Կիրակի վաղ առավոտյան իսրայելական տանկերը դիրքեր են գրավել Գազայի հետ սահմանին, իսկ մեկ օր առաջ իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն երեք պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական մասում՝ փոխանցում է «Համասի» ղեկավարած առողջապահական ծառայությունը:
Associated Press-ը ևս հաղորդում է երեք զոհերի մասին:
Պաղեստինյան կողմը պնդում է, թե անցած տարվա հոկտեմբերի 7-ից սկիզբ առած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը մոտեցել է մոտ 38 հազարի։
Այդ օրը հրեական պետության դեմ «Համասի» գրոհայինների ձեռնարկած արյունալի գրոհի հետևանքով սպանվեցին 1 200 իսրայելցիներ, առևանգվեցին 250-ը:
Իսրայելի կառավարության դիրքորոշումն անփոփոխ է՝ «Համասը» պետք է չեզոքացվի, բոլոր պատանդները պետք է վերադարձվեն:
Կիրակի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է «պատանդներին ազատելու սուրբ գործի», ինչպես նաև հետաձգված խաղաղության համաձայնագրի մասին:
«Բոլորը գիտեն պարզ ճշմարտությունը, որ «Համասն» է միակ խոչընդոտը մեր պատանդներին ազատ արձակելու համար։ Համատեղելով քաղաքական ու ռազմական ճնշումները՝ մենք մեր բոլոր 120 պատանդներին հետ ենք բերելու»,- ասել է նա:
Հազարավոր իսրայելցիներ կրկին հավաքվել են Թել Ավիվում՝ պահանջելով ընտրություններ անցկացնել և պաշտոնանկ անել Նեթանյահուին:
ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը տարածաշրջանային գործընկերների հետ՝ հասնելու Իսրայելի և «Համասի» միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը:
Սակայն երկու կողմերն էլ անզիջում են։ «Համասը» պահանջում է մշտական զինադադար և իսրայելալան զորքերի դուրսբերում Գազայի հատվածից: Մինչդեռ, Իսրայելը համաձայնում է միայն ժամանակավոր զինադադարի:
««Համասը» պատրաստ է դրական արձագանքել ցանկացած առաջարկի, որը նախատեսում է մշտական հրադադար, [] զորքերի ամբողջական դուրսբերում Գազայի հատվածից և լուրջ գործարք»,- ասել է «Համասի» բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդան։
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության հաղորդմամբ, ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվել է շրջանի գրեթե ողջ բնակչությունը՝ 2․3 միլիոն մարդ, որոնցից շատերն այժմ ապրում են վրանային ավաններում։
ԱՄՆ-ն շարունակում է նյութական աջակցություն ցուցաբերել Իսրայելին, թեև միջազգային հանրության կողմից ավելի բարձր են հնչում հրադադար հաստատելու կոչերը։
Եգիպտոսում ԱՄՆ դեսպան Հերրո Մուստաֆա Գարգն այցելել է Հյուսիսային Սինայում գտնվող օժանդակության ցուցաներման կետեր և Ռաֆահի սահմանային անցակետ։