Տասնյակ հազարավոր իսրայելցիներ կիրակի գիշերը փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հայտնաբերվե են վեց պատանդների մարմիննե: Ցուցարարները վանկարկում էին "Հիմա և անհապաղ" ՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուից Համասի հետ հրադադարի համաձայնագիր կնքել՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար։
Զանգվածային ցույցը ամենամեծն էր վերջին 11 ամսվա ընթացքում, և ցուցարարներն ասացին, որ կարծում են, որ այն կարող է շրջադարձային կետ նշանակել՝ չնայած երկրի խորը պառակտմանը:
Իսրայելի ամենամեծ արհմիությունը՝ «Հիստադրութ»-ը, լրացուցիչ ճնշում գործադրեց կառավարության վրա՝ երկուշաբթի օրը համընդհանուր գործադուլ հրավիրելով, որն առաջինն էր հոկտեմբերի 7-ի հարձակումից հետ: Գործադուլի նպատակն է դադարեցնել կամ խաթարել տնտեսության առանցքային ոլորտների աշխատանքը, այդ թվում՝ բանկային համակարգը, առողջապահությունը, երկրի գլխավոր օդանավակայանը։
Հրադադարի շուրջ բանակցությունները ձգձգվում են արդեն մի քանի ամիս։ Շատերը մեղադրում են Նեթանյահուին այն բանի համար, որ չկարողացավ հասնել համաձայնությա: Վարչապետը, սակայն, վարում է Համասի նկատմամբ «տոտալ հաղթանակի» ռազմավարություն, նույնիսկ եթե դրա հետևանքով ձգձգվի պատանդների վերադարձման շուրջ հրադադարի համաձայնությունը, և այդ ռազմավարությունը նույնպես զգալի աջակցություն է վայելում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ Համասը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն։
Հազարավոր մարդիկ կիրակի երեկոյան հավաքվել են Երուսաղեմում Նեթանյահուի գրասենյակի մոտ։ Թել Ավիվում պատանդների հարազատները քայլել են սպանվածներին խորհրդանշող դագաղներով։
Հաղորդվում է, որ հայտնաբերված վեց պատանդներից երեքը պետք է ազատ արձակվեին հուլիսին բանակցված հրադադարի առաջին փուլի շրջանակներում: Նրանցից մեկն ուներ երկքաղաքացիություն՝ Իսրայել և ԱՄՆ։
Զինվորականները հայտնել են, որ վեցն էլ սպանվել են իսրայելական ուժերի ժամանումից անմիջապես առաջ:
«Նա, ով սպանել է պատանդներին, համաձայնություն չի ուզում»,- ասել է Նեթանյահուն՝ մեղադրելով Համասին բանակցությունները փակուղի մցնելու մեջ։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ դիահերձումը պարզել է, որ պատանդների վրա կրակել են մոտ տարածությունից և նրանք մահացել են հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Զինվորականները հայտնել են, որ դիերը հայտնաբերվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի թունելում:
Համասն առաջարկել է ազատ արձակել պատանդներին՝ պատերազմի դադարեցման, Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման և մեծ թվով պաղեստինցի գերիների, այդ թվում՝ հայտնի գրոհայինների ազատ արձակման դիմաց։
Կառույցի բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ ալ-Ռիշքը ասել է, որ պատանդները կապրեին, եթե Իսրայելն ընդուներ ԱՄՆ-ի կողմից աջակցվող հրադադարի առաջարկը, որին Համասը համաձայնել է հուլիսին: