Զուգահեռաբար՝ «Ախմատ» հատուկ նշանակության զորամիավորման հրամանատար Ապտի Ալաուդինովը հաստատել է, թե չեչնական գնդի հինգ զինվորներ գերի են ընկել Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի դեմ մարտերի ժամանակ։
Ուշադրություն է գրավում, որ ուկրաինական հարձակումից ավելի քան մեկ շաբաթ անց էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում որևէ խոսք չկա ուկրաինացիների կողմից զբաղեցրած որևիցե ռուսաստանյան բկավավայրի ազատագրման կամ ռուսական բանակի առաջխաղացման մասին։
Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշել էր, որ տարածաշրջանի 28 բնակավայրեր շարունակում են մնալ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
Ուկրաիանական Deep State տեղեկատվական հարթակի համաձայն՝ Ուկրաինայի զինուժի գրաված բնակավայրերի թիվը կարող է հասնել 44-ի, ներառյալ՝ Սուջա քաղաքը, որից քիչ այն կողմ դեպի Եվրոպա հոսող գազի բաշխիչ կայանն է։
Ի հավելումն՝ երեկ X սոցհարթակի իր էջում արված գրառմամբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրեց, թե ուկրաինական զինուժն այլևս վերահսկում է ռուսաստանյան 74 բնակավայր:
Միաժամանակ՝ Կուրսկի և հարակից Բելգորոդի մարզերի սահմանային շրջաններից շարունակվում է խաղաղ ռուսաստանցիների տարհանումը։ Որոշ տարածքներ բնակիչները ամբողջությամբ են լքել։ Երկուշաբթի օրվա դրությամբ միայն Կուրսկի մարզից տարհանվել էր ավելի քան 120 հազար մարդ։
Այս ամենին ֆոնին՝ Կիևը հայտարարել է, թե մտադիր չէ պահել Կուրսկի մարզի գրավված տարածքները՝ ընդգծելով, որ ուկրաինական զորքերի գործողությունները Ռուսաստանի տարածքում «բացարձակապես օրինական են»։
«Ուկրաինան շահագրգռված չէ Կուրսկի շրջանի տարածքը զավթելու մեջ...։ Ուկրաինայի այս գործողությունները բացարձակապես օրինական են»,- ասուլիսին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
Վաշինգտոնում գործղ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան վերահսկում է Կուրսկի մարզի առնվազն 800 քառակուսի կիլոմետրը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու ներկայացմամբ, այդ թիվը կազմում է գրեթե հազար քառակուսի կիլոմետր, ինչի մասին նա զեկուցել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։
Ստեղծված իրավիճակի պատճառը Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անկարողությունն է ճիշտ արձագանքել զարգացումներին՝ նշել է Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի քաղաքագետ Ալեքսեյ Մելնիկը։
«Չնայած ուկրաինական զինված ուժերի գործողության մեկնարկից արդեն 7 օր է անցել, սակայն Կրեմլի արձագանքը տակավին հեռու է իրականությունից։ Օրինակ, Պուտինը շարունակում է ուկրաինական տազմուժի գործողությունը անվանել «սադրանք»։ Գործողության երրորդ օրը Կուրսկի մարզում արտակարգ դրություն հայտարարվեց։ Թեև, հիշեցնեմ, դրանք ռազմական գործողություններ են, ոչ թե բնական աղետ։ Հաջորդ քայլով հակահաբեկչական ռեժիմ սահմանվեց, ինչը հանգեցրեց ուժայինների իրավունքների ընդլայնմանը և քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը։ Սա է Ռուսաստանի կառավարության արձագանքը ռազմական սպառնալիքին»,- ասում է Մելնիկը։
Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց․ «Օրինակ, երբ Կուրսկի մարզպետի պաշտոնակատարը Պուտինին սկսեց զեկուցել իրական իրավիճակը, և երբ պաշտոնյան խոսում էր Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման և նրանց գրաված բնակավայրերի մասին, Պուտինը անմիջապես ընդհատեց նրան: Կրեմլի ղեկավարը չի ցանկանում վատ լուրեր լսել։ Եթե չես ցանկանում իմանալ ճշմարտությունը, ինչպիսին էլ որ այն լինի, ապա համարժեք լուծումներ չես կարող տալ»։
Ալեքսեյ Մելնիկի կարծիքով՝ ռուսական բանակն այժմ կա՛մ չունի պահեստային անհրաժեշտ ուժեր, որոնց կարելի է անհապաղ ներգրավել Կուրսկի մարզում ծավալվող ռազմական գործողություններին, կա՛մ նման ռեսուրսները պահվում են ավելի վատ օրվա համար, և մտավախություն կա, թե Կիևը կարող է հարվածել այլ հատվածում։
Պատճառները, որ ռուսական կողմը մեկ շաբաթ անց էլ չկարողացավ դուրս մղել Ուկրաինայի զինված ուժերը, օբյեկտիվ են՝ կարծիք է հայտնում իսրայելցի ռազմական փորձագետ Դավիթ Շարփը՝ ընդգծելով, թե ռուսական կողմը լիովին անպատրաստ էր ուկրաինական հարձակմանը։
