ՄԱԿ-ի ներկայացմամբ, Սուդանում ռազմական գործողությունները դարձել են աշխարհում փախստականների թվի աճի գլխավոր պատճառներից մեկը։ Աֆրիկյան այդ երկրում հակամրտությունը բռնկվել է 2023 թվականի ապրիլին՝ գեներալների միջև, և պատճառ է դարձել, որ մոտ 12 միլիոն մարդ լքի հարազատ տունը, որից 2 միլիոնը ստիպված ապաստան է խնդրել հարևան երկրներում:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Սուդանում հանդիպել է տեղահանվածներին:
«Նրանք փախչում են բռնությունից, մարդու իրավունքների կոպիտ խախտումներից, զրկանքներից, պարենային անապահովությունից, որոշ դեպքերում՝ սովից: Այս ամենի պատճառը պատերազմն է, որը, կարծես, չի ավարտվում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը Հարավային Սուդանում աշխատում է փախստականներին օգնելու համար: Սակայն, ըստ Գրանդիի, մարդասիրական օգնությունը միայն կարճաժամկետ լուծում է, խաղաղությունն է միակ ճանապարհը:
«Իմ կոչն ուղղված է նրանց, ովքեր որևէ ազդեցություն ունեն այս հակամարտության կողմերի վրա։ Նրանց պետք է մղել ոչ թե մարտի դաշտ, այլ բանակցությունների սեղան»,- ասել է նա:
Հակամարտություններից զատ, Աֆրիկայի բազմաթիվ վայրերում կլիմայական փոփոխություներն են մարդկանց հարկադրում թողնել իրենց տները:
«Կլիման դառնում է հակամարտության պատճառ: Այն զրկում է բազմաթիվ աղքատ համայնքներին ռեսուրսներից, օրինակ՝ ջրից: Համայնքները սկսում են պատերազմել, և մարդիկ թողնում են իրենց տները»,- ասել է Գրանդին։
Աշխարհում տեղահանվածների, փախստականների և ապաստան հայցողների թիվը նախորդ 12 տարիներին աճել է՝ հասնելով 120 միլիոնի:
Ողջ աշխարհում բռնի տեղահանվածների կեսից մի փոքր ավելին այսօր Ուկրաինայից, Սիրիայից և Աֆղանստանից են:
«Այս աճը պարզապես կշարունակվի, եթե այդ հակամարտություններից գոնե մի քանիսը չլուծվեն, և պայմաններ չստեղծվեն մարդկանց վերադարձի համար։ Սա մեծ մարտահրավեր է»,- ասել է ՄԱԿ պաշտոնյան:
Գրանդին զգուշացրել է՝ աշխարհում աստիճանաբար ավելի դժվար է դառնում դիմագրավել նման մարահրավերներին։