Նախորդ օրերին Գազայից եկող լուրերը փոքր-ինչ հուսադրող են. պոլիոմիելիտի տարածման դեմ ՄԱԿ-ի նախաձեռնած պատվաստումները գերազանցել են սահմնաված նպատակը, քանի որ պատվաստվել է պաղեստինյան այդ տարածքի խոցելի երեխաների մեկ քառորդը:
Սակայն ոլորտի պատասխանատուների խոսքով՝ պատվաստումների համար Իսրայելի սահմանած հրադադարի ժամանակահատվածը բավարար չէ:
«Իրական առաջընթաց գրանցելու համար զինադադար է անհրաժեշտ, և պետք է սկսել պատշաճ՝ խաղաղության հաստատման գործընթաց ու առաջ շարժվել»,- ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ռիկ Պիպերկորնը:
Գազայում հակամարտության բռնկումից գրեթե մեկ տարի անց հետհյալ պատկերն է՝ երկու կողմերում էլ առկա է դժգոհություն։ Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքում են, թե Բենիամին Նեթանյահուի կառավարությունը չի կարողանում փրկել պատանդներին, և օրերս վեց պատանդների մարմինների հայտանբերումը դրա վկայությունն է։ Պաղեստինցիները տառապում են Գազայում շարունակվող արյունահեղության և ավերածությունների պատճառով:
Անթաքույց դժգոհություն են հայտնում նաև Վաշինգտոնում։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը ամիսներ է, ինչ փորձում է հմաձայնություն կայացնել Իսրայելի ու «Համասի» միջև։ Թեև Սպիտակ տանը լավատես են և հույսը չեն կորցնում, սակայն Բայդենը վերջերս ակնարկեց առկա խոչընդոտների մասին:
Երեքշաբթի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները փոխանցեցին, թե իրենք «դեռ աշխատում են» Եգիպտոսի և Կատարի հետ՝ համաձայնության հասնելու համար, որն, ըստ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի, պարունակում է երեք տարրեր:
Քիրբին, սակայն, հրաժարվեց մանրամասներ հայտնել:
«Աշխատում ենք առաջարկի վրա, որը կերաշխավորի պատանդների ազատ արձակումը և նախատեսելու է լայնամասշտաբ ու անհապաղ օգնություն Գազայի բնակչությանը, ինչպես նաև կհանգեցնի մարտերի դադարեցմանը»,- ասել է Ջոն Քիրբին:
Դիտորդների խոսքով՝ կողմերը չեն թաքցնում իրենց մտավախությունները: «Համասը», որին ԱՄՆ-ն ու դաշնակիցները ճանաչել ահաբեկչական կառույց, մտահոգված է, որ համաձայնության հետևանքով իր դիրքերն ու ազդեցությունը պաղեստինյան տարածքներում կթուլանան։ Իսրայելը ձգտում է պահպանել վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ: Սակայն մտահոգված են նաև Վաշինգտոնում, որովհետև համաձայնության հասնելը կարող է ձախողվել:
«Եթե բանակցենք ու չկարողանանք ճնշում գործադրել մեր դաշնակիցների վրա՝ հանուն նրանց ու տարածաշրջանի բարօրության, ապա վստահ չեմ, որ որևէ մեկը կարող է ասել, թե մեր՝ [ԱՄՆ] ներգրավվածությունը արժեքավոր է»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Միրեթ Մաբրուկը:
Ինչևէ, չդադարող բանակցությունների, կողմերի շահերի ու մտահոգությունների ֆոնին՝ Գազայի հատվածում չեն դադարում մարտերն ու արյունահեղությունը, բայց նաև շարունակվում է կյանքը, և ծնվում են երեխաներ: