Մատչելի հղումներ

«Միջազգային ճնշումը և ազդեցիկ կառույցների միջնորդական դերը կարևոր է գերիների հայրենադարձման գործում»․ իրավապաշտպան


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում կալանավորված հայերի հարցում՝ օրերս կայացած ճեպազրույցի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ընդգծելով, սակայն, որ գործընթացի վերաբերյալ նորություն չունի։

«Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

Կարևոր է, որ Միացյալ Նահանգներն իր ներգրավվածությունը պահպանում է այս հարցում, և խնդիրը գտնվում է նրանց ուշադրության ներքո, բայց, միևնույն ժամանակ, այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ բանակցությունների միջոցով դեռ չի հաջողվել ձեռք բերել որևէ պայմանավորվածություն գերիների վերադարձման ժամկետների կամ հնարավորություններ վերաբերյալ՝ արձագանքում է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ միջազգային ճնշումը և ազդեցիկ կառույցների միջնորդական դերը շատ կարևոր է այս հարցում, և Հայաստանի կառավարությունն ու հասարակական կազմակերպությունները պետք է հետևողական աշխատանք տանեն դրական լուծման հասնելու համար։

Ինչպես հայտնի է, նախադեպ կա, որ 2022 թվականին Հայաստանի տարածքի վրա հարձակումից հետո ամերիկյան կողմին հաջողվեց շատ սեղմ՝ ընդամենը երկշաբաթվա ժամեկտում մի քանի տասնյակ ռազմագերների հայրենադարձնել, ինչը ապացուցում է, որ նման երկրները կարող են իրենց հեղինակության ուժով կամ հարաբերությունների վերափոխման վտանգի ներքո հասնել նման արդյունքի։

Ընդհանուր առմամբ, անցած տարիների ընթացքում Ադրբեջանից հայրենադարձվել է 210 գերի։ Վերջին փոխանակումը 2023 թվականի տարեվերջին էր, երբ Բաքվից հայրենադարձվեցին 32 հայ ռազմագերիներ։ Պաշտոնապես հայտարարված է, որ այժմ ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված մարդիկ են՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, իսկ 8-ը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իհարկե, այս թիվը իրավապաշտպանները վիճարկում են, քանի որ կան նաև անհետ կորած մարդիկ, որոնց գերեվարված չլինելու փաստը ապացուցված չէ։

«Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներն ու քաղաքական ղեկավարները չեն համարվում գերիներ կամ ռազմագերիներ, որովհետեւ նրանց ազատությունից զրկելը որեւէ առնչություն չունի մարտական գործողությունների կամ դրանց արդյունքի հետ: Նրանք ձերբակալված են քաղաքական պատճառներով, այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք ենք»,- շարունակում է Սահակյանը՝ ընդգծելով, թե այդ մարդիկ քաղբանտարկյալներ են։

32 հայ ռազմագերիների փոխանակումը տեղի էր ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը փաստացի իրավունք ստացավ իր երկրում ընդունել 2024 թվականի նոյեմբերին նախատեսված ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը։ Գերիներին վերադարձնելու դիմաց Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից պահանջեց հրաժարվել համաժողովը Երևանում կազմակերպելու հայտից։ Հայկական կողմը բավարարեց այն, բացի այդ, Ադրբեջանին վերադարձվեցին Հայաստանում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողներ, որոնցից մեկը մեղադրվում էր ԶՊՄԿ պահակակետի աշխատողի սպանության մեջ։

Ըստ պաշտոնական տվյալների, այս պահին Հայաստանում պահվող ադրբեջանցի գերներ չկան։

Նպատակահարմա՞ր էր կատարել Ադրբեջանի պահանջները ոչ ամբողջական կազմով գերիների վերադարձի դիմաց՝ հարցը քննարկումների տեղիք է տվել։ Սակայն այն անպատեհ է համարում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Ցանկացած գնով պետք է վերադարձվեն Բաքվի բանտերում պահվող հայ գերիները՝ պնդում է նա և ընդգծում, թե պետք է պահանջել, որ իրավասու մարմինները կրկնապատկեն ջանքերը մարդկանց գերությունից փրկելու համար։

Գերիների վերադաձը ոչ միայն իրավական, այլև՝ քաղաքական խնդիր է, և միջազգային հանրության ճնշումն անհրաժեշտ է հայ գերինրի ազատությանը հասնելու համար՝ նշում է Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը բնական է համարում՝ քանի դեռ հարցը չի լուծվել, միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ գերիներին վերադարձնելու նպատակով, բավարար համարել հնարավոր չէ։

Ըստ Սահակյանի, ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովը կարող է առիթ դառնալ, որ Ադրբեջանն՝ իր հեղինակության պահպանման նպատակով որոշ գերիների ազատ արձակի, ինչը, սակայն, դժբար առնչություն ունենա Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։

Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանը նախատեսում է «նյուրենբերգյան դատավարություն» անցկացնել նրանց նկատմամբ, և քանի դեռ այդ դատավարությունները իրականացված չեն, քաղաքական պատճառներով Ադրբեջանը նրանց չի վերադարձնի։

Ինչևէ, մեր զրուցակցի ներկայացմամբ, պատրաստում են համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացվելու են եվրոպական կառույցներին և ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանի կողմից պատերազմական այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք ենթակա են պատժամիջոցների։

Սահակյանը հույս ունի, որ այդ հետևողական աշխատանքի արդյունքում կհաջողվի հասնել պատժամիջոցների սահմանմանը ադրբեջանական պաշտոնայների նկատմամբ, թեև այդ կառույցները պատկերացնում են իրավիճակը և գիտեն իրականությունը, սակայն սկզբունքային որոշումների կայացումը ուշանում է, քանի որ կողմնակից են երկրների միջև երկխոսությանը և զգուշավոր են կոշտ քայլեր հարցում՝ որևէ կերպ բանակցային գործընթացին վնաս չհասցնելու մտավախությամբ։

XS
SM
MD
LG