Մատչելի հղումներ

Փողոցային շներին վերաբերող օրինագիծը Թուրքիայում դառնում է քաղաքական պայքարի առարկա


Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ վերացնել փողոցային շներին, վրդովմունք է առաջացրել հանրությունում, ինչը ստացել է քաղաքական շարունակություն:

Թուրքիայում ցույցեր են՝ ի նշան բողոքի փողոցային շների վերաբերյալ իշխող ուժի առաջարկած օրինագծի դեմ: Ըստ նախագծի, շներն ենթակա են վերացման, եթե փողոցում հայտնված շունը 30 օր հետո տեր չգտնի։

Բողոքի ակցիայի մասնակից Զուլալ Կալկանդելենն ասում է, որ չի կարելի նման դաժան մոտեցում ցուցաբերել։

«Նրանք ծրագրում են շներին հավաքել ապաստարաններում, որոնք մենք անվանում ենք մահվան ճամբարներ: Որոշ ժամանակ է, ինչ թափառող կենդանիների հանդեպ ատելություն բորբոքող արշավ է ընթանում: Դարեր շարունակ փողոցային շների հետ ապրող մեր ժողովրդին ստիպում են վերացնել այդ կենդանիներին»,- ասում է նա։

Առաջարկվող օրենսդրությունը շատերին հիշեցնում է Ստամբուլի մութ էջերը, երբ քաղաքին եվրոպական տեսք հաղորդելու նպատակով 1910 թվականին իշխանությունները մոտ 80 հազար փողոցային շների հավաքեցին մոտակա անմարդաբնակ կղզում և սատկացրեցին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է իր դիրքորոշումը, թե թափառող կենդանիները սպառնալիք են հանրության համար՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ու հիվանդությունների պատճառ դառնալով:

«Ճշմարտությունն այն է, որ հասարակության շատ մեծ հատված ցանկանում է այս հարցը հնարավորինս շուտ լուծել, որպեսզի մեր փողոցները ապահով դառնան բոլորի, հատկապես՝ մեր երեխաների համար։ Անհնար է անտարբեր մնալ այդ կոչին»,- ասել է էրդողանը։

Կենդանասեր-ակտիվիստները չեն նահանջում, թե նման խնդիրների լուծման համար կան անհամեմատ ընդունելի միջոցներ:

Փաստաբան Էլչին Ջեմրե Սենջանը բողոքի ակցիայի կազմակերպիչներից է․ «Մարդիկ կան, որոնց անհանգստացնում են այս թափառող կենդանիները, բայց լուծումը շներին քնեցնելը կամ սատկացնելը չէ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիների, հատկապես՝ շների ստերիլիզացումը նվազեցնում է նրանց քանակը, հետևաբար՝ հարձակումները մարդկանց վրա»։

Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջերս լուրջ պարտություն կրեց ՏԻՄ ընտրություններում։ Ընդդիմախոսների ներկայացմամբ, Էրդողանը, թերևս, փորձում է շահել կրոնամոլ ընտրազանգվածի համակրանքը՝ հաշվարկելով, որ փողոցային շների մասին իր օրենսդրության հակառակորդները հիմնականում աշխարհիկ են:

«Լուրջ խնդիրներ ունենք երկրում, բայց նրանք ցանկանում են [հանրության] ուշադրությունը շեղել կենդանիների այս թեմայի ուղղությամբ: [Շները, բնականաբար,] չեն խոսում, ոչինչ չեն կարող ասել, և այստեղ ենք՝ նրանց ձայնը հնչեցնելու համար»,- ասում է բողոքի ակցիայի մասնակից Էյուփ Սիջերալին։

Վերջերս անցկացված սոցհարցման համաձայն, թուրքերի 3%-ից պակասն է աջակցում փողոցային շների վերացմանը:

Դիտորդները զգուշացնում են, որ փողոցային շների մասին օրենսդրությունը, որը առաջիկայում կներկայացվի խորհրդարան, կարող է քաղաքական ռիսկեր պարունակել Էրդողանի համար:

XS
SM
MD
LG