Մատչելի հղումներ

Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը


Պաղեստինի դրոշը հանրահավաքի ժամանակ
Պաղեստինի դրոշը հանրահավաքի ժամանակ

Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Գազայում տիրող իրավիճակի և շարունակվող ռազմական հակամարտության մասին հայտարարությամբ, որով հայտարարել է նաև, որ «ճանաչում է Պաղեստինի պետությունը»: Արտգործնախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության տեքստում:

Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի 148-րդ անդամ երկիրը, որը ճանաչեց Պաղեստին պետության անկախությունը։

Մայիսի վերջին Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան հայտարարեցին Պաղեստին պետության անկախության ճանաչման մասին։ Իսրայելն այս որոշումն անվանել է «ահաբեկչության վարձատրություն» և երեք երկրների դեսպաններին կանչել ԱԳՆ։ Պաղեստինի ազգային վարչակազմը, որը սահմանափակել է Արևմտյան ափի կառավարումը, ողջունել է երկրների որոշումը: Ավելի ուշ Պաղեստին պետությունը ճանաչելու որոշում կայացրեց նաեւ Սլովենիան, իսկ Դանիան՝ ոչ։

XS
SM
MD
LG