Երեքշաբթի Վաշինգտոնում հանդիպելով զենքի վերահսկման կողմնակից ակտիվիստներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է նրանց օգնությունը՝ զենքի մասին օրենքները խստացնելու համար:
«Մեզ հարկավոր է ձեր աջակցությունը՝ հաղթահարելու զենքի լոբբիի, զենք արտադրողների, [նրանց աջակցող] քաղաքական գործիչների հակազդեցությունը, քանզի դեմ են զենքի մասին ողջախոհ օրենսդրությանը»,- ասել է Բայդենը:
Բայդենը կոչ է ԱՄՆ-ում դաշնային մակարդակով արգելել հարձակողական տեսակի զենքերի վաճառքը և քննադատել է հանրապետական գործիչներին, որոնք փորձում են փակել Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկների բյուրոն, որը պատասխանատու է հրազենի կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարի համար:
«Չեք կարող լինել օրինապահ ու ասել բյուրոն փակելու կողմնակից եք: Չեք կարող այդ անել: Վրդովեցուցիչ է»,- ասել է Բայդենը:
Ըստ Pew Research Center-ի, ամերիկացիների գրեթե մեկ երրորդը խոստովանել է, որ զենք ունի։
Զենքի արտադրության ու վաճառքով զբաղվող ընկերություններին լոբբիստական ծառայություններ մատուցող կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ այս մայիսին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Բայդենը, պարզապես, ցանկանում է խլել զենքերը:
«Եթե Բայդենի ռեժիմը ևս չորս տարի մնա իշխանության, նրանք կգան ձեր զենքերի հետևից։ 100%-ով այդպես է լինելու»,- ասել է Թրամփը:
Ըստ Թրամփի, ԱՄՆ սահմանադրության երկրորդ լրացմամբ երաշխավորված զենք կրելու իրավունքը կպահպանվի, եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում։ Բայդենի վերընտրվելու պարագայում այդ իրավունքը կհայտնվի սպառնալիքի ներքո:
«Եթե նրանք հաղթեն, մեր երկիրը կկործանվի։ [Սահմանադրության] երկրորդ լրացումը, կարծես, պաշարված վիճակում լինի: Սակայն եթե ես հաղթեմ, նրանք չեն հաջողի»,- ասել է Թրամփը:
Հրազենի ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ զրույցում Թրամփը վստահություն է հայտնել, որ զենք ունեցողները այս նոյեմբերին կքվեարկեն իր օգտին՝ ապահովելով իր հաղթանակը:
«Նրանք հայրենասեր են։ Մեծ մարդիկ են։ Անելու ենք այնպիսի բաներ, որոնց ոչ ոք չի կարող հավատալ: Այս ընտրություններում հաղթելու ենք այնպիսի թվով, որը նախկինում ոչ ոք չի տեսել»,- ասել է Թրամփը:
Բայդենն ընդգծում է՝ Թրամփի դիրքորշումը զենքի վերահսկման հարցում լուրջ պատճառ է՝ նրան չընտրելու համար։
«Իմ նախորդը վերջերս կայացած Հրազենի ազգային ասոցիացիայի ժողովին ասաց, թե հպարտ է, որ ոչինչ չի արել զենքի հետ կապված, երբ նախագահ էր, և ոչինչ չանելով՝ նա զգալիորեն վատացրել է իրավիճակը»,- ասել է Բայդենը:
Զենքի վերահսկման վերաբերյալ նախագահ Ջո Բայդենը խոսել է երեքշաբթի՝ նույն օրը, երբ իր որդին՝ Հանթերը, դատապարտվեց ապօրինաբար զենք գնելու համար:
Իր խոսքում ԱՄՆ նախագահը չի անդրադարձել որդու դատավճռին, սակայն գրավոր հայտարարությամբ ընդգծել է, թե կընդունի դատաքննության արդյունքը և կշարունակի հարգել դատական համակարգը: Հանթեր Բայդենը ԱՄՆ նախագահի առաջնեկն է, ով մեղավոր է ճանաչվել 2018 թվականին՝ թմրանյութերից ունեցած կախվածության ժամանակ ատրճանակ ձեռք բերելու համար: Այս սեպտեմբերին նա վերստին կկանգնի դատարանի առջև՝ հարկային խարդախության մեղադրանքով: