Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի փորձագետները այս ապրիլին հրապարակեցին երկու զեկույց, որտեղ վերլուծել են ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրում ստեղծված իրավիճակը և առաջարկություններ արել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության զարգացման ու Կիևին աջակցող երկրների համար, որոնց մեջ առանցքային դերը պատկանում է ԱՄՆ-ին։
Առաջին զեկույցը կոչվում է «Պահեստում առկա չէ»:
Երկրորդի անվանումն է՝ «Ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրի վիճակը երկամյա պատերազմից հետո», ուր ամփոփված են այն ջանքերը, որոնք Կրեմլը ձեռնարկել է՝ փորձելով կենսունակ պահել իր ռազմա-արդյունաբերական համալիրը։։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մարիա Սնեգովայան ընդգծել է՝ «սթափեցնող եզրակացության ենք հանգել, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ադապտացումը այս պատերազմին ավելի հաջող է ընթանում, քան սպասվում էր»։
Ինչպե՞ս Կրեմլը կարողացավ կենսունակ պահել իր ռազմա-արդյունաբերական համալիրը
«Առաջին հերթին Ռուսաստանը շարունակում է հույսը դնել խորհրդային զենքի հսկայական պաշարների վրա, և խնդիրն այն է, որ ոչ ոք իրականում չգիտի, թե դրանք որքան են», - նշել է Սնեգովայան:
Նրա խոսքով, «չնայած հին սարքավորումների օգտագործմանը, ռուսները արդիականացնում են այն՝ ավելացնելով ժամանակակից բաղադրիչներ», օրինակ՝ տանկերի և այլ զրահատեխնիկայի պարագայում։
Բացի այդ, ըստ հետազոտողի, «Ռուսաստանի տնտեսությունն աճում է։ Անցած տարի աճը կազմել է 3․6%: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, այս տարի այն կաճի 3․2%-ով»։
Մարիա Սնեգովայան հիշեցրել է՝ նաև էներգակիրների վաճառքի արդյունքում Կրեմլը շարունակում է հսկայական եկամուտներ գեներացնել, որոնք ներդրվում են տնտեսության մեջ:
«Առկա է ազդեցիկ գործոն, որը հնարավորություններ է բացում։ Խոսքն այն մասին է, որ կարելի է հաջողությամբ փոխգործակցել տարբեր երկրների հետ։ Ոմանք կարող են ծառայել որպես մատակարար, մյուսները՝ որպես միջնորդ։ Ռուսաստանը, իրոք, փոխարինել է իր [էներգակիրների] արտահանման շուկաները, և այժմ Չինաստանն առանցքային դեր ունի»,- ընդգծել է Սնեգովայան։
«Չինաստանից Ռուսաստան ապրանքների լայն տեսականի է մատակարարվում՝ մեքենաներից մինչև կիսահաղորդիչներ: Միաժամանակ, Չինաստանը շատ զգույշ է։ Կան նաև Հյուսիսային Կորեան և Իրանը, և նրանք, ամենայն հավանականությամբ, կդառնան ավելի կարևոր գործոններ: Այս երկրներն ուղղակիորեն խախտում են պատժամիջոցները։ Նրանք կորցնելու ոչինչ չունեն»,- հավելել է վերլուծաբանը:
Մարիա Սնեգովայայի կարծիքով, «Ռուսաստանում փոփոխություն է տեղի ունեցել ռազմական արտադրությանը վերաբերող մոտեցման մեջ»․ «Տեսնում ենք, որ Ռուսաստանն ակտիվորեն հենվում է երկակի նշանակության բաղադրիչների վրա, ինչը հանգեցնում է բաղադրիչների ավելի էժան տեսակների օգտագործմանը»։
Դարձյալ Վաշինգտոնում գործող Ռազմածովային ուժերի հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի գծով փորձագետ Սեմուել Բենդետը հավելել է, թե Սառը պատերազմի ժամանակաշրջանում ստեղծված զենքի պաշարներից զատ, որոնք կարող են արդիականացվել և օգտագործվել ռազմադաշտում, Ռուսաստանի դիամակայունության համար կարևոր նշանակություն ունի մեծ զոհերի գնալու Կրեմլի կարողությունը։
«Անցած տարվանից Ռուսաստանի զինված ուժերը մասնավոր ռազմական ընկերությունների և մեծ թվով բանտարկյալների օգտագործումից անցան, այսպես կոչված, սովորական զինվորականների կիրառմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ուղղակի վատնում է իր զինվորականներին, նրա զինված ուժերի մարտունակությունը մնում է նույն մակարդակին»,- ասել է Բենդետը։
Ի՞նչ մարտավարություն է որդեգրել ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրը շարունակվող պատերազմի պայմաններում
Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Դարա Մասիկոտի ներկայացմամբ, Ռուսաստանն այլևս գումարներ չի ծախսում քաղաքացիական նշանակության գործարանները ռազամականի փոխելու ուղղությամբ:
«Նրանք տնտեսությունն ամբողջությամբ չեն տեղափոխում ռազմական ռելսեր։ Ուշադիր հետևելու ենք, թե ինչ են որոշել անել սպառազինության հաջորդ 10-ամյա ծրագրի հետ, որը խոստացել են ներկայացնել հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Մասիկոտը:
