Մատչելի հղումներ

ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարներն առաջին անգամ հանդիպել են անձամբ


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է իր չինացի գործընկերոջը՝ ծովակալ Դոն Ցզուին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է իր չինացի գործընկերոջը՝ ծովակալ Դոն Ցզուին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Սինգապուրում` «Շանգրի-Լա» ամենամյա համաժողովի շրջանակներում առաջին անգամ անձամբ հանդիպել է իր չինացի գործընկերոջը՝ ծովակալ Դոն Ցզուին:

Ամերիկացի պաշտոնյաների ներկայացմամբ, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի բանակցություններն իր չինացի գործընկերոջ հետ նպատակ ունեն կանխել երկու երկրների միջև լարվածությունը, չնայած Միացյալ Նահանգները հավատարիմ է տարածաշրջանային դաշնակիցներին օգնելու ի հանձնառությանը՝ Չինաստանի ագրեսիայի դեմ:

Պենտագոնի մամուլի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհն ասում է․ «Իհարկե, բանակցությունները կարևոր են, և դեմ առ դեմ հաղորդակցվելը, իրականում, թույլ է տալիս խուսափել սխալ հաշվարկից»:

Հատկանշական է, որ բանակցությունները տեղի են ունեցել մեկ շաբաթ անց, երբ Չինաստանը երկօրյա զորավարժություններ անցկացրեց Թայվանի ուղղությամբ:

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բոումենը նշում է․ «Տարածաշրջանի վիշապը սկսում է կրակ նետել մարդկանց վրա, և մենք պետք է աշխատենք մեր դաշնակիցների հետ՝ պատասխան տալու համար»:

Չինաստանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է, թե անհրաժեշտության դեպքում ռազմուժի միջոցով Թայվանի նկատմամբ կհաստատի իր վերահսկողությունը։

ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանման կողմնակից է։

Պեկինին նաև նյարդայնացնում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի խորացող պաշտպանական կապերը, մասնավորապես՝ Ֆիլիպինների հետ, ուր ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել լրացուցիչ ռազմակայաններ ունենալ:

Պեկինը ապօրինաբար պահանջում է իրեն հանձնել գրեթե ողջ Հարավչինական ծովը՝ որպես իր ջրային տարածք, ռազմական կարողություններ զարգացնելով արհեստական կղզիներում՝ ի վերջո տարածաշրջանում հաստատելու չինական վերահսկողությունը:

Դիտորդների խոսքով, Չինաստանը փորձում է դասեր է քաղել տարածաշրջանային երկրների հետ Միացյալ Նահանգների համագործակցությունից՝ սեփական նպատակներն առաջ տանելու համար:

«Տեսնում ենք, որ ագրեսորները սկսում են համախմբվել։ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև գործողությունների համակարգման միտում ենք նկատում»,- ասում է Բրեդլի Բոումենը։

Այս ամենի ֆոնին, ինչպես պնդում են ամերիկյան պաշտոնյաները, Հյուսիսային Կորեան հինգշաբթի բալիստիկ հրթիռ է արձակել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ խորացող համագործակցության արդյուքնում: Մյուս կողմից, այս շաբաթ հրապարկվել է ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցը, ըստ որի Ուկրաինայի դեմ Ռուսաստանը կիրառում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ:

XS
SM
MD
LG