«Ռուսական բանակը ձեռքի տակ չուներ մանևրելու ոչ մի ռեզերվ, որը կարող էր արագ տանել մարտի: Ուկրաինացիները շատ մանրակրկիտ էին նախապատրաստվել գործողությանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը անակնկալի բերելն էր»,- ասում է Շարփը։
Ռազմական փորձագետի ներկայացմամբ՝ այսօր դեռ շատ բան կախված է ուկրաիանական կողմից, որը իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը և չի պատրաստվում զիջել այն․ «Թեև իրավիճակը աստիճանաբար կայունանում է և ուկրաինական զինված ուժերի առաջխաղացման նախկին տեմպերն այլևս չկան, սակայն պետք է հասկանալ, որ ում ձեռքում նախաձեռնությունն է, նա էլ առավելություն ունի։ Առայժմ ուկրաինացիներն արդյունավետ են գործում»։
Այս ամենին ֆոնին՝ ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենտալը օրերս Կիևում նախագահ Զելենսկու հետ առանձնազրույցից հետո Բայդենի վարչակազմին կոչ են արել վերացնել ԱՄՆ կողմից մատակարարվող զենքի նկատմամբ դեռ առկա սահմանափակումները։
Ամերիկյան հեղինակավոր RAND կորպոռացիկայի ավագ գիտաշխատող Ուիլյամ Քորթնին, ով ժամանակին ԱՄՆ դեսպանն էր Վրաստանում և Ղրղզստանում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է, որ «մինչ օրս ուկրաինական այդ գործողությունը ապշեցուցիչ հաջողության է հասել և նման է Խարկովի մարզի մեծ մասի ազատգրմանը ռուսաստանցի օկուպանտներից 2022 թվականին»։
«Նախ՝ գործ ունենք ուկրաինական կողմի ռազմական խորամանկության հետ, որը կարողացավ սահմանի մոտ կուտակել զգալի ուժեր և քողարկել այն։ Երկրորդ՝ Ռուսաստանը թերագնահատեց Ուկրաինայի հարձակողական ներուժը»,- ասել է Քորթնին։
Վաշինգտոնում գործող Ռազմա-ծովային ուժերի գործողությունների վերլուծության կենտրոնի Ռուսաստանի գծով փորձագետ Մայքլ Պետերսոնի կարծիքով՝ Ուկրաինայի հաջողության պատճառը նաև այն հանգամանքն է, որ նախորդ տարիներին ռուսական բանակն առավելապես կենտրոնացած էր Ուկրաինայի օկուպացրած տարածքները պաշտպանելու ուղղությամբ՝ աչքաթող անելով Ռուսաստանի սահմանամերձ շրջանները
«Կա՛մ Մոսկվան չէր կանխատեսել նման հարձակում, կա՛մ նկատել էր ուկրաինական զորքերի կլուտակումը, բայց եկել էր այն եզրակացության, թե դրանք վտանգ չեն ներկայացնում»,- ասել է Պետերսոնը։
Ամերիկյան հեղինակավոր՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Փոլ Սթարեսը այն կարծիքին է, թե Մոսկվայում համոզված էին, որ ուկրաինական ուժերը ձգված են սահմանի երկայնքով, կենտրոնացած չեն մեկ վայրում, որպեսզի իրականացնեն նման հարձակում։
«Այդ պատճառով Կուրսկում՝ սահմանը պաշտպանող ռուսական զորքերի քանակն ու որակը համեմատաբար ցածր է եղել։ Գերի ընկած ռուս զինվորականները կարող են փոխանակվել ուկրաինացի գերիների հետ, և եթե Ռուսաստանը փորձի վերադարձնել օկուպացված տարածքը, մեծաքանակ զոհեր կպահանջվեն»,- նշել է Սթարեսը։
Ուիլյամ Քորթնին խոսեց նաև այն հնարավոր խնդիրների մասին, որ կարող են ծագել Ուկրաինայի զինված ուժերի առջև․ «Կուրսկի ուղղությամբ ռուսական ռազմուժի կուտակումները կարող են, ի վերջո, զգալի կորուստներ պատճառել ուկրաինական կողմին»:
Իր հերթին՝ Մայքլ Պետերսոնը անդրադարձել է «նման գործողություններին բնորոշ նյութատեխնիկական խնդիրներին», որ կարող են բախվել ուկրաինական ուժերը։
«Եթե Ուկրաինան չկարողանա պահպանել մատակարարման գծերը, ապա նրա ներթափանցման շրջանը կսահմանափակվի և, գուցե, սկսի կրճատվել։ Բացի այդ, եթե ռուսական զորքերը շարունակեն հարձակումը Դոնբասում, դա կարող է ստիպել Ուկրաինային տեղափոխություններ կատարել ռազմաճակատում»,- ասել է Պետերսոնը։
Փոլ Սթարեսը համաձայն է. «Հնարավոր է՝ Ուկրաինան դժվարություններ ունենա Կուրսկում՝ հաշվի առնելով ուկրաինական զինուժի կարիքները արևելքում և հարավում, որտեղ ռուսական զորքերը շարունակում են հարձակումները: Կուրսկի գործողության հաջողությունը կարող է անցողիկ լինել, սակայն այն բարձրացրեց ուկրաինացի ժողովրդի ոգին»:
«Ցավոք՝ ռազմական առումով այս հարձակումը մեծ հեռանկարներ չի ունենա, եթե Ռուսաստանը բավարար ռեսուրսներ կուտակի այդ ուղղությամբ, բայց քաղաքական առումով արդյունքն արդեն տեսանելի է։ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական հարձակումը նվաստացրել է Պուտինին ու նրա ռեժիմը և կարող է [Ռուսաստանում] թուլացնել աջակցությունը Պուտինի վարած քաղաքականությանը»,- նշել է Ուիլյամ Քորթնին:
Սթարեսը հավելել է․ «Պուտինի այն պնդումները, թե «ուկրաինական ուժերը թույլ են, անարդյունավետ և փլուզման եզրին, այս գործողության շնորհիվ ուղղակի ի չիք դարձան»: