Մատչելի հղումներ

Ռուսաստանյան բանտերից վերադարձած ամերիկացիներին դիմավորել են Բայդենն ու Հարիսը  


Ջո Բայդենն ու դիմավորել է Ռուսաստանից վերադարձած ամերիկացիներին
Ջո Բայդենն ու դիմավորել է Ռուսաստանից վերադարձած ամերիկացիներին

Ռուսաստանում տևական ժամանակ ճաղերի հետևում գտնվող երեք ամերիկացիներ հինգշաբթի ուշ երեկոյան վերադարձան ԱՄՆ։ Հարազատներից զատ, նրանց դիմավորել են նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը։

Իրոք, երկար սպասված պահ. երեք ամերիկացիներ հինգշաբթի այլևս ազատության մեջ էին և իրենց հետևում թողնելով ռուսաստանյան բանտերը՝ վերադարձան Միացյալ Նահանգներ։

Հարազատներից զատ, նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը:

Վաշինգտոնի ու դաշնակից երկրների մասնակցությամբ իրականություն դարձած «պատմական փոխանակման» արդյունքում ռուսաստանյան բանտերից ազատ արձակվեցին 16 քաղբանտարկյալներ, լրագրողներ, անհիմն կերպով ազատությունից զրկված մարդիկ: Նրանց դիմաց Կրեմլը պահանջել էր ութ հոգու:

The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալսու Կուրմաշևան պատկերել են իրենց վերադարձը տուն՝

ինքնաթիռում նկարվելով ամերիկացի նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանի հետ, ով նույնպես տարիներով ռուսաստանյան բանտում էր։ Նկարել են նաև, թե ինօպես են հեռախոսազրույց ունենում նախագահ Բայդենի հետ:

Գերշկովիչն անազատության մեջ էր մոտ 500 օր:

The Wall Street Journal-ի սեփականատեր ընկերության՝ Dow Jones-ի գլխավոր խորհրդատու Ջեյսոն Կոնտին ասում է. «Չեք պատկերացնի, թե որքան զգացմունքային է տեսնել նրա ազատումը»:

«Ազատության» աշխատակից Կուրմաշևայի ամուսինը ևս չէր թաքցնում իր զգացմունքները. «Զգացմունքները խեղդում են ինձ: Սպիտակ տանը՝ Օվալաձև աշխատասենյակում՝ նախագահ Բայդենի կողքին լսելով Ալսուի ձայնը շատ յուրահատուկ բան էր: Աներևակայելի դժվար տարի էր մեզ համար»:

Հայտնի է, որ ռուսաստանյան բանտից վերադարձած ամերիկացիներն իրենց ընտանիքների հետ կմեկնեն Տեխաս՝ հատուկ հաստատությունում աջակցություն ստանալու՝ մինչև կհարմարվեն բնականոն կյանքին:

XS
SM
MD
LG