Մատչելի հղումներ

Բայդեն. «Այսօր աշխարհում ժողովրդավարությունն ավելի մեծ վտանգի առջև է, քան երբևէ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ելույթով՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1944 թվականի հունիսի 6-ին, Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում արևմտյան դաշնակիցների կողմից իրականացված ափհանման գործողության՝ D-Day-ի 80-ամյակի տոնակատարություններին:

Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ այսօր Ուկրաինա է ներխուժել «տիրապետության ձգտող բռնակալը», և որ ներկայում ժողովրդավարությունն ավելի մեծ վտանգի առջև է, քան երբևէ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո:

«Իզոլյացիոնիզմը պատասխանը չէր 80 տարի առաջ, և այսօր էլ պատախան չէ։ Մենք գլուխ չենք խոնարհի։ Չենք կարող հանձնվել ագրեսորին։ Դա աներևակայելի է։ Եթե մենք անենք այդ, մեր ազատությունը կավարտվի, ողջ Եվրոպան կհայտնվի սպառնալիքի տակ»,- Ֆրանսիայի հյուսիսային՝ Կոլվիլ-սյուր-Մեր բնակավայրում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Բայդենը։

ԱՄՆ նախագահն ու տարբեր երկրների ղեկավարներ հարգանքի տուրք են մատուցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընկածների հիշատակին և ի պատիվ ողջ վետերանների:

80 տարի առաջ այս օրը արևմտյան դաշնակիցների մոտ 160 հազար զինվոր (որոնցից 73 հազարը ամերիկացիներ էին) ափ դուրս եկան Նորմանդիա՝ լայնածավալ գրոհ ձեռնարկելով ֆաշիստական Գերմանիայի զորքերի դեմ: Այդ օրը մարտի դաշտում զոհվեցին դաշնակիցների 4 414 զինվորներ, այդ թվում՝ 2 501 ամերիկացի։ Ավելի քան 5 հազարը վիրավորվեցին։

Երկրորդ աշխարամարտի վետերանների թիվը տարեցտարի նվազում է․ նրանցից շատերն արդեն բոլորել են իրենց 100-ամյակը, և յուրաքանչյուր տարի՝ D-Day-ին նվիրված միջոցառումներին կարելի է նկատել, որ վետերանների շարքերը նոսրանում են։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, հանձնել է 103-ամյա Քրիստիան Լամբին՝ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կանանց ստորաբաժանման անդամին, ով օգնել է ափհանումը ծրագրելու գործում:

Կոլվիլ-սյուր-Մերում տեղի ունեցած արարողության ժամանակ Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան շնորհեց նաև ամերիկացի վետերաններին: Նրանցից շատերն անվասայլակներով էին։

«Այսօր դուք կրկին այստեղ եք՝ տանը»,- անգլերենով հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, թե իր երկիրը չի մոռանա նրանց գործը։

Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենն էր հանդիպել վետերաններին, և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ լուսանկարվել նրանց հետ։ Նախագահը յուրաքանչյուրին նվիրել է հատուկ հուշամեդալ։

Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ Երկրորդ աշխարմարտի ժամանակ դաշնակից տերությունների ներկայիս ղեկավարները, հարգանքի տուրք են մատուցել արևմտյան զինվորների հիշատակին, որոնք 80 տարի առաջ այս օրը ափ դուրս եկան Նորմանդիայում:

«Հիշում ենք այն դասը, որը տասնամյակների ընթացքում կրկնվում է։ Ազատ ժողովուրդները պետք է միավորվեն բռնապետությանը դիմակայելու համար։ Եկեք աղոթենք, որ նման զոհաբերություն այլևս երբեք չլինի»,- ասել է Մեծ Բրիտանիայի միապետը:

«Այսօր ժողովրդավարությունը տակավին վտանգված է։ Սսպառնում են ագրեսորները, որոնք ցանկանում են վերագծել սահմանները»,- նշել է Կանադայի վարչապետը:

Դիտորդների ներկայացմամբ, նորմանդական գործողությանը նվիրված տոնակատարությունները, կարծես, նոր իմաստ են ստացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծված պատերազմի ֆոնին, որը Եվրոպայում ամենից լայանածավալ ռազմական գործողությունն է Երկրորդ աշխարհամարտից հետո:

Միջոցառման հյուրերի թվում էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

XS
SM
MD
LG