Սեմուել Բենդետի կարծիքով, ռուսական ռազմական արդյունաբերությունը և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պետական ապարատը այժմ ղեկավարվում են համեմատաբար բանիմաց բյուրոկրատների կողմից:
«Պետք է սա հաշվի առնել, երբ խոսում ենք Ռուսաստանի ռազմական արդյունաբերության և դրա արդյունավետության մասին, քանզի այդ չինովնիկներից շատերը անուղղակի ազդում են ռազմական գործողությունների վրա՝ զենքի ձեռքբերման և մշակման վերաբերյալ որոշումներ կայացնելու միջոցով։ Ռուսաստանն այժմ ունի պաշտպանության նոր նախարար։ Քաղաքացիական ոլորտից է, չի ծառայել։ Բելոուսովից Կրեմլն ակնկալում է նորարարություն և համագործակցություն քաղաքացիական կազմակերպությունների հետ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից զինատեսակներին, ինչպիսիք են անօդաչուները»,- ասել է Բենդետը։
Միաժամանակ, վերլուծաբանը թերահավատ էր, որ Ռուսատանի պաշտպանության նախարարության համակարգում հնարավոր կլինի արդյունավետ փոփոխություններ իրականացնել։
«Երկրում համատարած կոռուպցիա է։ Մի կողմից՝ կան բանիմաց պաշտոնյաներ։ Մյուս կողմից, նրանք կոռումպացված բյուրոկրատական մեքենայի մասն են»,- ասել է Բենդետը։
Ո՞րն է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ամենից խոցելի կողմը
Սեմուել Բենդետի կարծիքով, այլ երկրների արտադրած բաղադրիչները հարմարեցնելու նպատակը, թերևս, ամենալուրջ խնդիրն է, որ կանգնած է ռուսաստանյան ռազմա-արդյունաբերության առջև, քանզի երևան է գալիս որակ ապահովելու հարցը։
Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանը փորձում է կրկնօրինակել արտերկրի տեխնոլոգիաները՝ մտադրվելով դրանց հիման վրա արտադրություն իրականացնել տեղում, սակայն մի շարք զինատեսակներ, հատկապես՝ անօդաչուները դեռ հավաքվում են չինական բաղադրիչներից։
Դարա Մասիկոտն անդրադարձել է ռուսական արտադրության, այսպես կոչված, «սավառնող ռումբերին»․ «Դրանք գնալով ավելի հեռահար են դառնում։ Ժամանակի ընթացքում դրանք մեծ խնդիր կդառնան ուկրաինական ուժերի համար, քանի որ կարող են բավականին ճշգրիտ հասնել իրենց թիրախին: Ինքնաթիռները հագեցած են այդ ռումբերով և այն օդանավակայաններում են, որոնք գտնվում են ռազմաճակատից շատ հեռու, և ուկրաինացիներն իրավունք չունեն օգտագործել այն զենքերը, որոնք ունեն, ռուսական այդ օդանավակայանները թիրախավորելու համար»:
Մարիա Սնեգովայայի խոսքով, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական գրոհների արդյունավետությունն այլևս տագնապ է հարուցում։
«Ռուսական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ջերմէլեկտրակայանների հզորության մոտ 80%-ը և հիդրոէլեկտրակայանների կարողության մեկ երրորդը»,- նշել է հետազոտողը։
Արդյո՞ք Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի համար առաջնահերթություն է
Մարիա Սնեգովայայի կարծիքով, «բոլոր նշաններն այդ մասին են վկայում»։
«Փաստաթուղթը, որը ստորագրել են Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարները, փորձ է Արևմուտքին հակակշռել Ուկրաինայի հարցում», - ասել է Սնեգովայան՝ հարց բարձրացնելով, թե արդյոք Չինաստանը գոհ է ռուս-հյուսիսկորեական խորացող համագործակցությունից:
Ինչպե՞ս կարող է Ուկրաինան զարգացնել իր ռազմական արդյունաբերությունը
Դարա Մասիկոտը համոզված է, որ ուկրաինացիները հաջող են գործում նորարարության և սպառազինության ադապտացման հարցերում, սակայն կարող են խնդիրներ լինել կենտրոնական հրամանատարության հնարավորությունների առումով, ինչի համար պետք է գործարկվեն հատուկ, ապահով ցամաքային ցանցեր։
«Լավ է, որ ուկրաինական համակարգը ընկալունակ է նորարարությունների նկատմամբ։ Օրինակ, Ուկրաինայում առկա է գիտակցում, որ առկա են արդյունավետ լուծումներ, նորարարական մոտեցումներ, մշակումներ, հետազոտություններ: Այդուհանդերձ, Ուկրաինան ժառանգել է ռազմական արդյունաբերության խորհրդային համակարգը, որը ծանր, ժամանակատար, անարդյունավետ և մեծ բյուրոկրատիա ունեցող մի մարմին է», - ասել է Մասիկոտը:
Սեմուել Բենդետի խոսքով, անհրաժեշտ է շարունակել հաջող գրոհները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ:
«Ներկայում ուկրաինացիներն արդեն ունեն մի քանի տասնյակ տեսակի հեռահար անօդաչուներ, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող օբյեկտներին՝ մինչև 1 500 կիլոմետր հեռավորության վրա: Կան նաև ջրում գործող անօդաչուներ, որոնք նույնպես շատ հաջող ոչնչացնում են ռուսական ռազմական նավատորմը»,- եզրափակել է նա։