Մատչելի հղումներ

Բելառուս․ երեք տարի բռնաճնշումների ներքո 


 Ցուցարարը` Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Մինսկում, Բելառուս, 2020 թվականի օգոստոսի 9
Ցուցարարը` Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Մինսկում, Բելառուս, 2020 թվականի օգոստոսի 9

Օգոստոսի 9-ին լրացավ ուղիղ երրորդ տարին, ինչ Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ, որոնց հետևեցին երկրի պատմության մեջ ամենազանգվածային հակակառավարական ցույցերը։ Բողոքի ալիքին հաջորդած դաժան բռնաճնշումները ուղեկցվեցին սպանություններով, զանգվածային ձերբակալություններով և խոշտանգումներով։ 

Երեք տարի առաջ Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և ընտրական կեղծիքներից հետո, Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին «հաղթանակ տարավ»։ Բելառուսում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք չէին մարում մի քանի ամիս։ Ընտրություններին հաջորդած մեկ տարվա ընթացքում ազատազրկվեց ավելի քան 37 հազար մարդ՝ գործարարներ, գիտնականներ, բժիշկներ, լրագրողներ, իրավաբաններ, մշակույթի գործիչներ։ Ուժայինների գործողությունների հետևանքով մահացան ցուցարարներ։ Մայրաքաղաք Մինսկի Ակրեստինա փողոցում գտնվող կալանավայրը, դարձել է դաժան խոշտանգումների խորհրդանիշ։

«Երեք տարի առաջ բելառուսները հնարավորություն ունեին ի վերջո անցկացնել ազատ և արդար նախագահական ընտրություններ և հասնել խաղաղ իշխանափոխության, սակայն ցույցերը դաժանորեն ճնշվեցին ուժի միջոցով, որը Լուկաշենկոյի համար ապահովեց Պուտինը»,- ասում է Բելառուսում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը։ «Եվ դրանից հետո՝ անցած երեք տարիների ընթացքում Բելառուսում գրեթե անհնար է որևէ դրական բան նշել։ Օդահենություն, Բելառուսի տարածքի օգտագործումը Ուկրաինա ներխուժելու համար, Լուկաշենկոյի աջակցությունը Պուտինին։ Միակ բանը, որ դժվարությամբ, բայց կարելի է դրական համարել, այն է, որ Բելառուսը պաշտոնապես չդարձավ Ռուսաստանի մաս։ Բայց դրա կարիքը չկա։ Ռուսաստանը, ըստ էության, վերահսկում է Բելառուսի արտաքին քաղաքականությունը և զինված ուժերը։ Հիմա ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է՝ Բելառուսում «Վագներ» խմբավորման տեղափոխումից հետո, և Լուկաշենկոն, ով սիրում է լինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, սպառնում է, թե «Վագները» կհարձակվի Լեհաստանի վրա, ինչը, իմ կարծիքով, չի կարող պատահել։ Նրանք չեն ցանկանում պատերազմել ՆԱՏՕ-ի հետ։ Բայց սա ընդամենը մի օրինակ է, թե որքան ստորացել բելառուսական ռեժիմը։ Բելառուսն այսօր ողբերգական, տխուր և հիասթափեցնող օրինակ է, և Լուկաշենկոն է կրում ողջ պատասխանատվությունը»։

«2020 թվականին, մենք չգիտեինք, որ Պուտինը պատրաստվում է պատերազմի, և Բելառուսը հարկավոր է որպես պլացդարմ»,- ասում է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ավագ խորհրդական Ֆրանակ Վյաչորկան. «Եթե, իհարկե, չլիներ Պուտինի աջակցությունը, Լուկաշենկոն չէր դիմադրի։ Բայց Պուտինը այլ ծրագրեր ուներ։ Հիմա տեսնում ենք, որ Լուկաշենկոյի պարտությունից հետո՝ երեք տարի նա ամեն

կերպ օգնում է Պուտինին։ Նրա համար դա իշխանության պահպանման միակ միջոցն է։ Մեզ համար, բելառուսական հասարակության համար հարցը փակված չէ։ Բայց հիմա այն ավելի է կախված աշխարհաքաղաքականությունից, տարածաշրջանային իրավիճակից, ռուս-ուկրաինական պատերազմից։ Հասկանում ենք, որ Բելառուսում փոփոխությունները պայմանավորված են, թե որքան ուժեղ կլինի Ուկրաինան, որքան թույլ՝ Ռուսաստանը և որքան համերաշխ՝ Արևմուտքը»։

