Մատչելի հղումներ

Անկարան շարունակում է հավասարակշռված հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իր տիկինը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իր տիկինը

Ուկրաինայի համար Թուրքիան դառնում է սպառազինության կարևոր մատակարար: Զենք արտադրող թուրքական ընկերություններից մեկը ամերիկյան գործընկերների հետ Տեխասում զինամթերքի նոր գործարան է հիմնել։ Մեկ այլ թուրքական ընկերություն պատրաստվում է Ուկրաինայում բացել անօդաչուներ արտադրող գործարան:

Զինամթերք արտադրող ամերիկյան նորագույն գործարանը կիրառում է թուրքական Repkon ընկերության գերժամանակակից սարքավորումները։ Գործարանն այնքան հզոր է, որ կարող է ապահովել ԱՄՆ-ում ռազմամթերքի արտադրության մոտ մեկ երրորդը, ինչը, ըստ դիտորդների, կենսական նշանակություն ունի, օրինակ, Ուկրաինայում զինամթերքի պակասը լրացնելու համար:

«Թուրքիայի դերն այս հարցում ուշագրավ է այն պատճառով, որ [Անկարան] հսկայական հնարավորություններ է առաջարկում ԱՄՆ-ին՝ սպառազինության գնման, արտադրության, մատակարարման առումով։ ԱՄՆ-ը նույնպես ունի սպառազինության կարիք՝ դատելով արկերի քանակից, որոնք մատակարարվում են ուկրաինացիներին»,- ասում է Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Սինան Սիդին:

Թուրքիան անօդաչուներ արտադրող գործարան է հիմնում Ուկրաինայում
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը բարձր է գնահատել թուրք-ամերիկյան համագործակցությունը՝ որպես երկու երկրների հարաբերությունների խորացման կարևոր նշան։

Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերտ հարաբերություններ ունի ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը լարվածություն էր առաջ բերել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում։

Հայտանի է դարձել նաև, որ թուրքական մեկ այլ ընկերություն՝ Baykar-ը, Ուկրաինայում ռազմական անօդաչուներ արտադրող գործարան է կառուցում, ինչը, ըստ դիտորդների, վկայում է Կիևի հետ Անկարայի խորացող հարաբերությունների մասին:

«Պատերազմի ժամանակ Ուկրաինայում գործարան հինելը որոշակի ռիսկեր է պարունակում։ Իհարկե, Ուկրաինայում գործարանի ստեղծումը [նաև] քաղաքական ուղերձ է, բայց այն, կարծում եմ, չի փոխի Թուրքիայի դիրքորոշումն այս պատերազմում»,- ասում է ռազմական վերլուծաբան Թայֆուն Օզբերկը։

Սակայն դիտորդները զգուշացնում են, որ Ուկրաինային ցուցաբերվող նման աջակցությունը կարող է խնդիրներ ստեղծել թուրքական քաղաքականության համար, որը ձգտում է պահպանել հավասարակշռությունը Արևմուտքի ու Մոսկվայի միջև։

«Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը հիմնականում հիմնված է այն բանի վրա, ինչ մենք անվանում ենք «մասնատում»: Կարող եք համաձայն չլինել տարբեր կարևոր հարցերի շուրջ, օրինակ՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը և իրավիճակը Սիրիայում, բայց կհամագործակցեք այլ ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան»,- ասում է ռազմական վերլուծաբան Սինե Օզկարաշահինը:

Ըստ դիտորդների, թեև Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ընդլայնում է համագործակցությունը Ուկրաինայի և արևմտյան դաշնակիցների հետ, սակայն Անկարան շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Ռուսաստանի համար և տակավին հրաժարվում կիրառել Արևմուտքի բազմաթիվ պատժամիջոցները:

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար, ներառյալ՝ միկրոչիպեր, զենքի մասեր, որոնք ուղղակիորեն կիրառվում են ուկրաինացիների դեմ օգտագործվող ռուսական բարձրակարգ զենքերի արտադրության մեջ: Թուրքիան խաղում է երկու կողմերի միջև։ Սա ԱՄՆ-ին, իրոք, դնում է դժվարին կացության մեջ, քանի որ այն ստիպված է աչք փակել Թուրքիայի խաղի վրա»,- ասում է Սինան Սիդին:

Ընդամենը մեկ տարվա ընթացքում հանրությանը ներկայացնելով թուրքական արտադրության ռազմական օդանավերի երկու նոր մոդելներ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, կարծես, նպատակ ունի ի ցույց դնել երկրի աճող կշիռը ռազմական արդյունաբերության մեջ։ Այս հանգամանքն, անշուշտ, նոր հնարավորություններ է ստեղծում Թուրքիայի համար, և Անկարան շարունակում է իր հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ:

XS
SM
MD
LG