Իրանական առաջատար հրթիռները, որոնք Թեհրանը կարող է օգտագործել Իսրայելին թիրախավորելու համար, պակաս ճշգրիտ են, քան ներկայացվում էր` ասված է փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակել է Associated Press-ը:
Ոլորտի մասնագետները եկել են նման եզրակացության ամիսների անց, երբ այս ապրիլին իրանական կողմը հրթիռների ու անօդաչուների կիրառմամբ գրոհեց հրեական պետությունը, սակայն մի քանի հարյուր խոցող միջոցներից ընդամենը մի քանիսը հասան իրենց նպատակակետին` նաև ԱՄՆ ու դաշնակիցների իրականացրած հակաօդային պաշտպանության շնորհիվ։
«Ջեյմս Մարտին» հետազոտական կենտրոնի վերլուծաբաններն ուսումնասիրել են Նեգև անապատում` Երուսաղեմից մոտ 65 կիլոմետր հարավ գտնվող «Նևաթիմ» ավիաբազային ուղղված իրանական հարվածը, որի ժամանակ կիրառվել է «Էմադ» հրթիռը` ստեղծված հյուսիսկորեական տեսակի հիման վրա։
Ենթադրելով, որ ապրիլյան գրոհի ընթացքում Իրանը նպատակ է ունեցել թիրախավորել իսրայելական F-35 կործանիչների անգարները՝ «Ջեյմս Մարտինի» վերլուծաբանները չափել են անգարների և հրթիռային հարվածների տեղերի միջև եղած հեռավորությունը: Միջինը այն կազմել է մոտ 1,2 կիլոմետր։
Այս թիվը անհամեմատ մեծ է, քան մինչ այդ եղած գնահատականների թիվն էր, ըստ որոնց «Էմադը» կարող է «սխալվել» ոչ ավելի, քան 500 մետր, իսկ երբ խոսքը հասնում է իրանական ներկայացուցիչներին, նրանք պնդում էին, թե իրենց առաջատար հրթիռներից մեկը կարող է շեղվել նպատակակետից ընդամենը 50 մետր։
Այնինչ, կրկնենք, «Էմադ» հրթիռների շեղումը միջինում 24 անգամ ավելի մեծ է եղել։
Իսրայելի դեմ գրոհի ժամանակ իրանական բազմաթիվ հրիթռներ են խոցվել
Գաղտնիք չէ, որ հրեական պետոթյան դեմ Թեհրանի ապրիլյան գրոհը հետ մղելու գործում էական դեր են խաղացել ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Հորդանանը՝ խոցելով իրանական բազմաթիվ հրթիռներ ու անօդաչուներ։
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ խոցել են հարվածային 80 անօդաչուներ և առնվազն 6 բալիստիկ հրթիռներ: Արդյունավետ է գործել նաև իսրայելական հակաօդային պաշտպանությունը, թեև հրթիռների 99%-ը խոցելու նախնական հավաստիացումը, պարզվեց, չափազանցություն էր:
Associated Press-ի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ իրենց գնահատմամբ՝ Իսրայելի կողմ արձակված իրանական հրթիռների 50%-ը ձախողվել է արձակման ժամանակ կամ կործանվել է նախքան թիրախին հասնելը, ինչը, անշուշտ, լրացուցիչ հարցեր է առաջացնում Իրանի հրթիռային զինանոցի կարողությունների վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, իսլամական հանրապետությունը ընդհանուր սահման չունի Իսրայելի հետ, և երկու երկրները միմյանցից շուրջ հազար կիլոմետր հեռավորության վրա են: Այս հանգամանքը կարևորություն է հաղորդում, թե, իրականում, հեռահար հարվածներ հասցնելու ինչ կարողություններ ունեն կողմերը։ Որքան հեռու են թիրախները, այնքան ավելի լուրջ հետևանքներ են ունենում, օրինակ, հրթիռի արձակման ժամանակ ի հայտ եկած անգամ աննշան սխալները ու խնդիրները՝ չհաշված քամու և եղանակային այլ ազդեցությունները:
Գաղտնիք չէ, որ Իրանին կարող են աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում գործող և նրա աջակցությունը վայելող տարաբնույթ ուժերը՝ Գազայում իշխող «Համասը», Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահը» և Եմենի հութիները: Այսօր էլ բոլոր երեք ուժերը ռազմական գործողություններ են վարում Իսրայելի դեմ։
Այնուամենայնիվ, այս ապրիլին Իսրայել;ի դեմ տեղի ունեցած իրանական հրթիռային ու անօդաչուների գրոհների ցածր արդյունավետությունը, ինչպես ասացինք, լուրջ հարցեր է բարձրացնում թե արրդյոք Թեհրանն, իրոք, ի վիճակի է ծանր հարվածներ հասցնել հրեական պետությանը։
Իսկ մինչ այդ՝ Թեհրանում շարունակում են սպառնալիքներ հնչեցնել Իսրայելի հասցեին, նաև նախազգուշացբել միջազգային հանրությանը, թե կարող են միջուկային զենք ստեղծել: