա ՄըքԲրայդը, ով ժամանակին եղել է առաջին տիկին Լորա Բուշի աշխատակազմի ղեկավարը, ասում է, որ մարդիկ, ովքեր ճանաչում են Ուշա Վենսին, բարձր են գնահատում նրան:
«Խելացի, բոլորի հետ շփվել կարողացող և պարզապես աշխատասեր ու լավ մարդ: [Ուղղակի] ցանկանում եք նման բաներ լսել այն մարդկանց մասին, որոնք հանրային դեմք են: Գիտեք, կարծում եմ, երբ որևէ մեկը սիրված է, դա ինչ-որ բան է ասում նրան բնավորության մասին»,- ասում է ՄըքԲրայդը:
Դիտորնդերի խոսքով, ներգաղթյալների զավակ հանդիսացող Ուշա Վենսը կարող է հանրապետականների կողմը գրավել նման ընտրազանգվածի:
«Նա հարմարվեց իմ սննդակարգին՝ բուսակերությանը, և սովորեց մորս համար հնդկական կերակուրներ պատրաստել»,- ասում է Ուշա Վենսը ամուսնու մասին:
«Նա կարող է օգնել տարբեր համայնքների հետ հարաբերությունների ժամանակ, որոնք կարող են մտածել, թե Ջեյ Դի Վենսը չի հասկանա իրենց»,- ասում է Ռութգերսի համալսարանի պրոֆեսոր Քելի Դիտմարը:
Իսկ ի՞նչ կարող է ակնկալել երեք երեխաների մայրը, երբ նա այլևս ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում է:
«Քննարկվում է նրա ծագումը, ժառանգությունը, կրթությունը, ընտրած աշխատանքները: Ամեն ինչ սեղանին է դրված»,- ասում է ՄըքԲրայդը:
Ջեյ Դի Վենսն ասում է, որ իր կինը «այնքան էլ քաղաքական անձնավորություն չէ», թեև նախընտրական արշավի մեջ մտավ ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածուի հետ ու հրաժարվեց իր փաստաբանական գործից: