Մատչելի հղումներ

Կայացավ Թրամփի և Բայդենի 2024 թվականի առաջին նախընտրական բանավեճը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը

ՎԱՇԻՆԳՏՈՆ – ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի նախընտրական բանավեճի շրջանակներում խոսել են ԱՄՆ-ի տնտեսության վիճակի, միջազգային հարաբերությունների, աբորտների իրավունքների և Մեքսիկայի հետ սահմանից միգրանտների հոսքի շուրջ:

«Մենք նմանվել ենք երրորդ աշխարհի երկրի, ամոթ է», - նշել է Թրամփը Ատլանտայում CNN-ի կենտրոնակայանում բանավեճի բեմից:

«Մեզ այլևս չեն հարգում», - հավելել է նա՝ մեղադրելով Բայդենին։ «Նրանք կարծում են, որ մենք հիմար ենք».

«Նա ամերիկյան պատմության ամենավատ նախագահն է», - ավելի ուշ Թրամփի մասին ասել է Բայդենը։ «Այս մարդը գաղափար չունի ամերիկյան ժողովրդավարության մասին»:

Նոյեմբերի 5-ի ընտրություններից ավելի քան չորս ամիս առաջ, Բայդեն-Թրամփ բանավեճը նշանավորում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քառամյա ցիկլի սկիզբը:

Սա 2020 թվականի երկու բանավեճերի կրկնությունն է, որոնք տեղի ունեցան ընտրություններում Բայդենի հաղթանակից երկու ամիս առաջ, երբ Թրամփը չընտրվեց պաշտոնավորման երկրորդ ժամկետի համար:

Սա նաև առաջին դեպքն էր, երբ բանավիճում էին ներկա և նախկին նախագահերը։ 2020 թվականի հոկտեմբերին կայացած նրրանց վերջին բանավեճից հետո՝ սա առաջին դեպքն էր, երբ Բայդենն ու Թրամփը, ովքեր միմյանց տանել չեն կարողանում, նույն սենյակում էին:

Բանավեճի ընթացքում հանդիսատես չի եղել, երկու թեկնածուներին էլ ուղեկցել են ընդամենը մի քանի օգնականներ։

Առաջին տիկին Ջիլ Բայդենը ստուդիայում էր։ Թրամփի կինը՝ Մելանիան, այնտեղ չէր: Ի հայտ եկան մի քանի հանրապետականներ, ովքեր ցանկանում են դառնալ Թրամփի փոխնախագահի թեկնածուն։

Նախագահի երկու թեկնածուներն էլ ամենատարեցներն են ԱՄՆ պատմության մեջ՝ դեմոկրատ Բայդենն այժմ 81 տարեկան է, իսկ հանրապետական Թրամփը՝ 78։

Նրանք շատ տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է կառավարվի ԱՄՆ-ը 2025 թվականի հունվարից, և ինչպիսի դեր պետք է ունենա երկիրը որպես ռազմական գերտերություն համաշխարհային գործերում։

Այսպիսով, Բայդենը կոչ է անում սերտ կապեր պահպանել եվրոպացի դաշնակիցների հետ, մինչդեռ Թրամփը հանդես է գալիս մեկուսացման դիրքերից։

Բայդենը կոչ է անում արևմտյան երկրներին Ուկրաինայի թիկունքին կանգնել՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար։ Մինչ դեռ Թրամփը կասկած է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինված ուժերին տրվող հետագա աջակցության վերաբերյալ։ Նախկին նախագահն ասել է, որ արագ կկարգավորի հակամարտությունը, սակայն չի նշել, թե ինչպես:

Երկու թեկնածուներն էլ աջակցում են Իսրայելին ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմում։

Բայդենը, սակայն, վերջերս նաև քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածում պատերազմի և պաղեստինցի զոհերի մեծ թվի համար:

Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները նշում են ավելի քան 37,000 զոհի մասին, որոնք հիմնականում կանայք են և երեխաներ:

Բայդենը հանդես է գալիս հրադադարի օգտին, մինչդեռ Թրամփն ասում է, որ Իսրայելը պետք է արագ «անի այն, ինչ անհրաժեշտ է՝ Համասին հաղթելու համար»:

Համազգային հարցումները ցույց են տալիս, որ ընտրոողների շարքերում Բայդենն ու Թրամփը գրեթե հավասարվել են:

Շատ քաղաքագետներ կարծում են, որ միլիոնավոր ամերիկացիներ արդեն կատարել են իրենց ընտրությունը։ Սակայն շատ ընտրողներ չեն նախընտրում ոչ Բայդենին, ոչ Թրամփին և կարող են դժկամորեն ընտրել նրանցից մեկին՝ մյուսի փոխարեն, քվեարկել երրորդ կողմի կամ անկախ թեկնածուի օգտին կամ ընդհանրապես բաց թողնել ընտրությունները:

XS
SM
MD
LG