Մատչելի հղումներ

Տնտեսական հարցերն առավել շատ են հուզում ամերիկացի ընտրողներին


Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը
Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը

ԱՄՆ-ում ընտրություններին հաշված շաբաթներ են մնացել, և երկրի նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը պատրաստվում են իրենց առաջին հեռուստաբանավեճին։ Առանցքային հարցերը նաև առնչվելու են երկրի տնտեսությանը։

Դոնալդ Թրամփը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում քննադատել Քամալա Հարիսին հատկապես տնտեսական հարցերում:

«Ահա այն, ինչ գիտենք ընկեր Քամալա Հարիսի մասին: Նա ուղղակի թքած ունի ամերիկացիների, հատկապես աշխատավորների կամ միջին դասի ամերիկացիների վրա: Պարզապես չի մտածում նրանց մասին»,- ասում է Թրամփը:

Հարիսի նախընտրական քարոզարշավի ընթացքում հակադարձում են՝ հե՛նց Թրամփն է վնասել աշխատավոր ամերիկացիներին՝ նրանց շահերը ստորադասելով կորպորացիաների եկամուտներին, երբ կրճատում էր վերջիններիս հարկային պարտավորություները:

Հարիսն ու Թրամփը քննադատում են միմյանց՝ տնտեսությանը վերաբերող մոտեցումների համար
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

«Միջին խավի ստեղծումը իմ նախագահության առանցքային նպատակն է»,- ասում է Հարիսը:

Գաղտնիք չէ, որ տնտեսական հարցերը ամենից շատ են գրավում ընտրողների ուշադրությունը, և Հարիսն այս հարցերում պետք է հստակորեն արձագանքի մարդկանց կարիքներին՝ կարծիք է հայտնում քաղաքական մեկնաբան Հենք Շեյնկոֆը:

«Նա պետք է բացատրի, թե ինչու են մարդիկ ավելի շատ վճարում գազի դիմաց, և ինչու են հացի գներն այսօր այդպիսին, ինչպես նաև՝ ինչու են արտադրողները թանկացրել ապրաքների գները»,- նշում է Շեյնկոֆը:

ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսն պնդում է՝ Հարիսի օգտին քվեարկելը նշանակում է ԱՄՆ-ում ավելի շատ աշխատատեղեր կորցնել:

«Մտածե՛ք այն շահերի, բյուրոկրատիայի, այն մարդկանց մասին, ովքեր հարստացել են՝ ձեր աշխատատեղերը տեղափոխելով Չինաստան: Նրանք ուզում են, որ ընտրվի Քամալա Հարիսը: Նրանց հաղթելու և նրանց դեմն առնելու միակ միջոցը քվեաթերթիկն է․․․ այս նոյեմբերին»,- ասում է Վենսը։

Իր հերթին՝ ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների թեկնածուն՝ Թիմ Ուոլցը պնդում է, որ իրենք վճռական են պաշտպանելու ամերիկացի աշխատավորների շահերը:

«Դոնալդ Թրամփի ու Ջեյ Դի Վենսի մտքում այլ բան է: Միակ բանը, որ նրանք գիտեն աշխատավոր մարդկանց մասին, այն է, թե ինչպես օգտագործել նրանց, ինչպես չվճարել նրանց»,- հայտարարում է Ուոլցը:

Ինչևէ, նախընտրական պայքարը միայն թեժանում է: Հասարակական կարծիքի հարցումների մեծամասնությունը ցույց է տալիս, որ Հարիսն այլևս առավելություն ունի Թրամփի նկատմամբ:

Միչիգանի բնակիչ Դեյվիդ Մարտինեսը սատարում է Թրամփին։

«Նա, իրոք, ամերիկացի հայրենասեր է: Կարծում եմ, ավելի շատ մտածում է այս երկրում ապրող մարդկանց մասին, քան իր մասին: Այն ամենը, ինչ նա անում է, ․․․ փորձում է ինչ-որ մեկին օգնել»,- ասում է Մարտինեսը:

Ջորջիայի բնակվող Բեքա Ռաշը պաշտպանում է Հարիսին:

«2024 թվականն է։ Մեզ թարմ մարդիկ են պետք, և մեզ պետք է ավելի պայծառ ապագա»,- ասում է Ռաշը:

Ինչպես ասացինք, արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Հարիսն ու Թրամփը հանդիպելու են հեռուստաբանավեճի ժամանակ, և ենթադրվում է քարոզարշավի տեսանկյունից անչափ կարևոր այդ իրադարձությանն ընդառաջ՝ թեկնածուներն իրենց ժամանակի մեծ մասը հատկացնելու են նախապատրաստությանը։

XS
SM
MD
LG