Մատչելի հղումներ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի 9 շրջաններ


Լվովում ռուսական անօդաչուների և հրթիռային հարձակման հետևանքները
Լվովում ռուսական անօդաչուների և հրթիռային հարձակման հետևանքները

Նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել

Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի ինը շրջաններում գտնվող էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարել են ուկրաինացի պաշտոնյաները։

Հարվածները հասցվել են Լվովի, Սումիի, Խարկովի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի էներգետիկ օբյեկտներին, հաղորդում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը Telegram-ում։

Կրիվոյ Ռոգում հարվածների հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 10-ամյա երեխա, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանի ոստիկանության պետ Սերգեյ Լիսակը։ Նա հավելել է, որ վնասվել են չորս ուսումնական հաստատություններ, հյուրանոց, դեղատուն և խանութներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ խոցել են 13 հրթիռներից 7-ը և ռուսական 29 անօդաչու թռչող սարքերից 22-ը:

Ուկրաինական «Ուկրէներգո» ցանցի օպերատորը Telegram-ում հայտնել է, որ չորեքշաբթի օրը ավելացնում է վթարային անջատումների թիվը, որոնք մտցվել են օգոստոսի 26-ին էներգետիկ ոլորտին ռուսական օդային հարվածից հետո: Այս քայլը բացատրվում է արտադրող հզորության նվազմամբ։

Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը նշում է, որ կրիտիկական ենթակառուցվածքները խոցվել են նաև Ուկրաինայի արևմտյան շրջաններում՝ Իվանո-Ֆրանկիվսկում, Տերնոպոլիում և Վոլինում, որոնք գտնվում են մարտական հիմնական ճակատներից հեռու։

Անցած գիշեր ռուսական անօդաչուներն ու հրթիռները Լվովում 7 մարդու կյանք են խլել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքերը վնասվել են:

Անցյալ երեքշաբթի Ռուսաստանը հարվածներ հասցրեց Պոլտավայի ռազմական վարժարանին: Մահացել է ավելի քան 50 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ դաշնակիցները կարող են օգնել դադարեցնել «ահաբեկչությունը»՝ տրամադրելով ավելի շատ հակաօդային պաշտպանության հնարավորություններ և կրկին կոչ է արել Կիևի դաշնաիցներին՝ թույլ տալ հեռահար արևմտյան զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում:

«Յուրաքանչյուր ոք, ով համոզում է գործընկերներին ավելի շատ հեռահար զենք տրամադրել Ուկրաինային ահաբեկչությանը պատասխանելու համար, աշխատում է կանխել ռուս ահաբեկիչների կողմից ուկրաինական քաղաքների վրա հենց նման հարձակումները», - ասել է Զելենսկին:

Նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել։

«Այս հարվածները ողբերգական հիշեցում են Պուտինի՝ ազատ ժողովրդի կամքը կոտրելու շարունակական և աղաղակող փորձերի մասին։ Բայց արդեն երկուսուկես տարի է, ինչ Ուկրաինայի ժողովուրդը անդրդվելի է։ Եվ Միացյալ Նահանգները կշարունակի կանգնել նրանց կողքին, այդ թվում՝ տրամադրելով հակաօդային պաշտպանության համակարգեր և հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իրենց երկիրը պաշտպանելու համար», - ասել է Բայդենը երեքշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ: «Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում: Ուկրաինայի ժողովուրդը հաղթելու է: Եվ այս ողբերգական օրը և ցանկացած այլ օր Միացյալ Նահանգները նրա կողքին են»:

Վերջին 10 օրվա ընթացքում Ռուսաստանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչուներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ:

Չորեքշաբթի օրը Լեհաստանը ութ օրվա ընթացքում 3-րդ անգամ օդ է բարձրարցրել իր ռազմական ինքնաթիռները՝ ապահովելու իր օդային տարածքի անվտանգությունը, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

XS
SM
MD
LG