Մատչելի հղումներ

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման կարևորությունը 


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու և կնքելու կարևորությունը։

Դրա մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը:

«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար օգտակար հետագա ներգրավվածությանն աջակցմանը:

«Շեշտելով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակներին հասնելու համար: Էնթոնի Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է COP29-ի բարեհաջող անցկացմանը նպաստելուն և կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել է պետքարտուղարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

«Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG