Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հեռահար հարվածներ հասցնել միմյանց


Ուկրաիանա, պատերազմ
Ուկրաիանա, պատերազմ

Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են որսալ կամ ոչնչացնել ուկրաինական 158 անօդաչուներ:

Սոցցանցերում տարածված այս տեսանյութն, օրինակ, պատկերում է այն պահը, երբ հրթիռը հարվածում է Ուկրաինայի Խարկով քաղաքին։

Քաղաքային իշխանությունների համաձայն՝ Խարկովին հասցված ռուսական հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Հավելում են՝ թվերը կարող են աճել:

Մյուս կողմից՝ ռուսական իշխանությունների հաղորդմամբ՝ իրենց ուժերը կարողացել են անցած շաբաթ-կիրակի օրերին ոչնչացնել ուկրաինական 158 անօդաչուներ:

Այդուհանդերձ, ռուսաստանցի պաշտոնյաները խոսոտվանել են, թե ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով հրդեհ է բռնկվել մերձմոսկովյան նավթավերամշակման գործարանում։ Ճի՛շտ է, ըստ ռուսական կողմի, պատճառը՝ խոցված անօդաչուների՝ երկնքից թավող բեկորներն են եղել։

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հեռահար հարվածներ հասցնել միմյանց
please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00

Հաղորդվում է նաև, որ վնասվել է Ռուսաստանի կենտրոնական մասում գտնվող խոշորագույն էլեկտրակայաններից մեկը:

Այս ամենից օրեր առաջ էր, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ողջունեց իր ուկրաինացի գործընկերոջը Պենտագոնում՝ խոստանալով շարունակել Կիևին ցուցաբերվող ամերիկյան օգնությունը:

«ԱՄՆ-ն չի երկմտի ազատ, ինքնիշխան Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։ Շուրջ 50 դաշնակիցների և գործընկերների հետ միասին՝ Միացյալ Նահանգները շարունակելու է ապահովել այն կարողությունների [մատակարարումը], որոնք ձեզ անհրաժեշտ են Կրեմլի ագրեսիային դիմագրավելու համար»։

Զուգահեռաբար՝ Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ուկրաինային աջակցող երկրներին վերացնել այն սահմանափակումները, որոնք արգելում են ուկրաինական զինուժին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին:

Իր հերթին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ոչնչացրել է ուկրաինական զինուժի զինամթերքի պահեստը Սումիի մարզում:

Ուկրաինական կողմի ներկայացմամբ՝ գիշերային հարձակումների հետևանքով զոհվել են երկու կին, վիրավորվել է առնվազն 11 մարդ:

Այս ամենի ֆոնին՝ ուկրաինական զինուժում կադրային վերադասավորումներ են։

«Որոշել եմ փոխել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին…։ Պենք է հզորանանք, հոգ տանենք մեր ժողովրդի մասին, հոգ տանենք մեր անձնակազմի մասին, հոգ տանենք մեր բոլոր մարտիկների մասին։ Փառք Ուկրաինային»,- ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիյն։

Գաղտնիք չէ, որ ուկրաինացի բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկությանը նախորդել էր ուկրաինական F-16 ռազմական ինքնաթիռի կործանումը։

Ինչևէ, ռուսական ռազմուժի օդային գրոհները շարունակում են լուրջ սպառնալիք հանդիսանալ ուկրաինական կողմի համար, և երկրի օդային սահմանները պաշտպանելուն կամավոր միացել են նաև ուկրաինացի կանայք՝ ստեղծելով

«Բուչայի կախարդները» հատուկ ստորաբաժանումը, որի նպատակն է Ուկրաինան գրոհող ռուսական անօդաչուների ոչնչացումը։

XS
SM
MD
LG