Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսրայելն ու «Համասը» համաձայնության կգան զինադադարի նախագծի շուրջ


Կրակ և սև ծուխ է բարձրանում 2024 թվականի հունիսի 3-ին Գազայի հատվածի կենտրոնական Բուրեյջ քաղաքում գտնվող բնակելի շենքի վրա Իսրայելի օդային հարվածից մի քանի րոպե անց
Կրակ և սև ծուխ է բարձրանում 2024 թվականի հունիսի 3-ին Գազայի հատվածի կենտրոնական Բուրեյջ քաղաքում գտնվող բնակելի շենքի վրա Իսրայելի օդային հարվածից մի քանի րոպե անց

Երկուշաբթի իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել են առնվազն 11 հոգի՝ հաղորդել են լրատվամիջողներն ու պաղեստինյան առողջապահական պաշտոնյաները։

Զուգահեռաբար՝ ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները հանդես է եկել զինադադարի նախագծով, ըստ որի մարտերի դադարեցմանը զուգահեռ՝ «Համասը» պետք է ազատ արձակի պատադներին։

Իսրայելի բանակի ներկայացմամբ, երկուշաբթի ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում առկա ավելի քան 50 թիրախների, ցամաքային զորքերը շարունակել են գործողությունները Գազայի կենտրոնական շրջանում և հարավային՝ Ռաֆահ քաղաքում:

Ի հավելումն, իսրայելական անվտանգության ուժերը հայտարարել են, թե հայտնաբերել են անցած տարվա հոկտեմբերին պատանդառված իսրայելցի Դոլև Յեհուդի մարմնի մնացորդները, որոնք նույնականացվել են․ իսրայելցի տղամարդը զոհվել է:

Զինադադարի նախագիծը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է իսրայելցի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնած Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, նախագիծը «առաջ կմղի Իսրայելի անվտանգության երկարաժամկետ շահերը»:

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի համաձայն, Բլինքենը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և կառավարության մեկ այլ անդամի՝ Բենի Գանցի հետ՝ ընդգծելով, որ հրադադարը պետք է երաշխավորի «բոլոր պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության առաքումը Գազայի ողջ տարածքում։

«Քարտուղարը գովել Իսրայելին առաջարկի համար և ընդգծել, որ «Համասը» պետք է անհապաղ ընդունի այն: Կրկնել է, որ ի լրումն պատանդների ազատ արձակմանը՝ առաջարկը կխթանի Իսրայելի երկարաժամկետ անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հանդարտություն հաստատելով Իսրայելի սահմանների երկայնքով, ինչը թույլ կտա իսրայելցիներին վերադառնալ իրենց տներ», - ասել է Միլլերը:

Ավելի վաղ՝ կիրակի, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ եթե «Համասը» համաձայնի զինադադարին, ԱՄՆ-ն ակնկալում է, որ այն կընդունի նաև Իսրայելը:

Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտը նույն օրը հայտարարել էր, թե հրեական պետության համար անընդունելի է, եթե «Համասը» շարունակի կառավարել Գազան, և որ Իսրայելում քննարկում են, թե ով կարող է փոխարինել «Համասին»:

«Մինչ իրականացնում ենք մեր կարևոր ռազմական գործողությունները, ռազմական գերատեսչությունը քննարկում է, թե ով կարող է փոխարինել «Համասին»։ Կմեկուսացնենք տարածքները [Գազայում], կհեռացնենք «Համասի» ներկայացուցիչներին այդ տարածքներից և կհաստատենք այնպիսի ուժեր, որոնք հնարավորություն կունենան կառավարություն ձևավորել՝ ուղղված «Համասի» դեմ»,- ասված է Գալանտի հայտարարությունում:

Իսրայելի պաշտպանության նախարարը չի մանրամասնել, թե ինչ ուժերի մասին է խոսքը:

Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ «պատերազմը դադարեցնելու Իսրայելի պայմանները չեն փոխվել՝ «Համասի» ռազմական և կառավարման կարողությունների ոչնչացում, բոլոր պատանդների ազատում և երաշխիք, որ Գազայի հատվածը չի սպառնա Իսրայելին»:

Ներիսրայելական հակասություններ

Նեթանյահուի համար խնդիրը միայն արտաքին ճնշումը չէ։ Հավանաբար, էլ ավելի մեծ ճնշում կա երկրիկ ներսում՝ կոալիցիոն կառավարության շրջանակում և ընդդիմադիր ուժերի կողմից:

Նրա գլխավորած կառավարության երկու աջակողմյան անդամներ՝ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, շաբաթ օրը սպառնացին դուրս գալ կառավարությունից՝ կազմալուծելով կոալիցիան, եթե Նեթանյահուն համաձայնի Բայդենի առաջարկին:

Մյուս կողմից, ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հորդորել է Նեթանյահուին համաձայնել զինդադարին և խոստացել է աջակցել վարչապետին, եթե Բեն Գվիրն ու Սմոտրիչն թողնեն կառավարությունը։

«Հիշեցնում եմ Նեթանյահուին, որ նա ունի մեր աջակցությունը՝ նախագծին համաձայնվելու համար»,- X-ում գրել է Լապիդը:

Նեթանյահուի նկատմամբ ճնշում են գործադրում նաև իսրայելցի պատանդների հարազատները, որպեսզի վարչապետը համաձայնվի զինադադարին: Տասնյակ հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը կրկին հավաքվել էին Թել Ավիվում՝ պատանդներին վերադարձնելու պահանջով։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ևս իր աջակցությունն է հայտնել զինդադարի նախագծին՝ կիրակի հայտարարելով․ «... Նրան՝ [Նեթանյահուին] և կառավարությանն իմ ամբողջական աջակցությունը կցուցաբերեմ այդ համաձայնության հարցում, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին։ Մեր պարտավորությունն է նրանց տուն բերել՝ զինադադարի այդ նախագծի շրջանակներում, որը պաշտպանում է Իսրայել պետության անվտանգության շահերը»:

Արձագանքել է նաև «Համասը», թե «դրական է վերաբերվում» առաջարկին, որը Բայդենն ուրբաթ օրը կոչեց «իսրայելական ծրագիր»:

Այդուհանցերձ, «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին շաբաթ օրը կատարյան հեռուստահարցազրույցի ժամանակ ընդգծել է․ «Ոչ մի համաձայնություն չի կարող ձեռք բերվել՝ նախքան [իսրայելական] օկուպացիոն բանակի դուրսբերումը»։

«Պատերազմի ավարտելու ժամանակ է»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա հրադադար՝ իսրայելական ռազմուժի մասնակի դուրսբերմամբ և որոշ պատանդների ազատ արձակմամբ, մինչ «ռազմական գործողությունների մշտական ավարտի» շուրջ պետք է բանակցեն միջնորդները:

«Պատերազմի ավարտելու ժամանակ է, որպեսզի հաջորդ օրը սկսվի»,- ասել է Բայդենը։

Նեթանյահույի ներկայացմամբ, Իսրայելի կողմից առաջարկված նախագծում մի փուլից մյուսին անցումը «պայմանական» է և այն մշակված է, որպեսզի թույլ տա պահպանել ռազմական նպատակներին հասնելու հնարավորությունը:

Անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» իրականցրած արյունալի գրոհի հետևանքով, ըստ իսրայելական կողմի, սպանվել է մոտ 1 200 մարդ, շուրջ 250-ը պատանդառվեցին, որոնցից 121-ը դեռ Գազայում էն, ներառյալ՝ 39 զոհվածների դիակները:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության տվյաներով, իսրայելալան ուժերի գրոհների հյետևանքով առ այսօր սպանվել է առնվազն 36,4 հազար մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։

Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG