Մատչելի հղումներ

Վաշինգտոնում Գալանտին կոչ են արել դիվանագիտական լուծում գտնել «Հըզբոլլահի» հետ


Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին Վաշինգտոնում հյուրընկալել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին Վաշինգտոնում հյուրընկալել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին երեքշաբթի Վաշինգտոնում հյուրընկալել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նախօրեին Գալանտի հետ բանակցում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ զգուշացնելով, թե Իսրայելը պետք է խուսափի Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների ընդլայնումից։

Իսրայել-Լիբանան սահմանին լարվածության աճի հետ մեկտեղ մեծանում է մտահոգությունը, որ առաջիկայում կարող ենք տարածաշրջանում ականտես լինել նոր հակամարտության։

Զուգահեռաբար՝ Վաշինգտոնում շարունակվում են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի բանակցությունները։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը իսրայելցի գործընկերոջը կոչ է արել դիվանագիտական լուծումներ գտնել:

««Հըզբոլլահի» սադրանքների հետևանքով Իսրայելն ու Լիբանանը կարող են ներքաշվել պատերազմի մեջ, որը նրանք չեն ցանկանում։ Նման պատերազմը աղետ կլինի Լիբանանի, և կործանարար՝ անմեղ իսրայելցի և լիբանանցի բնակիչների համար»,- ասել է Օսթինը:

Գալանտի խոսքով, Իսրայելի աշխարհագրական դիրքի պատճառով հրեական պետութան հետ կապված զարգացումներն ազդում են ողջ Մերձավոր Արևելքի վրա:

«Վճռական ենք [մեր երկրի] հյուսիսում հաստատել անվտանգություն՝ փոխելով տեղում առաջացած իրականությունը, և մեր [հայրենակիցներին] ապահով տուն վերադարձնել»,- ասել է Յոավ Գալանտը:

Իսրայելը մերժել է «Համասի» առաջարկը՝ ժամանակավոր զինադադար հաստատել Գազայի հատվածում։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում դիտորդներից մեկը ուշադրություն հրավիրեց՝ Միացյալ Նահանգների համար Գալանտը առանցքային դերակատար է, որի միջոցով Վաշինգտոնն առաջ է մղում բանակցություններ վարելու քաղաքականությունը։

«Այս գործում Բայդենի վարչակազմը, ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարար Գալանտին համարում է փաստացի դաշնակից: Գալանտը մի քանի ամիս առաջ առաջարկեց իր հետպատերազմյան ծրագիրը, սակայն այն հավանության չարժանացավ Նեթանյահուի վարչակազմի կողմից: Կարծում եմ, ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը և պետքարտուղար Բլինքենը գտնում են, թե հանձինս Գալանտի ունեն գործընկեր, ով կարող է օգտակար միջնորդ լինել Նեթանյահուի կառավարության հետ [տարվող բանակցություններում]»,- ասում է RAND կորպոռացիայի ներկայացուցիչ Ռաֆայել Քոհենը։

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 37.6 հազար հոգի։

Այս ամենի ֆոնին՝ ՄԱԿ-ում մարդասիրական հարցերով պատասխանատու Յասմինա Գուերդան երեքշաբթի զգուշացրեց, թե Գազայում իրավիճակը աղետալի է:

«[Գազայում գտնվող] մարդկանցից ոչ մեկը չունի ապրելու համար անհրաժեշտ պայմաններ։ Նրանք ուղղակի գոյատևում են։ [Նրանց կյանքը] թելից է կախված»,- ասել է ՄԱԿ-ում մարդասիրական հարցերի պատասխանատու Յասմինա Գուերդան:

ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի հայտարարեց, թե բազմաթիվ ավտոշարասյուններ չեն կարողանում մարդասիրական օգնություն հասցնել Գազայի քաղաքացիական անձանց՝ «հանցավոր թիրախավորման պատճառով»։

«Աշխատանքները շարունակվում են։ Իրավիճակը տակավին ծանր է։ Պետք է շարունակենք մարդասիրական օգնություն հասցնել [Գազայի] հյուսիս և, իհարկե, արձագանքենք հարավում ստեղծված իրավիճակին»,- ասել է ԱՄՆ պետքարտողարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերն ընդգծել է՝ Գազայում մարդկանց տառապանքին վերջ տալու միակ ուղին հակամարտության դադարեցումն է։

XS
SM
MD
LG