Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է ԱՄՆ քաղաքացիների անօրինական ներգաղթյալ-ամուսիններին քաղաքացիություն շնորհելու հնարավորության մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Քաղաքացիություն կարող է տրվել նրանց, ովքեր ապրել են ԱՄՆ-ում առնվազն 10 տարի։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարել է մի ծրագրի մասին, որն առաջարկում է ԱՄՆ քաղաքացիություն շնորհել հարյուր հազարավոր ներգաղթյալների, որոնք անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում և ամուսնացած են Միացյալ Նահանգների քաղաքացիների հետ:

Խոսքը բազմաթիվ մարդկանց կացությունը օրինականացնելո լայնածավալ նախաձեռնության մասին է, որը, փաստորեն, է կոչված է հակադրվելու Դոնալդ Թրամփի առաջարկին՝ զանգվածաբար արտաքսել ԱՄՆ-ում գտնվող ապօրինի ներգաղթյալներին։

Ծրագիրը, որը պետք է ուժ ստանա առաջիկա ամիսներին, կանդրադառնա մոտ կես միլիոն անձանց, ովքեր մինչ սույն հունիսի 17-ը ԱՄՆ-ում բնակվել են առնվազն 10 տարի՝ երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանց խոսքով, 21 տարեկանից ցածր մոտ 50 հազար երեխաներ, ովքեր ունեն ԱՄՆ քաղաքացի ծնողներ, նույնպես իրավասու կլինեն ստանալ Միացյալ Նահանգների քաղաքացիության:

Ծրագիրը թույլ կտա ամուսիններին և երեխաներին՝ առանց Միացյալ Նահանգներից դուրս գալու, դիմել մշտական բնակության համար՝ նրանց զերծ պահելով հնարավոր երկարատև գործընթացից և ընտանիքի անդամներից բաժանված լինելու վտանգից:

Այս ֆոնին՝ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լևիթը հիշեցրել է արտաքսման քաղաքականությունը շարունակելու Թրամփի խոստումը՝ նշելով, որ նրա վերընտրվելու դեպքում «կվերականգնի օրենքի գերակայությունը»:

Ըստ Reuters/Ipsos-ի սոցհարցման, ամերիկացի ընտրողների կեսից մի փոքր ավելին աջակցում է ԱՄՆ-ում գտնվող անօրինական ներգաղթյալների կամ նրանց մեծ մասի արտաքսմանը:

Այնուամենայնիվ, Immigration Hub շահերի պաշտպանության խմբի կողմից անցկացված մեկ այլ սոցհարցում ցույց է տվել, որ տատանվող 7 նահանգներում ընտրողների 71%-ը սատարում է առաջարկությանը, ըստ որի ԱՄՆ-ում ավելի քան հինգ տարի գտնվող ամուսիններին պետք է թույլատրել մնալ երկրում:

Բայդենը երեքշաբթի ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ DACA ծրագրի տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ծրագրի նպատակն է արտաքսումից պաշտպանել Միացյալ Նահանգներում գտնվող առանց փաստաթղթերի միգրանտների երեխաներին՝ մինչև նրանց չափահաս դառնալը:

DACA-ն ուժի մեջ է մտել 2012-ին նախագահ Բարաք Օբամայի օրոք․ այդ ժամանակ Բայդենը փոխնախագահ էր, ինչի շնորհիվ ներկայում արտաքսման վտանգից զերծ են և աշխատանքի թույլտվություն ունեն մոտ 528 հազար հոգի, որոնք Միացյալ Նահանգներում են հայտնվել անչափահաս տարիքում:

Ակնկալվում է, որ երեքշաբթի Բայդենի վարչակազմը կհրապարակի հատուկ ուղեցույցներ, որոնք պետք է դյուրացնեն աշխատանքային վիզաների տրամադրումը DACA ծրագրից օգտնվողների համար:

Երեքշաբթի օրվա միջոցառմանը մասնակցած ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ Ադրիանո Էսփայլաթի խոսքով, ամուսինների համար նոր օրենքի ընդունմամբ վարչակազմը փորձում է հավասարակշռել Միացյալ Նահանգների սահմաններին անվտանգության միջոցառումների խստացման հետևանքները:

XS
SM
MD
LG