Մատչելի հղումներ

Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ռուսաստանյան բանտերից ազատ արձակվեցին ամերիկացիներ


Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանը, Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ արձակվեցին
Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանը, Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ արձակվեցին

Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանը, Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ արձակվեցին ռուսաստանյան բանտերից: Փոխանակման միջոցով Ռուսաստանի անազատության վայրերը լքեցին ընդհանուր առմամբ 16 անձինք՝ քաղբանտարկյալներ, լրագրողներ, անհիմն դատապարտվածներ:

Հինգշաբթի Անկարայում տեղի ունեցավ այն, ինչը, կարելի է ասել, նորություն էր Սառը պատերազմի ավարտից հետո:

«Այսօր մենք տուն ենք բերում Փոլին, Էվանին, Ալսուին, Վլադիմիրին՝ ամերիկյան երեք քաղաքացու և ամերիկյան գրին քարտ ունեցողին։ Չորսն էլ անարդարացիորեն բանտարկված էին Ռուսաստանում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ռուսաստանյան բանտերը թողած մարդկանց թվում են լրագրողներ Էվան Գերշկովիչն ու Ալսու Կուրմաշևան, ամերիկացի նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, սյունակագիր Վլադիմիր Կարա-Մուրզան:

Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, ընդհանուր առմամբ, 16 մարդ, այդ թվում՝ անօրինական կերպով կալանավորված հինգ գերմանացիներ և յոթ ռուսաստանցիներ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Նորվեգիայում և Սլովենիայում պահվող ութ ռուսաստանցիների դիմաց:

Կանգնած ազատ արձակվածների հարազատների կողքին՝ Բայդենը գործարքը որակեց «դիվանագիտական սխրանք»:

«Բազմաթիվ երկրներ են օգնել ի կատար ածել սա: Իմ խնդրանքով նրանք միացել են բարդ բանակցությունների, և անձամբ կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հայտնի է, որ Կրեմլում առաջինը պահանջում էին ազատ արձակել Վադիմ Կրասիկովին, ով, ըստ տեղեկությունների անձամբ ծանոթ է Պուտինին և ով մարդասպանության համար դատապարտված էր Գերմանիայում:

Ամերիկացիներից Փոլ Ուիլանն էր, որ ամենից երկարն է անցկացրել ռուսաստանյան բանտում: 2018 թվականին Մոսկվայում ձերբակալված վետերանը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ լրտեսության մեղադրանքով, ինչը նա և ԱՄՆ կառավարությունը հերքել են:

The Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը նույնպես բանտարկվել էր լրտեսության մեղադրանքով, ինչը նա նույնպես հերքել է: Լրագրողը բանտում անցկացրեց 490 օր։ Մեկ այլ լրագրող՝ «Ազատության» աշխատակից Կուրմաշևան բանտում մնաց մոտ 10 ամիս։ Մոսկվան մեղադրում էր լրագրողին «օտարերկրյա գործակալների մասին» ռուսաստանյան օրենքը խախտելու մեջ։

«Մեր բազմաթիվ լրագրողների համար շատ ռիսկային է [մեր աշխատանքը]։ Նրանք, իրոք, առաջնագծում են և մշտապես վտանգի տակ են դնում իրենց կյանքը»,- ասել է «Ազատության» արտաքին կապերի պատասխանատու Դայան Զելենին։

Դիտորդների խոսքով, ռուսաստանյան իշխանությունների կողմից Կրեմլի քննադատների ու իշխանությունների հետ կապ չունեցող լրագրողների շարունակվող թիրախավորումն աստիճանաբար սահմանափակում է Ռուսաստանից իրականությունն արտացոլող տեղեկության ստացումը։

Լիամ Սքոթ, Քրիսթինա Քայսեդո Սմիթ, Ջեսիքա Ջերիթ, «Ամերիկայի ձայն»

XS
SM
MD
LG