Մոհամեդ Աբու Սելմիան կալանավորված էր անցած տարվա նոյեմբերից։ Նա ղեկավարում էր Գազայում գործող «Շիֆա» հիվանդանոցը, որը նույն՝ նոյեմբերին ենթարկվեց իսրայելական ուժերի գրոհին՝ այն հիմնավորմամբ, թե բուժհաստատությունը ծառայում էր որպես «Համասի» հրամանատարական կենտրոն:
Հիվանդանոցի ներկայացուցիչները հերքել են մեղադրանքը՝ Իսրայելին մեղադրելով բուժառուների և հիվանդանոցում ապաստան գտած այլ քաղաքացիական անձանց կյանքը վտանգելու մեջ:
Իսրայելի կառավարության ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջ Իտամար Բեն Գվիրը քննադատել է Աբու Սելմիային ազատ արձակելու որոշումը՝ X-ում գրելով, թե նման քայլը «անվտանգության հարց է [առաջացնում]»:
Այս ամենի ֆոնին՝ իսրայելական ռազմուժը հաղորդել է, որ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան պաղեստինցի զինյալների գրոհների, որոնք 20 արկ են արձակել Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքից՝ սահմանի երկայնքով ընկած տարածքների ուղղությամբ:
Իսրայելական կողմի ներկայացմամբ, արկերի մի մասը հաջողվել է որսալ, մյուսները ընկել են Իսրայելի հարավում:
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաև «Հըզբոլլահի» գրոհայիններին՝ Լիբանանի հարավում գտնվող մի քանի գյուղերում:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի վերհաստատել է իր դիրքորոշումը, թե «հաղթանակին այլընտրանք չկա»՝ ընդգծելով, թե Իսրայելը կշարունակի իր պատերազմը Գազայում «Համասի» դեմ այնքան ժամանակ, քանի դեռ գրոհայինները «չջախջախվեն», և «Համասի» կողմից պահվող 120 պատանդները՝ սպանված կամ ողջ, չվերադարձվեն:
Նեթանյահուի խոսքով, ինն ամիս շարունակվող ռազմական գործողությունները կշարունակվեն, «մինչև մենք չհասնենք մեր բոլոր նպատակներին», և «[«Համասը»] այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելին»:
Իսրանելի վարչապետի խոսքով, «բոլորը գիտեն պարզ ճշմարտությունը՝ «Համասը» միակ խոչընդոտն է մեր պատանդներին ազա արձակման համար»:
Զուգահեռաբար՝ անշարժ վիճակ է Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններում։ Հայտնի է, որ Իսրայելն առաջարկում է վեց շաբաթով դադարեցնել մարտերը՝ պատանդների ու գերիների փոխանակման դիմացը։ «Համասը» պահանջում է մշտական զինադադար և Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերում:
Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ԱՄՆ-ն նոր առաջարկ է ներկայացրել միջնորդ-երկրներին՝ Եգիպտոսին և Կատարին, որպեսզի կրկին փորձ արվի վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները:
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 38 հազար հոգի։
Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի
հրապարակումները: