Մատչելի հղումներ

Պուտինը խոսել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում հնարավոր փոփոխության մասին. ի՞նչ է այն նշանակում


Ռուսական Իսկանդեր-Կ հրթիռ
Ռուսական Իսկանդեր-Կ հրթիռ

Վաշինգտոնում անհանգստացած են միջազգային անվտանգության թուլացման ուղղությամբ Կրեմլի շարունակվող քայլերի առնչությամբ։

ԱՄՆ-ն «ծայրահեղ մտահոգություն» է հայտնել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ` երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Ամերկացի պաշտոնյայի խոսքով, նման համագործակցությունը կարող է նպաստել Կորեական թերակղզում իրավիճակի ապակայունացմանը, ինչպես նաև կհանգեցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտմանը, որոնց օգտին ժամանակին ակտիվորեն հանդես էլ գալիս Մոսկվան։

Ուշադրություն է գրավել Պուտինի հայտարարությունը` Հյուսիսային Կորեա և Վիետնամ կատարած այցից հետո, թե Փհենյանին ռուսական սպառազինության մատակարարումը «հայելային պատասխան» կլինի Ուկրաինային արևմտյան զենքերի առաքմանը։

Չորեքշաբթի Պուտինի ու Կիմ Չեն Ընի միջև ստորագրված պայմանագիրը պարտավորեցնում է Մոսկվային և Փհենյանին օգնություն ցուցաբերել մյուս կողմին` նրա դեմ զինված հարձակման դեպքում։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով, նշված պայմանագիրը անակնկալ չէ, իսկ Մոսկվայի քայլը` նման փաստաթուղթ ստորագրել Փհենյանի հետ վկայում է, թե ինչ կարգի հուսահատության են հասել Կրեմլում։

Այս ամենի ֆոնին` հայտարարությամբ է րհանդես եկել Վլադիմիր Պուտինը, թե Ռուսաստանը մտադիր է վերանայել իր միջուկային դոկտրինը։ Հայտնի է, որ գործող փաստաթուղթն արդեն իսկ թույլ է տալիս միջուկային զենք կիրառել «պետության գոյությանը սպառնացող վտանգի դեպքում»։

Միաժամանակ, Պուտինը բացառել է միջուկային զենքով կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակը ներառել դոկտրինում` ընդգծելով, թե «հակառակորդին կկործանենք պատասխան հարվածով»։

Ներկայում միջազգային անվտանգության ոլորտում բավականին բարդ իրավիճակ է` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Զինաթափման և չտարածման Վիեննայի կենտրոնի փորձագետ Նիկոլայ Սոկովը։

«Պատերազմի հենց սկզբից Մոսկվան փորձեց ասել Արևմուտքին, որ չմոռանա միջուկային զենքի մասին` ակնարկեով, որ իրադարձությունների ծայրահեղ զարգացման դեպքում այն կարող է կիրառվել։ Բայց դա արվել է բավականին զգույշ և ընդգծելով, որ սա ծայրահեղ տարբերակ է։ Արևմուտքը նույնպես բավական զգույշ գործեց՝ աստիճանաբար մեծացնելով Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղակի բախում չհրահրելով [Մոսկվայի հետ]»,- ասում է Սոկովը։

Թե ինչու Մոսկվան որոշեղ միջուկային զենքի կիրառման ուղղությամբ նման քայլեր ձեռնարկել, ըստ վերլուծաբանի, պատճառը, թերևս, Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին հայտարարություններն էին և այն, որ Արևմուտքը այլևս թույլատրում է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջուկային դոկտրինը փոխելու մասին Պուտինի հայտարարությանը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ փոփոխությունների այն կարող է ենթարկվել, որովհետև, օրինակ, դժվար է պատկերացնել, որ Կրեմլը կանխարգելիչ միջուկային հարված կհասցնի Լեհաստանին»,- ասում է Սոկովը։

Ըստ վերլուծաբանի, ավելի լուրջ խնդիր է ձևակերպել, թե ինչ է նշանակում Ռուսաստանի ռազմավարական պարտություն։ Պուտինը Վիետնամում հայտարարեց, որ «ռազմավարական պարտությունը» նշանակում է ռուսական պետականության լուծարում, ինչը միջուկային զենք օգտագործելու պատճառ է։

Նիկոլայ Սոկովը եզրափակեց` իրավիճակն աշխարհում սրվում է, թեև առայժմ գերազանցապես հայտարարությունների մակարդակում, «սակայն Ուկրաինայում լիակատար փակուղի է, և դժվար է պատկերացնել, թե որքան հեռու կհասնի այս ամենը»։

Ուկրաինական պատերազմի համատեքստում ռուսական միջուկային դոկտրինը փոխելու հարցը միշտ եղել է օդում` կարծիք է հայտնում Կանադայի արտաքին քաղաքականության ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Սթարչակը։

«Այն «կարմիր գծերը», որոնք գծել էր Մոսկվան, չաշխատեցին և չեն գործում։ Բայց նա ստիպված է ինչ-որ կերպ բարձրացնել էսկալացիայի մակարդակը, որպեսզի ուշադրություն հրավիրի ռուսական պահանջներին և ցանկություններին։ Թեև առկա են անորոշ ձևակերպումներ, թե մենք մտածում ենք հայեցակարգը
փոխելու մասին, բայց մեկ տարի առաջ Պուտինը չէր մտածում դոկտրինի փոփոխության մասին, իսկ հիմա՝ այո, չնայած արմատապես ոչինչ չի փոխվել։ Երևի հասկանում է, որ հայեցակարգ փոխելով ոչինչ չի շահի, և նման քայլը բոլորին չափազանց ագրեսիվ կթվա»,- ասում է Սթարչակը։

Ինչ վերաբերում է այլ երկրներ գերճշգրիտ սպառազինություն մատակարարելուն, ապա նման խոսքերը, ըստ Սթարչակի, սոսկ հռետորաբանություն են. «Ի՞նչ կարող է մատակարարել Ռուսաստանը, Искандер-ի վերջին տարբերա՞կը: Իսկ ո՞վ է վճարելու դրա դիմաց, քանի որ ռուսները հիմա չեն կարող բարեգործությամբ զբաղվել։ Այսօր քչերն են պատրաստ իրենց տարածքը տրամադրել` ԱՄՆ դեմ պայքարելու համար, իսկ եթե պատրաստ են, ապա շատ մեծ ֆինանսա-տնտեսական աջակցության դիմաց, որը Մոսկվան չունի»։

Կրեմլը տարբերակներ է փնտրում ԱՄՆ նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի ստիպի Վաշինգտոնին հաշվի նստել իր հետ, սակայն դրա գործնական արդյունքները դեռ չեն երևում` եզրափակել է Մաքսիմ Սթարչակը։

XS
SM
MD
LG