Մինչ իսրայելական զորքերը շարունակում են իրենց գործողությունները Գազայի հատվածում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե «Համասի» ռազմական կարողությունները գրեթե չեզոքացվել են:
«Մոտենում ենք «Համասի» ահաբեկչական բանակի ոչնչացման ավարտին»,- ասել է նա։
Իսրայելի վարչապետի այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի Բրուքինգզ ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել «Համասի» ղեկավարությանը ընդունել զինադադար հաստատելու նախագահ Ջո Բայդենի հայտնի առաջարկը:
«Նախագահ Բայդենը ներկայացրած առաջարկն ուժի մեջ է։ Դա կլինի առաջ գնալու ամենաարագ ճանապարհը՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու, բռնությանը վերջ տալու, օգնությունը մեծացնելու, բոլորին տուն վերադարձնելու համար, ներառյալ՝ ամերիկացի պատանդներին»,- ասել է Բլինքենը:
ԱՄն պետքարտուղարի ելույթի ժամանակ լսելի էին Բրուքինգզի մոտ հավաքված ցուցարարների ձայները։
Բլինքենը ընդգծել է, որ Իսրայել-«Համաս» հակամարտությունը պետք է ավարտվի Գազայի կառավարման, տեղում անվտանգության ապահովման համար հստակ ծրագրերի գործարկմամբ և, իհարկե, գործի են դրվելու վերականգնողական ծրագրեր:
Տեղափոխվենք Գազա։ «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամմեդ Աբու Սելմիայի համար կյանքն փոխվել է․ անցած տարվա նոյեմբերից Իսրայելում կալանքի տակ գտնվող բժիշկն երեկ ազատ է արձակվել:
«Մեզ դաժան խոշտանգումների են ենթարկել, մատս կոտրվել է։ Բազմիցս հարվածներ են հասցրել գլխիս՝ բազմաթիվ անգամ արյունահոսություն առաջացնելով։ Իսրայելի բանտերում գրեթե ամեն օր խոշտանգումներ են եղել»,- ասել է նա։
Իսրայելի բանտային ծառայությունը The Washington Post-ին հայտնել է, որ անծանոթ է խոշտանգումների մասին հայտարարություններին՝ հավելելով, որ բանտարկյալներն իրավունք ունեն բողոքներ ներկայացնել, որոնք պատշաճ կարգով կքննվեն:
Անցած տարի իսրայելական զորքերը գրոհեցին «Ալ-Շիֆա» հիվանդանոցը՝ պնդելով, թե «Համասի» զինյալներն օգտագործում էին այն որպես հրամանատարական կետ:
Հիվանդանոցի աշխատակիցները հերքել էին մեղադրանքը:
Աբու Սելմիան ազատ է արձակվել մոտ հիսուն պաղեստինցիների հետ միասին, ովքեր վերադարձել են Գազա և դիմել բուժօգնության: