Ամերիկացի օրենսդիրը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը մոտ է տիեզերքում լուրջ առավելության հասնելուն՝ նոր միջուկային հակաարբանյակային զենքի միջոցով:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան հետախուզության գծով հանձնաժողովի նախագահ Մայք Թըրները հայտարարել է, որ եթե Ռուսաստանը նման առավելություն ստանա, աղետալի հետևանքներ կլինեն: Նախագահ Ջո Բայդենին կոչ է արել կտրուկ միջոցներ ձեռնակել։
«Կարծես, տիեզերքում Կուբայի հրթիռային ճգնաժամն է»,- ասել է Թըրները՝ համեմատելով այսօրվա իրավիճակը՝ 1962 թվականին Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև տեղի ունեցած առճակատման հետ, որը կողմերին հասցրել էր միջուկային հակամարտության եզրին:
Սակայն այս դեպքում՝ ուղեծրում միջուկային հակաարբանյակային զենք տեղադրելով՝ Ռուսաստանը կարող է պարտադրել, որ ԱՄՆ-ն լուրջ ռեսուրսներ ծախսի իր պաշտպանության համար։
«Այս սպառնալիքը կարող է նշանակել, որ մեր տնտեսությունը, միջազգային անվտանգության համակարգերը և սոցիալական համակարգերը կդադարեն գործել։։ Այն աղետալի և կործանարար հարձակում կլինի արևմտյան տնտեսական և ժողովրդավարական համակարգերի վրա»,- ասել է կոնգրեսականը:
Թըրները, ով Բայդենին մեղադրել է «դեպի անդառնալի աղետ շարժվելու մեջ», կոչ է արել Սպիտակ տանը անհապաղ գաղտնազերծել ռուսական ծրագրի վերաբերյալ հետախուզական բոլոր տվյալները, որպեսզի աշխարհը հասկանա սպառնալիքի չափը։
Սպիտակ տունը չի ընդունում մեղադրանքները։
«Նա սխալվում է»,- հինգշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք դրան լուրջ ենք վերաբերվում։ Բոլոր կողմերից աշխատում ենք այս խնդիրների լուծման վրա, ներառյալ՝ ինտենսիվ դիվանագիտական աշխատանքը երկրների հետ և, իհարկե՝ անմիջական շփումները Ռուսաստանի հետ»,- հավելել է Քիրբին։
Կրեմլը շարունակում է հերքել ԱՄՆ մեղադրանքները։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը այս մայիսին այն անվանեց «տեղեկատվական արտանետում»։
Այս հարցի առնչությամբ Թըրները առաջին անգամ մտահոգություն էր հայտնել փետրվարին, երբ նախազգուշացրել էր «ազգային անվտանգության առջև կանգնած լուրջ սպառնալիքի» մասին և կոչ էր արել Սպիտակ տանը գաղտնազերծել համապատասխան հետախուզական տվյալները: