ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ։ Առջևում բանակցություններն են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:
Երկուշաբթի Եգիպտոս է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այցի նպատակն է մեծացնել ճնշումը «Համասի» և Իսրայելի նկատմամբ՝ Գազայում հրադադարի հասնելու և ռազմական գործողությունների տարածումը Լիբանանի ուղղությամբ կանխելու համար:
Բլինքենը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին։ Երկուշաբթի՝ ավելի ուշ կմեկնի Իսրայել, ուր նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի դեմ «Համասի» արյունալի գրոհից ի վեր սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի ութերորդ այցն է տարածաշրջան։ Բլինքենն այս շաբաթ կժամանի նաև Հորդանան և Կատար։
Հիշեցնենք, օրեր առաջ՝ մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրեց Իսրայելի առաջարկը՝ եռափուլ հրադադարի մասին, որը նախատեսում է ռազմական գործողությունների ավարտ, իսրայելցի պատանդների ու պաղեստինցի գերիների ազատ արձակում, ինչպես նաև Գազայի հատվածում վերականգնողական աշխատանքների մեկնարկ։
Առայժմ, Վաշինգտոնից հնչած առաջարկի տեսանելի արդյունքն է հրադադարի շուրջ բանակցությունների ակտիվացումը։ Չորեքշաբթի Կատարի մայրաքաղաք՝ Դոհայում ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել է միջնորդ երկրների՝ Կատարի և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Անցած կիրակի Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը հայտարարեց կոալիցիոն կառավարությունից դուրս գալու մասին։ Սպասվում է, որ Բլինքենը երեքշաբթի կհանդիպի Գանցին՝ հայտնել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:
Գանցի կենտրոնամետ կուսակցության հեռանալը կառավարությունից անմիջական վտանգ չի ներկայացնի Իսրայելի կառավարության համար, սակայն կարող է լուրջ հետևանքներ թողնել երկրի քաղաքական դաշտում՝ մեծացնելով Նեթանյահուի կախվածությունը ավելի կոշտ հայացքներ ունեցող ուժերից:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ուրբաթ հայտարարել է, որ այցի ընթացքում գործընկերների հետ Էնթոնի Բլինքենը կքննարկի հրադադարին հասնելու
ուղիները, ինչի արդյունքում կապահովվի բոլոր պատանդների ազատ արձակումը: ԱՄՆ պետքարտուղարը նաև ջանք է գործադրելու՝ հասնել «Համասի» կողմից Վաշինգտոնի առաջարկի ընդունմանը՝ հավելել է Միլլերը։