«Գազայում շարունակվող պատերազմը հստակ ցույց տվեց, որ խաղաղության և կայունության հասնելը պետք է լինի Պաղեստինի հարցի լուծման միջոցով։ Պատերազմը վերջին կետն է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում»,- հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն՝ հավելելով, թե երկու պետությունների գոյակցությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա է միջազգային լայն փոխհամաձայնություն, ինչը ցույց տվեց նաև այս ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկությունը, երբ երկրների մեծ մասը կողմ արտահայտվեց կազմակերպությանը Պաղեստինի լիիրավ անդամակցությանը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով, որոշման նպատակն է հասնել «խաղաղության, արդարության և համախմբվածության»:
«Ժամանակն է խոսքից գործի անցնել»,- ասել է Սանչեսը:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել է, թե Իռլանդիայից և Նորվեգիայից հետ են կանչվում Իսրայելի դեսպանները՝ հավելելով, որ պաղեստինյան պետության ճանաչումն ուղղակի պարգև է «Համասին» ու Իրանին և անարգանք նրանց հիշատակին, ովքեր զոհվել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ պաղեստինցիների հայտնի հարձակման հետևանքով:
«Իսրայելն անտարբեր չի մնա նրանց նկատմամբ, ովքեր խաթարում են [մեր] ինքնիշխանությունը և վտանգի տակ դնում [մեր] անվտանգությունը»,- ասել է Կացը:
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսն հիշեցրել է՝ իր երկիրը ճանաչում է Իսրայելը և նրա իրավունքը՝ անվտանգ ու խաղաղ գոյակցել հարևանների հետ»: Նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք ներկայում պահվում են Գազայում:
Հարիսը խոսել է Իռլանդիայի պատմությունից, թե որքան կարևոր է եղել այլ պետությունների կողմից ճանաչում ստանալը:
Նորվեգիայի վարչապետի խոսքով, Պաղեստին պետության ճանաչումը ոչ թե արվում է հօգուտ «Համասի», որը կառավարում է Գազայի հատվածը 2007 թվականից, այլ Պաղեստինի ինքնավարության, որը պատասխանատու է Հորդանան գետի արևմտյան ափի հատվածների համար:
Յոնաս Գահր Ստյորեի ներկայացմամբ, իրավիճակը Մերձավոր Արևելքում «երկար տարիներ է, ինչ այսքան ծանր չի եղել», և որ Պաղեստին պետության ճանաչումը միջոց է «աջակցել չափավոր ուժերին, որոնք կորցնում են դիրքերն այս երկարատև ու դաժան հակամարտությունում»:
«Պատերազմի, տասնյակ հազարավոր սպանվածների ու վիրավորների ֆոնին՝ պետք է սեղանին լինի այլընտրանք՝ քաղաքական լուծումը, իսրայելցիների ու պաղեստինցիների համար»,- ասել է Նորվեգիայի վարչապետը։
Օգնության դադարեցում
Այս ամենի ֆոնին՝ ՄԱԿ-ը դադարեցրել է սննդամթերքի բաշխումը Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ պաշարների սպառման և ավտանգության բացակայության պատճառով:
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երեքշաբթի հայտատարել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի և պաղեստինցի փախստականների համար նախատեսված ՄԱԿ-ի Օգնության և աշխատանքի գործակալության աջակցության տրամադրման կենտրոնները չեն կարող գործել՝ Ռաֆահում շարունակվող ռազմական գործողության պատճառով:
ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 1,1 միլիոն մարդ այսօր սովի եզրին է: Ռաֆահի մոտ առկա և Եգիպտոսն ու Գազան կապող անցումը փակ է այս մայիսի 6-ից:
Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակ Աբեեր Էտեֆանի ներկայացմամբ, «Գազայում մարդասիրական գործողությունները մոտ են դադարեցմանը» և նախազգուշացրել է՝ եթե պարենամթերքի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը Գազա չվերսկսվի, սով կսկսվի:
ՄԱԿ-ի Օգնության և աշխատանքի գործակալության հավաստմամբ, Գազայում գործող իր առողջապահական կենտրոնները նախորդ 10 օրերին չեն ստացել բժշկական պարագաներ, սակայն անձնակազմը դեռ խորհրդատվություն է մատուցում այդ կենտրոններում:
Իր հերթին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը X-ում գրել է, թե Գազայի հյուսիսում գտնվող «Ալ-Աուդա» հիվանդանոցը «մայիսի 19-ից շրջափակված է, և ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ կամ մտնել»:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մանրամասնել է, որ 22 հիվանդ, նրանց հարազատները և հիվանդանոցի 148 աշխատակիցներ «դեռ փակված են ներսում»:
Երկուշաբթի «Ալ-Աուդա» բժշկական կենտրոնի անձնակազմը հաղորդել էր շենքի ուղղությամբ դիպուկահարների կրակի մասին, բացի այդ հրթիռը հարվածել էր հինգերորդ հարկին, ուր գտնվում է վարչակազմը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։
Գեբրեյեսուսը կոչ է արել մուտք ապահովել հիվանդանոց:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի փոխանցել է լրագրողներին, թե Գազա օգնություն հասցնելու համար բաց են մի շարք անցակետեր և գործում է նորակառույց նավահանգիստը, և աջակցությունը հասնում է նաև ծովի միջոցով՝ Կիպրոսից:
«Ձգտում ենք հնարավորինս շատ օգնություն առաքել, սակայն Գազայի հատվածում գտնվող խմբերից է կախված բաշխումը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, թե անհրաժեշտ է համակարգել օգնության բաշխումը:
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 240-ին։ Ինչին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 35․6 հազար հոգի։ Իսրայելի պնդմամբ, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 14 հազար զինյալ և շուրջ 16 հազար խաղաղ բնակիչ։
Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները: