Մատչելի հղումներ

Զենք կրելու իրավունքի հարցը բաժանել է ամերիկյան հասարակությունը


Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը
Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը

Pew Research Center-ի սոցհարցումը վկայում է՝ զենք կրելու իրավունքի հարցը բաժանել է ամերիկյան հասարակությունը։ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը նույնպես տարակարծիք են այդ իրավունքի և երկրում զենքի վերահսկման հարցերում:

Pew Research Center-ի համաձայն, ամերիկացիների գրեթե մեկ երրորդը խոստովանել է, որ զենք ունի։ Զենք ունենալը ԱՄՆ-ում սահմանադրական իրավունք է, որը հաճախ քաղաքական սուր բանավեճի առարկա է դառնում, հատկապես՝ նախագահական ընտրություններից առաջ։ ԱՄՆ-ում պարեբարաբար են, օրինակ, ուսումնական հաստատություններում զենքի կիրառմամբ արյունալի դեպքերը։ 2018 թվականին Ֆլորիդայի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցավ հրազենի օգտագործմամբ արյունալի հայտնի միջադեպը, որի ժամանակ ոստիկանները հարկադրաբար տարհանեցին աշակերտներին:

ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց զոհերի ընտանիքներին։ «[Նման դեպքերը կրկնվում են] արդեն տևական ժամանակ: Չափազանց շատ են դեպքերը: Պատրաստվում ենք լուծել այս խնդիրը»,- ասել էր Թրամփը:

Զենք կրելու իրավունքի հարցը բաժանել է ամերիկյան հասարակությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Սակայն Սպիտակ տանը պաշտոնավարելու ընթացքում խնդրին վերաբերող Թրամփի քաղաքականության հիմքում դպրոցների անվտանգության ամրապնդումն էր։ Աառաջարկ կար անգամ զինել ուսուցիչներին:

Անցած շաբաթ օրը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպել էր Հրաձգության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Այդ կառույցը զենք կրելու իրավունքի օգտին հանդես եկող լոբբիստական հիմնական խմբերից է՝ հիմնավորելով, թե զենք ունենալը կենսական նշանակություն ունի անձնական անվտանգության ապահովման գործում:

«Մեր երկիրը շարժվում է դեպի դժոխք: Տարբեր ավազակախմբեր և հանցագործներ ահաբեկում են փողոցներում, իսկ Ջո Բայդենի թուլությունը մեզ մոտեցրել է Երրորդ աշխարհամարտի շեմին»,- ասել է Թրամփը՝ հավելելով, թե ԱՄՆ ներկայիս նախագահը փորձում է օրինապաշտ քաղաքացիներից խլել զենք կրելու իրավունքը:

«Պետք է պահպանենք [սահմանադրության] երկրորդ փոփոխությունը: Եթե չանենք, ապա կունենանք մահերի ու ավերածությունների այնպիսի մակարդակ, որ երբեք չի եղել այս երկրում»,- շարունակել է Թրամփը:

Երբ 2022 թվականին Տեխասի տարրական դպրոցներից մեկում զինված դեռահասը սպանեց 19 երեխայի և երկու ուսուցչի, նախագահ Բայդենը խոստացավ՝ «պետք է գործենք»:

«Որպես ազգ՝ պետք է հասկանանք, թե ի վերջո երբ ենք զենքի վաճառքի հետևում կանգնած լոբբիստական խմբերի դեմն առնելու: Ե՞րբ ենք անելու այն, ինչ բոլորս գիտենք, որ պետք է անենք»,- հայտարարել էր Բայդենը:

Հայտնի է, որ Սպիտակ տունն ու Կոնգրեսը համաձայնության են եկել երկկուսակցական նախաձեռնության շուրջ, որը նախատեսում է ընդլայնել զենք գնելու ցանկություն հայտնած երիտասարդների ստուգումները և նոր լիազորություններ է տալիս նահանգներին՝ բռնագրավել հրազենը այն մարդկանցից, ովքեր վտանգ են ներկայացնում հանրությանը:

Գաղտնիք չէ, որ Բայդենը կողմնակից է զենքի վաճառքի ավելի կոշտ սահմանափակումնների, հատկապես՝ այն նահագներում, ուր հրազենի կիրառման դեպքերը շատ են:

«Ստորագրեցի զենքի անվտանգ կիրառման մասին նախորդ 30 տարիների ամենակարևոր օրենքը։ Գիտեմ, այն որքան կարևոր է համայնքի համար, որի հետ այսօր սգում ենք: Չենք մոռանա Ատլանտայում, Հաֆ Մուն Բեյում և Մոնթերեյ Պարկում տեղի ունեցածը»,- ասել է Բայդենը:

Ինչ 2022 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների տան վերհսկողությունն անցավ հանրապետակններին, զենքի վերահսկման ուղղությամբ նոր որևէ կարգավորում չի ընդունվել։ Կոնգրեսի ստորին պալատում փոքրամասնության՝ դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսն ուղղակի մեղադրել է Թրամփի կողմնակիցներին․ «Այսօր MAGA-ի (Make America Great Again, «Ամերիկան կրկին դարձնենք հզոր» - ծնթ․՝ խմբ․) ծայրահեղականները և ոչինչ չանող հանրապետական Կոնգրեսը մեկնում են արձակուրդ՝ առանց անդրադառնալու Ամերիկայում հրազենի [կիրառմամբ] բռնության համաճարակին»:

Զենքի կրելու իրավունքի վերաբերյալ ԱՄՆ քաղաքացիների տեսակետները հիմնականում բաժանված են ըստ քաղաքական նախասիրությունների: Pew Research Center-ի համաձայն, զենք կրելու իրավունքի կողմնակիցների թիվը հանրապետականներին հարող ընտրազանգվածում ավելի քան երկու անգամ մեծ է, քան դեմոկրատներին կողմ քվեարկողների շրջանում:

XS
SM
MD
LG