Մատչելի հղումներ

Իսրայելական ռազմուժն ակտիվացրել է Գազայի ռմբակոծությունը


Իսրայելական ռազմուժն ակտիվացրել է Գազայի ռմբակոծությունը
Իսրայելական ռազմուժն ակտիվացրել է Գազայի ռմբակոծությունը

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Ռաֆահին և Գազայի հատվածի մյուս շրջաններին։ Մարտեր են ընթանում պաղեստինյան իսլամիստական «Համաս» խմբավորման գրոհայինների դեմ՝ հայտնում են տեղի բնակիչներն ու Իսրայելի ռազմական գերատեսչությունը:

Բնակիչների խոսքով, իսրայելցիների նպատակն է ավարտին հասցնել Ռաֆահի գրավումը, որի շուրջ մարտերն ընթանում են մայիսի սկզբից:

Իսրայելական տանկերը ներխուժել են քաղաքի արևմտյան և հյուսիսային հատվածներ՝ գրավելով Ռաֆահի արևելքը, հարավը և կենտրոնը։ Իսրայելական ուժերը կրակ են բացում ինքնաթիռներից, տանկերից և ռազմանավերից՝ ստիպելով ավելի քան մեկ միլիոն մարդու թողնել ապաստարանները և վերստին գաղթել։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության համաձայն, առնվազն 12 պաղեստինցի է զոհվել ուրբաթ՝ իսրայելական հարվածների հետևանքով:

Իր հերթին՝ Իսրայելի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, իրենց ուժերը «ճշգրիտ, հետախուզության վրա հիմնված» գործողություններ են իրականացնում Ռաֆահի շրջանում, որտեղ զորքերը մոտ տարածության վրա մարտեր են վարում և հայտնաբերվել են գրոհայինների կողմից օգտագործվող թունելներ»:

Ռաֆահի բնակիչների պնդմամբ, նախորդ երկու օրերին իսրայելական ռազմուժի գործողությունները ակտիվացել են։ Նրանց ներկայացմամբ, պայթյունների և կրակոցների ձայները, որոնք վկայում են կատաղի մարտերի մասին, գրեթե անդադար են եղել:

«Անցած գիշեր վատագույն գիշերներից մեկն էր արևմտյան Ռաֆահում․ անօդաչուները, ինքնաթիռները, տանկերը և ռազմանավերը ռմբակոծում էին տարածքը: Զգում ենք, որ օկուպացիոն ուժերը փորձում են ավարտին հասցնել քաղաքի գրավումը» - ասում է 45-ամյա Հաթեմը:

Գազայի պատերազմից ավելի քան ութ ամիս անց Իսրայելն իր ռազմուժը Գազայում կենտրոնացրել է երկու շրջանների ուղղությամբ՝ պաղեստինյան տարածքի հարավում գտնվող Ռաֆահի և կենտրոնական մասում ընկած Դեյր ալ-Բալահի:

«Ողջ Ռաֆահ քաղաքը իսրայելական ռազմական գործողությունների արեա է դարձել։ Քաղաքում հումանիտար աղետ է։ Մարդիկ մահանում են իրենց վրաններում՝ Իսրայելի ռմբակոծությունների պատճառով»,- ուրբաթ տարածած հայտարարությամբ տեղեկացնում է Ռաֆահի քաղաքապետ Ահմեդ Ալ-Սոֆին:

ՄԱԿ-ի գնահատմամբ, եթե այս մայիսի սկզբին քաղաքում մոտ 1.2 միլիոն մարդ էր՝ նաև ապաստան հայցողները, ապա այսօր 100 հազարից քիչ են:

Հայտնի է, որ Իսրայելը մեղադրում է «Համասին» պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես վահան օգտագործելու մեջ՝ արգելելով մարդկանց հեռանալ ռազմական գործողությունների գոտիներից։ «Համասը» հերքում է մեղադրանքը:

«Գրոհայինները քաղաքացիական օբյեկտներում կուտակել են մեծ քանակությամբ սպառազինություն, այդ թվում՝ նռնակներ, պայթուցիկներ, հակատանկային հրթիռներ և այլ զենք ու զինամթերք»,- ասված է Իսրայելի ռազմական գերատեսչության հայտարարությունուն։

Հինգշաբթի «Համասի» տարածած հաղորդագրության համաձայն, Ռաֆահի «Շաբուրա» ճամբարում պաղեստինցիները կարողացել են հակատանկային հրթիռներով խոցել իսրայելական երկու տանկ՝ սպանել զինվորներին, ովքեր փորձել էին փախչել:

Իսրայելական կողմը դեռ չի արձագանքել, փոխարենը՝ ուրբաթ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով Խան Յունիսում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ հայր ու որդի։

Տեղեկությունը փոխանցել են տեղում գործող բժիշկները:

Զուգահեռաբար, իսրայելական ուժերը շարունակել են հետ քաշվել Գազայի հյուսիսում, թեև տեղի բնակիչների խոսքով, ավերել են բազմաթիվ տներ բուն՝ Գազա քաղաքում:

Օրինակ, ուրբաթ Գազայի քաղաքապետարանի շենքին հասցված իսրայելական ավիահարվածը սպանել է հինգ մարդու, այդ թվում՝ քաղաքապետարանի չորս աշխատակիցների։ Փրկարարական ջոկատները փնտրում են անհետ կորածներին:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է գրեթե 37.5 հազար հոգի։

XS
SM
MD
LG