Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ընդգրկել է Ադրբեջանը Կրոնական ազատության դիտարկման ցանկում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգներն ընդգրկել է Ադրբեջանը Կրոնական ազատության դիտարկման ցանկում: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, հրապարաված պետքարտոիւղարության կայքում: 

«Ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը ընդգրկել եմ երկրների [կրոնական ազատության] դիտարկման հատուկ ցանկում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումներին մասնակցելու կամ դրանք հանդուրժելու համար»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ:

Ըստ պետքարտուղարի հայտարարության՝ ԱՄՆ-ը որպես կրոնական ազատությունների հարցում «առանձնահատուկ մտահոգության երկրներ» է դիտարկում Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը՝ «կրոնական ազատության հարցերում առանձնապես կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար:

«Կառավարությունները պետք է վերջ տան այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունը և խաղաղ արտահայտվելու համար երկարատև բանտարկությունը, անդրազգային ճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը, ի թիվս այլ խախտումների, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր վայրերում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։

Հիշեցնենք, որ անցած տարի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների ու սրբավայրերի պահպանման վերաբերյալ իր մտահոգությունն էր բարձրաձայնել Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կրոնական ազատությունների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում։

XS
SM
MD
LG