Մատչելի հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է նրանց ու տարածաշրջանի շահերից. Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հանդես է եկել Վաշինգտոնում գործող Բրուքինգզ ինստիտուտում, ուր մի շարք արտաքին քաղաքական հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է հազվագյուտ հնարավորություն՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը հսկայական տնտեսական հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասում՝ Բրուքինգզ ինստիտուտում այսօր ունեցած ելութի ու հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«[Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում], կարծում եմ, առկա է հազվագյուտ հնարավորություն, ներուժ՝ երկրների միջև կյանքի կոչել խաղաղության համաձայնագիրը, որն ավարտին կհասցնի տասնամյակներ տևած հակամարտությունը և, ըստ էության, տարածաշրջանում հսկայական հնարավորություն կստեղծի տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, ինչպես նաև՝ երկրները միմյանց հետ՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով կապելու համար: Ադրբեջանը չափազանց կարևոր դեր է խաղում այս հարցում»,- հայտարարել է Բլինքենը:

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունը բխում է նրանց ու տարածաշրջանի շահերից
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Պետքարտուղարի խոսքով, կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է և այն բխում է ինչպես Բաքվի ու Երևանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից:

«Ինտենսիվ ջանքեր ենք ներդրել մեր դիվանագիտության միջոցով՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության համաձայնագրին: Այդ արել ենք Եվրամիության հետ շատ սերտ համագործակցության ու համակարգման միջոցով, և, կարծում եմ, որ դրան հնարավոր է հասնել: Մոտ մեկ շաբաթ առաջ էի խոսել այս առիթով նախագահ Ալիևի հետ»,- նշել է Բլինքենը:

Պատասխանելով Հարավային Կովկասում այսօր ստեղծված կացության մասին հարցին՝ Էնթոնի Բլինքենն ընդգծել է տարածաշրջանի կարևորությունը՝ արձանագրելով Հարավային Կովկասում հսկայական քաղաքական տեղաշարժերը, նաև կարծիք հայտնելով, թե տարածաշրջանում առկա են և՛ «իրական մտահոգություններ», և՛ «իրական հնարավորություններ»։

Հարավային Կովկասի մասին խոսելիս, պետքարտուղար Բլինքենն անդրադարձել է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը՝ ընդգծելով, որ այդ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի ու վրաց ժողովրդի մեծ մասի ընտրած եվրոպական ուղուն:

«Մենք և շատ այլ երկրներ խորը մտահոգությունն ենք հայտնել այս կապակցությամբ։ Նաև քայլեր ենք ձեռնարկել՝ այդ մտահոգությունները արտահայտելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենը եզրափակել է՝ Վաշինգտոնը համահունչ է գործում Հարավային Կովկասում առկա բոլոր մարտահրավերներին և կենտրոնացած է իրական հնարավորությունների վրա։

Հարավային Կովկասից բացի, պետքարտուղարն իր ելույթում անդրադարձավ Ուկրաիանի և Գազայի հակամարտություններին, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, Չինաստանի հետ հարաբերություններին և այլ գլոբալ մարտահրավերներին ու զարգացումներին:

Ելույթում զգալի տեղ հատկացվեց ուկրաինական խնդրին: Բլինքենը կարևորում է այստեղ դաշնակից երկրների միջև համագործակցությունը:

«Պուտինի նպատակն էր բառացիորեն վերացնել Ուկրաինան համաշխարհային քարտեզի վրայից, վերջ դնել նրա ապագայի՝ որպես անկախ երկիր, նրան ընդգրկել մեծ Ռուսաստանի մեջ: Դա տեղի չունեցավ և տեղի չի ունենա երկու պատճառներով. իհարկե, ուկրաինացիների արտասովոր խիզախության ու տոկունության, բայց նաև այն պատճառով, որ ավելի քան 50 երկներ, ԱՄՆ-ի առաջնորդությամբ, միավորվեցին՝ աջակցելու Ուկրաինային նրա պաշտպանության հարցում»,- ընդգծել է նա:

Բլինքենը շեշտում է՝ Մոսկվայի նախնական ծրագրի ձախողումը մեծ ձեռքբերում է: Նա ներկայացրեց Ուկրանայի հարցում հաջողության իր պատկերացումները:

«Դա Ուկրաինայի հանդես գալն է որպես ուժեղ, հաջողակ մի երկիր, որն ավելի ու ավելի է ինտեգրվում Արևմուտքի հետ: Մի երկիր, որը ռազմական, տնտեսական և ժողովրդավարական առումով ամուր կանգնած է իր ոտքերի վրա»,- շեշտել է Բլինքենը:

Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ պետքարտուղարը շեշտում է՝ ռազմական դաշինքի 75ամյակի գագաթնաժողովի հիմնական նպատակներից է դաշինքի ապագայի վրա կենտրոնացումը։ Նա կարևորում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության ներուժը՝ դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածը, որպես ագրեսիայի զսպման առաջնային միջոց՝ հիշեցնելով, որ այն արձանագրում է, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը, հարձակում է բոլորի վրա: Այսօր մենք ունենք դաշինք, որն ավելի մեծ է՝ ներառելով Ֆինլանդիան և Շվեդիան, արձանագրում է պետքարտուղարը:

XS
SM
MD
LG