Մատչելի հղումներ

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ճնշում գործադրել Ալիևի վրա


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդես

Ամերիկյան ներկա և նախկին քաղաքական շրջանակներն անդրադառնում են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար վիճակին

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսի նախագահության ներքո ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանն ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։ Հանձնաժողովի գրառման մեջ ասված է.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար։ Այնուհետև Ադրբեջանը կտրել է կենսական նշանակության պարենի և դեղամիջոցների այս վերջին աղբյուրը: Ավելի քան 7 ամիս է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո, եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա: Մարդկանց կյանքերը վտանգի տակ են», - գրված է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի գրառման մեջ։

Միևնույն ժամանակ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը սոցիալական նույն ցանցում ևս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին՝ նշելով.

«Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Լաչինի միջանցքը փակ է՝ չնայած այն բաց պահելու պայմանավորվածությանը։ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար, քանի դեռ ամեն ինչ է՛լ ավելի չի վատթարացել», - գրել է Բրաունբեքը։

Ավելի ուշ, X սոցիալական ցանցի մեկ այլ գրառման մեջ Սեմ Բրաունբեքն անդրադարձել է Լաչինի միջանցքի անցակետում կալանավորված Լեռնային Ղարաբաղի բնակչի հետ կապված միջադեպին՝ նշելով.

«Չափազանց մտահոգիչ է, որ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չի կարող մարդասիրական մատակարարումներ հասցնել Լեռնային Ղարաբաղ: Կարմիր Խաչը կարողանում էր բժշկական տարհանումներ իրականացնել մինչև անցյալ շաբաթ, երբ Ադրբեջանը ձերբակալեց տարհանվող անձին, և այժմ նույնիսկ դրանք [բժշկական տարհանումները] կասեցված են»,- գրել է Բրաունբեքը։

XS
SM
MD
LG