Մատչելի հղումներ

Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրաքում՝ քուրդ ապստամբների դեմ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիան հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրաքում գործող քուրդ ապստամբների դեմ։ Էրդողանը խոստացել է «վերջ տալ» քրդական ապստամբ խմբավորումից բխող սպառնալիքին։

Տարիներ է, ինչ թուրքական զինված ուժերը ներխուժումներ են իրականացնում հարևան Հյուսիսային Իրաք՝ գրոհելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ քրդական ապստամբ խմբավորման հենակետերը։ Խմբավորումը տասնամյակներ շարունակ պայքարում է Թուրքիայում քրդերի իրավունքների պաշտպանության համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «վերջ տալ» «Քուրդիստանի բանվորական կուսակցությունից» բխող սպառնալիքին:

«Ակնկալվում է, որ Իրաքի սահմանային շրջաններում Թուրքիան կստեղծի 40 կիլոմետրանոց նոր անվտանգության գոտի, որը նման կլինի Սիրիայում գոյություն ունեցողին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Կասինը։

Զուգահեռաբար՝ Էրդողանը սերտ կապեր է ստեղծել Իրաքի կիսաինքնավար՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարության հետ։ Դիտորդների խոսքով, Անկարայի տեսանկյունից նման համագործակցությունը կարևոր նշանակություն ունի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունից» բխող սպառնալիքը չեզոքացնելու համար:

Վերլուծաբան Մուրատ Ասլանն ասում է․ «Թուրքիան փորձելու է գործակցել Իրաքի անվտանգության ուժերի հետ: Թուրքիան ցանկանում է շրջափակել, հետո՝ ոչնչացնել Իրաքում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» բոլոր անդամներին»։

Այս ապրիլին նախատեսվում է Էրդողանի այցը իրաքյան Քուրդիստան և Բաղդադ: Դիտորդների խոսքով, ընդլայնված երկկողմ առևտուրը, ինչպես նաև Իրաքով ու Թուրքիայով անցնող միջազգային առևտրի ավելացումը Էրդողանին նոր լծակներ են տալիս:

Նախկին բարձրաստիճան թուրք դիվանագետ Այդին Սելչենն նշում է․ «Բասրան թուրքական սահմանին կապող ճանապարհի շնորհիվ միլիարդավոր դոլարներ կհոսեն Բաղդադի գանձարան, և որպեսզի այդ նախագիծն իրատեսական լինի,

Իրաքում պետք է լինի կայունություն և անվտանգություն։ Անկարան ցանկանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ միասնական ճակատ ստեղծել այդ նախագծի շրջանակներում»։

Սակայն դիտորդները զգուշացնում են, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» կենտրոնական ուժերը Իրաքի լեռնային՝ Քանդիլ շրջանում են, որը սահմանակից է Իրանին, ուստի՝ այդտեղ ցանկացած գործողության դեպքում անհրաժեշտ կլինի Թեհրանի համաձայնությունը։

«Քանդիլ լեռը բաժանված է Իրանի և Իրաքի միջև։ Ամեն անգամ, երբ տարածաշրջանում ռազմական գործողություն է նախատեսվում ու իրականացվում, նրանք՝ [քրդերը] անցնում են Իրան, ապահով պատսպարվում այնտեղ, հետո՝ վերադառնում»,- ասում է թուրք վերլուծաբան Մուրատ Ասլանը։

Զուգահեռաբար՝ սրվում է տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի միջև մրցակցությունը, և դիտորդների կարծիքով, Թեհրանը կարող է ընդառաջ չգնալ Անկարայի պահանջներին, ինչն կմեծացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում:

XS
SM
MD
LG