Բելառուսական «Вясна» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, նախորդ երեք տարիներին երկրում ավելի քան 3 550 մարդ է դատապարտվել քաղաքական դրդապատճառներով, ավելի քան 5 000 հոգու դեմ քրեական գործ է հարուցվել՝ դարձյալ, քաղաքական դրդապատճառներով։ Տարբեր գնահատականներով, ներկայում բելառուսական բանտերում են 1 500-1 700 քաղբանտարկյալ, 35 լրագրողներ։ Իշխանությունները փակել են ավելի քան 800 հասարակական կազմակերպություններ։ 300-500 հազար մարդ, ըստ տարբեր հաշվարկների, ստիպված է եղել հեռանալ Բելառուսից՝ վախենալով դառնալ բռնաճնշումների զոհ․ երկրի տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 10%-ը։ Իրենց երկրից բելառուսների արտագաղթը շարունակվում է։

«Բռնաճնշումների կիրառումը, 10 տարվա ազատազրկման պատիժները, այս ամենը նպատակ ունեն, որ մարդիկ վախենան դուրս գալ բողոքի ցույցերի»,- ասում է դեսպան Յալովիցը, ով Մինսկում ներկայացրել է ԱՄՆ-ն 1994-1997 թվականներին․ «Այսօր Բելառուսում բողոքի շարժման համար գործիքներ չկան․ չկան քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, չկա ժողովրդավարական խորհրդարան։ Պարզապես չկան մեխանիզմներ, որոնց միջոցով բելառուսները կարող են ազդել երկրի ղեկավարության վրա։ Նույն համակարգն է, որը ստեղծեց Պուտինը։ Այս առումով բելառուսներին քննադատելը դժվար է՝ ի տարբերություն ռուսաստանցիների, որոնք, ըստ էության, ընդառաջ գնացին Պուտինի քարոզչությանը։ Երեք տարի առաջ Լուկաշենկոն բիրտ ուժով պարտադրեց այդ համակարգը Բելառուսի ժողովրդին»։

Անգամ դաժան բռնաճնշումների ներքո, այնուամենայնիվ, բելառուսական հասարակությունում պահպանվում են բողոքական տրամադրությունները՝ կարծում է Վյաչորկան։

«Շարժումն անցել է ընդհատակ։ Այսօր հնարավոր չէ իրականացնել բողոքի փողոցային ակցիա, բայց մարդկանց ներսում առկա էներգիան, փոփոխության հասնելու ցանկությունը չի մարել։ Լուկաշենկոն ապրում է մի երկրում, ուր բոլորն ատում են նրան։ Այո, հանրահավաքներ չկան, բայց կան պարտիզանական գործողություններ։ Օրինակ, բելառուսները կանգնեցնում են ռուսական գնացքները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տեղեկություններ են հավաքում ռուսական զորքերի, Լուկաշենկոյի ուժերի մասին և փոխանցում «Белaрускi гаюн» մշտադիտարկող խմբին։ Հարյուրավոր մարդիկ մեկնեցին

մարտնչելու հանուն Ուկրաինայի։ Այսինքն, ժողովրդական բողոքը, դիմադրությունը շարունակվում է այլ ձևով»։

Ընտրություններից երեք տարի անց Լուկաշենկոյի հիմնական հակառակորդը՝ Սվետլանա Տիխանովսկայան, ղեկավարում է իր ձևավորած վտարանդի կառավարությունը։ Բելառուսի ընդդիմության առաջնորդը զբաղվում է դիվանագիտական կապերի հաստատմամբ և պարբերաբար հանդիպումներ է ունենում արևմտյան բարձրաստիճան գործիչների հետ։

Չնայած բելառուսական ընդդիմության մոտ տարբեր մոտեցումներ կան ռեժիմին դիմակայելու մարտավարության շուրջ, նրանց, սակայն, միավորում է Լուկաշենկոյի գրեթե երեսնամյա իշխանությանը վերջ տալու ցանկությունը։ Ընդդիմադիր ակտիվիստները շարունակում են աշխատանքը ցանցային կառույցի ձևավորման ուղղությամբ, որն այսօր բաղկացած է արտերկրում գործող ավելի քան քսան այլընտրանքային դեսպանություններից և հյուպատոսություններից՝ բելառուսների համար: Օգնություն են տրամադրում Բելառուսից հեռացածներին, մշակում են հավելվածներ, որոնք տրամադրում են ապահով հաղորդակցություն։ Այնուամենայնիվ, ընդդիմադիրների մեծ մասը գիտակցում է՝ ներկա պայմաններում Լուկաշենկոյի նկատմամբ արագ հաղթանակը քիչ հավանական է։

XS
SM
MD
LG