Իսրայելի ռազմուժը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են իր հատուկ նշանակության ստորաբաժանումները Գազայում գրոհում «ահաբեկչական ենթակառուցվածքները»։
Ընթանում է Իսրայել- «Համաս» հակամարտության 9-րդ ամիսը:
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 37 հազար հոգի։
Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է զգուշացնել Գազայում վերահաս աղետի ու սովի մասին, եթե առաքվող մարդասիրական օգնության ծավալները չավելանան՝ մարդկանց հասցնելով սնունդ, ջուր, վառելիք և դեղորայք:
Անցած կիրակի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ժամանակ առ ժամանակ դադարեցնելու է ցերեկային մարտերը Գազայի հատվածի հարավում, որի արդյունքում բեռնատարների հոսքը շրջան կաճի:
Մարդասիարական օգնություն ցուցաբերող խմբերն ամիսներ շարունակ պայքարում են աջակցության ծավալները մեծացնելու ուղղությամբ:
«Այնտեղ իսկապես աղետ է: Մարդիկ գիշերում են փողոցներում, ծովափին, լավագույն դեպքում՝ ինչ-որ ապաստան ունեն։ Փողոցները վերածվել են կոյուղու»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։
Ուշագրավ է, որ Իսրայելը հայտարարեց «մարտավարական դադարի» մասին՝ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ իր ութ զինվորների զոհվելու ֆոնին, ինչը նախորդ ամիսներին «Համասի», թերևս, ամենից լուրջ ռազմական հաջողությունն էր:
Միևնույն ժամանակ, իսրայելցիները շարունակել են իրենց ամենշաբաթյա բողոքի ակցիաները Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարության դեմ՝ կոչ անելով դադարեցնել պատերազմն ու հասնել «Համասի» պատանդառածների ազատ արձակմանը:
Այս ամենի ֆոնին՝ հունիսի 16-ին մեկնարկել է մահմեդականների գլխավոր տոներից մեկը՝ Իդ ալ-Ադհան, որը թյուրքալեզու ժողովուրդներն անվանում են Կուրբան Բայրամ, և պաղեստինցիներից շատերը ստիպված են իրենց աղոթքn առ Աստված ուղղել ավերակների վրա: