Մատչելի հղումներ

Լեհաստանը Բելառուսից ներգաղթյալների հոսքերը դիտարկում է որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն


Ներգաղթյալները` լեհ-բելառուսական սահմանին
Ներգաղթյալները` լեհ-բելառուսական սահմանին

Լեհ-բելառուսական սահմանին զինվորների և ներգաղթյալների միջև վերջին բախումները ստիպել են Լեհաստանի կառավարությանը ուժեղացնել անվտանգությունը և այս շաբաթ [հունիսի 4-ին] վերականգնել 200 մետրանոց բուֆերային գոտին:

Լեհաստանի և Բելառուսի սահմանին Բիալովեզա անտառը, որը հայտնի է զբոսաշրջիկներին և բնության սիրահարներին, դարձել է լեհ զինվորականների և միգրանտների միջև վերջին բախման վայր, ինչը Լեհաստանին դրդել է վերականգնել 200 մետրանոց բուֆերային գոտին:

Տարածքը մասամբ բաժանվել է այս ցանկապատով 2021 թվականից, երբ Լեհաստանն առաջին անգամ բախվեց Բելառուսից ներգաղթյալների հոսքին։

Այն ժամանակ Լեհաստանի կառավարությունը մեղադրում էր Բելառուսին միգրանտներին, մասամբ Մերձավոր Արևելքից, որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն օգտագործելու մեջ՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սահմանին իրավիճակը ապակայունացնելու համար:

Լեհաստանի սահմանապահ ծառայության ավագ շտաբի սպա Միխալ Բուրան ասում է, որ այս անգամ սահմանին բռնությունն աճել է:

«Սահմանին իրավիճակը շատ վտանգավոր է: Ամեն օր գրանցում ենք ապօրինի հատման մի քանի հարյուր դեպքեր։ Միգրանտները շատ ագրեսիվ են և հարձակվում են լեհ սահմանապահների վրա»,- ասում է լեհ սահմանապահ Միխալ Բուրան:

Միայն անցած շաբաթ երկու լեհ սահմանապահներ հայտնվել են հիվանդանոցում բուժօգնության համար այն բանից հետո, երբ սահմանին վնասվածքներ են ստացել միգրանտների հարձակումներից, որը ներառում էր նաև դանակահարության դեպք:

«Այս միգրացիան արհեստականորեն է ստեղծվում։ Մոսկվայի կամ Մինսկի կառավարությունները որոշում են, թե երբ և քանի մարդ պետք է անցնեն սահմանը: Սա բնական միգրացիոն գործընթաց չէ։ Սա հիբրիդային պատերազմի տեսակներից մեկն է։ Սա մեր ուժի, հնարավորությունների և Ուկրաինայի պատերազմից շեղելու փորձ է»,- պնդում է Բուրան:

«Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանությունների համար դիմեց Լեհաստանում Բելառուսի դեսպանատան պաշտոնյաներին և պատասխան չստացավ:

Բելառուսի պաշտոնյաները հերքել են այն մեղադրանքները, թե իրենց երկիրն օգնում է միգրանտներին տեղափոխել լեհական սահման:

Վերջերս այս տարածք այցելելուց հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց սահմանի երկայնքով 200 մետրանոց բուֆերային գոտու վերականգնման մասին, որը ստեղծվել էր 2021 թվականին և վերացվել մեկ տարի անց, երբ ավարտվեց սահմանի ցանկապատումը:

Օլիվիա Հերլին Granica Group-ի կամավոր է, որն օգնում է սահմանին գտնվող միգրանտներին և վերահսկում մարդու իրավունքների խախտումները: Նա ասում է, որ միգրանտները Բելառուսի կողմից օգտագործվում են որպես միջոց։ Հերլին վերհիշում է, որ միգրանտները պատմում էին Բելառուսում իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

«Այստեղ եղել են ծեծեր, բռնաբարություններ, սովամահ անելու դեպքեր և կաշառակերության բարձր մակարդակ: Այդ իսկ պատճառով նրանք աղաչում են լեհ սահմանապահներին՝ իրենց հետ չուղարկել Բելառուս»,- պնդում է Granica Group կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիա Հերլին:

Հերլին մեզ ցույց տվեց բուֆերային գոտու սահմանը։ Նա ասում է, որ գոտին չի լուծի խնդիրը և կարող է վնասել տեղական բիզնեսին:

«Թույլատրվում է լինել այս ճանապարհին, բայց այն կողմում, 15 մետր դեպի անտառ, անտեսանելի գիծ է, որը չես կարող հատել»,- նշում է Օլիվիա Հերլին:

Զբոսաշրջիկներն արդեն սկսել են չեղարկել տարածք այցելելու իրենց ծրագրերը։ Հերլին և մյուսները ասում են, որ պետք է գտնել համալիր լուծում, որը կապահովի սահմանը և կպաշտպանի նաև ապաստան հայցողների մարդու իրավունքները:

XS
SM
MD
LG