Արհեստական բանականությունը ակտիվորեն օգտագործվում է ամերիկյան նախընտրական արշավում։ Օրինակ, այս լուսանկարը, ուր պատկերված է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ողջագուրվում վարակիչ հիվանդությունների հայտնի մասնագետ, դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հետ, կամ Ջո Բայդենի այս կեղծ ուղերձը, ուր ԱՄՆ նախագահը Նյու Հեմփշիրի ընտրողներին իբր կոչ է անում չմասնակցել փրայմերիզներին:
«Ընտրություններից 24 ժամ առաջ ինչ-որ մեկը հրապարակում է ապատեղեկատվություն։ Դժվար է հակազդել դրան, և այն կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա»,- ասում է Բրուքինգզի ինստիտուտի փորձագետ Էլեյն Քամարկը:
Ռիջուլ Գուպտայի գլխավորած DeepMedia ընկերությունը օգնում է Պենտագոնին հայտնաբերել կեղծիքները:
«Մոտ 15 րոպե է պահանջվում կեղծիք ստեղծելու համար: Առցանց բազմաթիվ անվճար ծառայություններ կան: Եթեցանկանում եք վճարել ավելի լավ որակի նյութի համար, ապա 30 վայրկյան տևողությամբ աուդիո հոլովակը կարող է երկու ցենտ արժենալ»,- ասում է նա։
Փաստաբան և խոսքի ազատության պաշտպան Արի Քոնը նշում է. «Շատ խոսակցություններ են եղել Ռուսաստանի մասին, բայց Չինաստանը նույնպես ակտիվ է այստեղ՝ ներգրավվելով արհեստական բանականության մրցավազքում և փորձելով առաջ անցնել այս ոլորտում»:
Քոնի խոսքով, նման գործողությունները նպատակ ունեն ազդել ամերիկացիների կարծիքի վրա` ի նպաստ օտար շահերի:
Թեև ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները և սոցցանցերը հանձնառություն են ստանձնել կարգավորել արհեստական բանականության կիրառմամբ քաղաքական արշավները, սակայն ներկայում ոլորտը կարգավորող դաշնային օրենքներ չկան:
«Շատ դժվար է կարգավորել քաղաքական խոսույթը Միացյալ Նահանգներում։ [Սահմանադրության] առաջին փոփոխությունը պաշտպանում է քաղաքական խոսքը: Չենք ցանկանում, որ իշխանությունները խառնվեն ընտրությունների ընթացքին»,- ասում է Քոնը:
Գուպտայի կարծիքով, դյուրին գործ չէ տարբերակել կեղծիքը:
«Եթե աուդիո նյութի որակը վատ է, այն հուշում է, որ կարող է ստեղծված լինել արհեստական բանականության միջոցով։ Կամ օրինակ, եթե ինչ-որ մեկի հետ տեսազանգի միջոցով շփվում եք և կարծում եք, որ ֆեյք է, ապա խնդրեք նրան պտտվել դեպի իր աթոռը: Եթե չի անում, ուրեմն, հավանաբար, ֆեյք է»,- ասում է Ռիջուլ Գուպտան:
Քոնի խոսքով, արհեստականբանականությունն, անշուշտ, կարելի է դրական կերպով օգտագործել քաղաքականության մեջ։ Օրինակ, իր օգնությամբ կարելի է ավելի լավ պատկերացում կազմել ընտրողների վերաբերյալ, որը կօգնի թեկնածուներին` հարմարեցնել իրենց քաղաքական խոսույթը ընտրողների կարիքներին։
Հոդվածի պատրաստմանը մասնակցել է Ամերիկայի ձայնի լրագրող Իվաննա Պիդբորսկայան