Իսրայելցիները ուշադրությամբ հետևում են ԱՄՆ նախընտրական մրցապայքարին, քանզի վստահ են՝ Միացյալ Նահանգները վճռորոշ դեր է խաղալու Գազայում հրադադարի հաստատման, պատանդների ազատ արձակման ու պաղեստինյան հողերում նոր կառավարության ձևավորման գործում:
Իսրայելում անցկացված մի քանի հարցումները ցույց են տալիս, որ իսրայելական հասարակական կարծիքը փոխվել է, հատկապես՝ նախորդ մեկ տարում:
«Հոկտեմբերի 7-ը իսրայելցիներին դարձրեց ավելի աջակողմյան: Երբ նրանք հետևում են ամերիկյան քաղաքականությանը կամ որևէ այլ [քաղաքական] զարգացման, [գործընթացը] ընկալում են ձախ-աջ բաժանման լույսի ներքո: Եվ սովորաբար շարժվում են դեպի այն կողմը, ում հետ ավելի շատ են նույնականանում։ Այս պարագայում այդ կողմը Դոնալդ Թրամփն է»,- ասել է Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Էլի Քուքը:
Your browser doesn’t support HTML5
Ներկայում Իսրայելում ապրում են ավելի քան 200 հազար երկքաղաքացիներ, որոնք ունեն ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություն, և շատերը մտադիր են քվեարկել ամերիկյան ընտրություններին:
Գաղտնիք չէ, որ հրեական պետությունը վաղուց ունի հատուկ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, և անցած տարվա հոկտեմբերից ի վեր՝ «Համասի» դեմ շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում, ԱՄՆ-ն մոտ 12,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Իսրայելին:
Բազմաթիվ իսրայելցիներ հիշում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, կարելի է ասել, վճռական գործողությունները՝ ի պաշտպանություն Իսրայելի, երբ հանրապետական գործիչը Սպիտակ տանն էր:
«Մարդիկ ասում են՝ նա Ամերիկայի դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ, ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, աջակցեց Իսրայելին, հատկապես՝ Իրանի դեմ պայքարում: Մարդիկ երախտապարտ են»,- ասել է «Շալոմ Հարթման» ինստիտուտի ներկայացուցիչ Ամոց Ասա-Էլը:
Դիտորդների խոսքով, իսրայելցիների մի զգալի հատված էլ գնահատում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի աջակցությունը, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվեց «Համասի» հարձակմանը, չնայած դեմոկրատների մի մասի բողոքներին:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կառույց:
Բայդեն նաև այցելեց Իսրայել՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից ընդամենը օրեր անց, հրեական պետությանը հատկացրեր ամերիկյան օգնության հսկայական փաթեթ և առանցքային դեր խաղաց այս ապրիլին Իսրայելը պաշտպանելու գործում, երբ Թեհրանը հարյուրավոր հրթիռներ արձակեց հրեական պետության դեմ:
Բայց, միաժամանակ, Բայդենի վարչակազմը որոշեց կասեցնել Իսրայելին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնության մի մասը, քանի որ Վաշինգտոնում մտահոգ են, թե ամերիկյան զենքը Գազայում ուղղվում է տեղի խաղաղ բնակիչների դեմ: Այդ քայլը լարվածություն առաջ բերեց Նեթանյահուի կառավարության հետ և ազդեց Իսրայելի հանրային կարծիքի վրա:
Թեև հարցումները ցույց են տալիս, որ իսրայելցիների մեծ մասը ցանկանում է, որ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոշ իսրայելցի դիտորդների անհանգստացնում է Թրամփի հնարավոր հաղթանակը:
«Համոզված չեմ, որ Թրամփի, ընդհանուր առմամբ, իսրայելամետ դիրքորոշումն ու հայտարարությունները ցույց են տալիս, թե ինչ ապագա է սպասվում։ [Այդ դիրքորոշումը] կարող է արագորեն փոխվել»,- ասել «Շալոմ Հարթման» ինստիտուտի ներկայացուցիչ Ամոց Ասա-Էլը։
Սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն։ Նախատեսվում է, որ հանրապետականների հրավերով նա ելույթ կունենա Կոնգրեսի զույգ պալատների առջև, ինչը ոմանք համեմատում են 2011 և 2015 թվականներին Կոնգրեսում Նեթանյահուի ունեցած ելույթների հետ, երբ նույնպես առկա էր լարվածություն Նեթանյահուի կառավարության և ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Օբամայի ու փոխնախագահ Բայդենի վարչակազմի միջև: