Մատչելի հղումներ

 
Միգրանտներն անմխիթար օրեր են անցկացնում Բելառուսի սահմանային գոտում

Միգրանտներն անմխիթար օրեր են անցկացնում Բելառուսի սահմանային գոտում


Այսօր, երբ Լեհաստանի իշխանություններն արգելում եմ Բելառուսի սահմանին կուտակված փախստականների մուտքը Լեհաստան, 16 աստիճան ցրտի պայմաններում ժամանակավոր կացարանների ջերմության հույսին է մնացել ավելի քան հազար մարդ:

Հիմնականում Իրաքի Քրդստանից այստեղ ժամանած գաղթականները նպատակ ունեն անցնել Լեհաստան, այսպիսով ոտք դնելով Եվրամիության սահման: Սակայն, հայտնվելով բելառուսական թակարդում, նրանք զգում են, որ իրենք դարձել են աշխարհաքաղաքական լարվածության զոհ:

Միգրանտների մեծ մասը ցանկանում է մեկնել Գերմանիա, մյուսները՝ Ֆրանսիա կամ Իսպանիա։ Ոչ ոք չի ցանկանում մնալ Լեհաստանում. Բոլորն ասում են, որ ցանկանում են փախչել աղքատությունից եւ բռնություններից:

Կոնգոյից Դումբիա Լակինան ասում է, որ իր երազանքն է մյուս կողմ անցնելը: ‘’Մեր երկրներում մարդու իրավունքները չեն հարգում’’, ասում է նա։

Արևմտյան երկրները մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այս ճգնաժամը կազմակերպելու մեջ, որը Եվրամիության կողմից հաստատված պատժամիջոցներին ի պատասխան այստեղ հրավիրեց օտար միգրանտների, որպեսզի այստեղից նրանց մղի դեպի Եվրամիության տարածք:

Միգրանտները, ովքեր փորձել են մտնել Լեհաստան և հարկադրաբար հետ են վերադարձվել, ասում են, որ, չնայած իրենց կրած դժվարություններին, պատրաստ են կրկին փորձել հատել սահմանը անտառապատ տարածքով, որն այժմ անվանում են «ջունգլիներ»:

Բահաշթ Շաքսավան գաղթական է Իրաքի քրդական շրջանից:

«Ես վատ հիշողություններ ունեմ: Մեզ հետ վատ բաներ պատահեցին «ջունգլիներում»: Բայց մենք կմնանք այստեղ, մինչեւ Լեհաստանը բացի սահմանը», ասում է նա։

Սակայն նրանց արդեն իսկ սպառնում է Բելառուսից վտարվելու վտանգը։ Չնայած Բելառուսի իշխանությունները խոստացել էին օգնել միգրանտներին, վտարման գործընթացն արդեն սկսվել է:

Իրաքի Քրդստանից Ֆարհադ Մահամադը պատմում է, թե ինչպես են այստեղ ժամանել զինվորականները, ստիպողաբար վերցրել իրենց անձնագրերը, մարդկանց տարել օդանավակայան եւ հետ ուղարկել իրենց երկրներ:

Գաղթականներն ասում են, որ նախընտրում են այս կացարանները, քան անտառները: Եվ այժմ կանգնել են երկու քարի արանքում. պիտի փորձեն անցնել Եվրամիության տարածք, հակառակ դեպքում պիտի կանգնեն ցրտին զոհ գնալու վտանգի առջեւ:

XS
SM
MD
LG