Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատությունների հետ կապված հարցերին 


Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:

Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում այյն խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին

Այսօր ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են թիրախավորել անհատներին, փակել պաշտամունքի վայրերը, բռնի տեղահանել համայնքները և բանտարկել մարդկանց իրենց կրոնական համոզմունքների պատճառով, հունիսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2023 թվականի կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության հերթական զեկույցը ներկայացնելիս:

Իր խոսքում պետքարտուղարը մեջբերել է Pew Research Center-ի հետազոտության տվյալները, որոնք փաստում են, որ կառավարական սահմանափակումները կրոնի նկատմամբ հասել են իրենց ամենաբարձր կետին 2007 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարածաշրջանում մարդիկ շարունակում են բախվել կրոնական բռնության, կրոնական խտրականության, ինչպես կառավարությունների, այնպես էլ անհատների կողմից, ասել է Բլինքենը:

«Բռնի ծայրահեղական խմբավորումները ևս թիրախավորում են մարդկանց՝ ելնելով նրանց հավատքից, ինչպես տեսանք անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի Դաղստանի շրջանի եկեղեցիների և սինագոգի վրա հարձակումներում, որոնց ընթացքում զոհվեցին ոստիկաններ, քաղաքացիական անձինք և քահանա: Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» սարսափելի ահաբեկչությունից ի վեր և դրան հաջորդած Գազայում հակամարտության ընթացքում, և՛ հակասեմականությունը, և՛ իսլամատյացությունը զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում: Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ատելության հանցագործությունների և այլ միջադեպերի մասին հաղորդումները, որոնք ուղղված են ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների դեմ, կտրուկ աճ են արձանագրել»,- ասում է պետքարտուղար Բլինքենը:

Պետքարտուղարության տարեկան զեկույցն անդրադառնում է 2023 թվականի ընթացքում շուրջ 200 երկրներում կրոնական ազատություների բնագավառում տեղ գտած զարգացումներին, ներառյալ Հայաստանում:

Պետքարտուղարության տարեկան զեկույցն անդրադարձել է Հայաստանում եկեղեցի-կառավարություն հակադրմանը
please wait

No media source currently available

0:00 0:07:32 0:00

Ըստ զեկույցի՝ Հայաստանի «Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է «կրոնական կազմակերպությունների» և պետության տարանջատում։ Այն ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ) ՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ:»

Ըստ զեկույցի՝ 2023 թ.-ի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին: «Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:

Այն շեշտում է՝ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում: Այս քայլը, ըստ պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:

ԱՄՆ արտաքին գերատեսչության զեկույցը նկատում է՝ Հայասստանի սահմանադրությունն «արգելում է հիմնարար իրավունքների և ազատությունների օգտագործումը կրոնական թշնամանք հրահրելու նպատակով։ Այն սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը։»

Փաստաթղթում հիշատակվում է եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ գործը. չնայած 2022 թվականին նրա հանդեպ դատական կարգով հետապնդումը դադարեցվեց, «կառավարությունը շարունակեց նրա դեմ առաջադրել «թշնամություն հրահրելու» մեղադրանքներ» ՝ առանց չեղարկելու նրան ձերբակալելու որոշումը:

Զեկույցը հիշեցնում է. «Կառավարությունը Սուլթանյանին մեղադրանք է առաջադրել 2021 թվականին՝ իբր «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու» համար, քանի որ վերջինս լրագրողին ասել էր, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում երկրի եզդի փոքրամասնությանը խտրականությունից պաշտպանելու համար։»

Կրոնական փոքրամասնությունների մասին խոսելիս զեկույցը մեջբերում է նաև բապտիզմ դավանող Դավիթ Նազարեթյանի գործը, որին դատարանը դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ «զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորակոչից խուսափելու համար՝ չնայած այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին նրա բազմաթիվ դիմումների», ասված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է նաև անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում գտնվող հրեական միակ սինագոգի՝ Մորդեխայ Նավիի հանդեպ վանդալիզմի դեպքերին: Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել էր միջադեպերը, իսկ Հայաստանոմ հրեական համայնքն այն որակել «սադրանք, որը միտված է հրեաներին և հայերին հանելու միմյանց դեմ՝ Հայաստանի թշնամիների շահերից ելնելով»:

Զեկույցում անդրադարձ կա նաև «Եհովայի վկաներ» կրոնական խմբի անդամների վկայություններին, ըստ որոնց՝ կրոնական այս խմբի անդամների նկատմամբ անցած տարվա ընթացքում արձանագրվել են բանավոր և ֆիզիկական բռնության դեպքեր, ինչպես նաև հարձակումներ «Եհովայի վկաների» մասին պատմող ստենդերի վրա:

Զեկույցն Ադբեջանին վերաբերող հատվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին: Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուանկարների հիմնա վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին: Զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել։» Զեկույցը նշում է. «CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին:»

Պետքարտուղարությունը մեջբերում է նաև հունիսի 22-ին CHW-ի հրապարակած զեկույցը, որտեղ արձանագրվում են «մտահոգիչ միտումներ», որոնք վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի երկրամասի մշակութային ժառանգության վայրերը, ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում:

Փաստաթուղթը հիշատակում է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ:» Ըստ պետքարտոիղարության զեկույցի՝ հատուկ զեկուցողը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհուրդի մտահոգությունները հայկական ժառանգությունը կովկասյան-ալբանական «խոսույթով» փոխարինելու կապակցությամբ. երկրամասի մշակույթի և ճարտարապետության ոլորտների փորձագետների ճնշող մեծամասնությունն, ըստ զեկույցի, «մերժել էին այս ռեվիզիոնիստական պնդումները՝ դրանք որակելով կեղծ»։

Պետքարտուղաության զեկույցն ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ը պետքարտուղարը, հենվելով 1998 թվականի Կրոնական ազատության միջազգային ակտի վրա, Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում, որը առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկրների ցուցակ է՝ «դավանանքի ազատության կոպիտ խախտումներ իրականացնելու կամ դրանք հանդուրժելու համար»,- նշված է պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին այս տարվա զեկույցում:

XS
SM
MD
LG