Մատչելի հղումներ

Իսրայելում զանգվածային ցույցեր են վարչապետ Նեթանյահուի կառավարության դեմ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ մարդիկ ծածանում են Իսրայելի դրոշները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ մարդիկ ծածանում են Իսրայելի դրոշները

Հազարավոր իսրայելցիներ երկուշաբթի Երուսաղեմում զանգվածային հանրահավաք էին կազմակերպել՝ ի նշան բողոքի, թե վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն ինչպես է վարում ռազմական գործողությունները Գազայում։

Ցույցը մեկնարկել էր երկրի խորհրդարանի՝ Կնեսետի շենքի առջև, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Նեթանյահուի նստավայր: Ցուցարարները կառավարությունից պահանջում էին բանակցություններ սկսել «Համասի» հետ՝ վերադարձնելու պաղեստինցիների ձեռքին գտնվող պատանդներին, ինչպես նաև անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Reuters-ը հաղորդում է, թե ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է հետ մղել նրանց՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։

Իսրայելում բողոքի ակցիաները բռնկվեցին ժամեր անց, երբ Բենիամին Նեթանյահուն հունիսի 17-ին ցրեց, այսպես կոչված, պատերազմական կառավարությունը, որը ձևավորվել էր անցած տարվա հոկտեմբերի 11-ին՝ հրեական պետության դեմ «Համասի» զինյալների արյունալի գրոհից օրեր անց։ Երբ նախկին բարձրաստիճան գեներալներ, ներկայում ընդդիմադիր քաղաքական գործիչներ Բենի Գանցը և Գադի Էյզենկոտը օրեր առաջ՝ հունիսի 13-ին, լքեցին պատերազմական կառավարությունը՝ Գազայում ընթացող ռազմական գործողությունների հարցում Իսրայելի վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, այնտեղ մնացել էին վարչապետ Նեթանյահուն, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ու ևս երկու հոգի։

Սպիտակ տունը երկուշաբթի արձագանքեց, թե տեղի ունեցածն Իսրայելի ներքին գործն է, և Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Նեթանյահուի կառավարության հետ:

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ մանրամասնել է՝ ԱՄՆ-ն չի որոշելու, թե ով պետք է լինի Իսրայելի կառավարությունում։

Այնուամենայնիվ, Միլլերը հավելել է, որ Վաշինգտոնը հրապարակավ անհամաձայնություն կհայտնի այն քաղաքականության վերաբերյալ, «որը, մեր կարծիքով, անարդյունավետ է ոչ միայն Պաղեստինի ժողովրդի, այլև Իսրայելի անվտանգության համար»։

Ժամանակին ԱՄՆ-ն կողմ էր արտահայտվել Իսրայելում «ռազմական կառավարության» գաղափարին:

Այս ամենին զուգահեռ՝ երկուշաբթիից ուժի մեջ մտավ Գազայի հարավային հատվածում իսրայելական ռազուժի սահմանած ցերեկային՝ 11-ժամյա «տակտիկական զինադադարը»:

Ըստ Իսրայելի, Գազայի հարավում նման հրադադարը թույլ կտա լրացուցիչ մարդասիրական օգնության հասցնել Իսրայելի կողմից վերահսկվող «Կերեմ-Շալոմ» անցակետ։ Այնուհետև, բեռնատարները կարող են ապահով կերպով շարժվել առաջ՝ Գազա հասցնելու խիստ անհրաժեշտ սնունդ և բժշկական պարագաներ:

Իսրայելցի զինվորականների կողմից հայտարարված «մարտավարական զինադադարը» վերաբերում է Ռաֆահի շրջանում գտնվող մոտ 12 կիլոմետրանոց ճանապարհին, և կապ չունի Գազայում մյուս մասերի հետ։

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը շարունակում են կոչ անել հրեական պետությանը և «Համասին» համաձայնության գալ առաջարկված նախագծի շուրջ, որը նախատեսում է 6-շաբաթյա զինադադար, պատանդների և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների ազատ արձակում: Սակայն դեռ վաղ է խոսել բանակցություններում «ճեղքման» մասին:

Ինչևէ, անգամ Գազայի հատվածում գործող նման զինդադարը, եթե այն շարունակվի, ապա կարող է լուծել պաղեստինցիների առջև կանգնած որոշ կենսական հարցեր՝ սննդի մատակարարումից մինչև դեղորայքի առաքումներ:

Իսրայելի ներկայացմամբ, Գազայի հարավ մատակարարվող մարդասիրական օգնության ծավալների ավելացումը դրական ազդեցություն կթողնի նաև Գազայի այլ հատվածներում՝ հատկապես կենտրոնական, քանզի հյուսիսային մասը սնուցվում է Գազայի հյուսիսում գտնվող անցակետի միջոցով։

Երուսաղեմում ուշադրություն են հրավիրում՝ նման զինադադար է առաջարկվել, երբ
մեկնարկել է մահմեդականների գլխավոր տոներից մեկը՝ Իդ ալ-Ադհան, իսկ հրադադարի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է ՄԱԿ-ի ու մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպությունների հետ քննարկումներից հետո:

Գազայի հարավում օգնության հոսքը սկսեց նվազել է այն ժամանակ, երբ դրա կարիքն աճում էր: Ավելի քան 1 միլիոն տեղահանված պաղեստինցիներ Գազայի այլ հատվածներից ապաստան էին գտել Ռաֆահում: Վրանային ճամբարներում շատերի վիճակն օրհասական է:

ՄԱԿ-ի ներկայացմամբ, մայիսի 6-ից մինչև հունիսի 6-ը Գազայի հարավային շրջան օրական մուտք է գործել միջինը 68 բեռնատար, այնինչ ապրիլին այդ թիվն օրական 168 էր։ Ըստ ՄԱԿ-ի, իրականում օրական անհրաժեշտ է առնվազն 500 բեռնատար:

Ինչևէ, «մարտավարական զինդադարի» արդյունքում յուրաքանչյուր օր՝ կգործի 11-ժամյա «պատուհան», որի միջոցով հնարավոր կլինի մարդասիրական օգնություն առաքել։

ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի նման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն կհանգեցնի «Իսրայելի կողմից հետագա կոնկրետ միջոցառումների՝ Գազայի հատվածում խնդիրների երկարատև լուծման համար»:

Սակայն անգամ նման՝ սահմանափակ զինադադարը պատճառ հանդիսացավ, որ Նեթանյահուի գլխավորած կառավարության ծայրահեղ աջերը սուր քննադատության ենթարկեն այն, թեև Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացմամբ, հարավային Գազայի մյուս մասերում մարտերը չեն դադարեցվում:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 37 հազար հոգի։

Նայք Չինգ, Մարգարեթ Բեշեր, «Ամերիկայի ձայն»
Այս նյութում օգտագործվել են նաև Agence France-Presse-ի ու Reuters-ի
հրապարակումները:

XS
SM
MD
LG