Մատչելի հղումներ

Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ


Թուրքիայի և Իսրայելի դրոշներ
Թուրքիայի և Իսրայելի դրոշներ

Թուրքիան հայտարարել է, որ մի շարք ապրանքների գծով առևտրային սահմանափակումներ է կիրառել Իսրայելի նկատմամբ, քանի դեռ Թել Ավիվը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը:

Սահմանափակումները վերաբերում են 54 տեսակ ապրանքների, այդ թվում՝ երկաթե, պողպատե ապրանքներին, ցեմենտին, ավիացիոն վառելիքին ու պարարտանյութերին:

Անկարայի որոշումը հետևեց, երբ Իսրայելը մերժեց Թուրքիայի առաջարկը՝ Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ, թեև պաղեստինցիներին օգնություն են տրամադրում բազմաթիվ երկրներ:

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը խոստացել է համարժեք պատասխան տալ Թուրքիային՝ X հարթակում գրելով, որ Էրդողանը զոհաբերում է «Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահը՝ աջակցելու Գազայում գործող «Համասի» մարդասպաններին»։

Իսրայելի նկատմամբ Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել մինչև Գազայում զինադադարի հաստատումը
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00

Զուգահեռաբար՝ Կահիրեում ԱՄՆ, Իսրայելի, Կատարի ու «Համասի» ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում քննարկվել է մարտերը դադարեցնելու հերթական առաջարկը, ինչպես նաև Գազայում պահվող պատանդների ազատ արձակումը:

Առաջարկը նախատեսում է վեցշաբաթյա զինադադար, «Համասի» ձեռքին գտնվող պատանդների մի մասի ազատ արձակում, Իսրայելի բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցիների ազատություն, Գազա առաքվող մարդասիրական օգնության ավելացում և տեղահանված պաղեստինցիների վերադարձ շրջանի հյուսիսային հատված։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի նշել է, թե մանրամասն տեղեկացված է Կահիրեի բանակցություններից․ «Անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար՝ առաջին հերթին բոլոր պատանդների ազատ արձակում և «Համասի» նկատմամբ լիակատար հաղթանակ, և հաղթանակը պահանջում է մուտք գործել Ռաֆահ ու վերացնել այնտեղ թաքնված ահաբեկչական գումարտակները: Դա տեղի կունենա»։

ԱՄՆ-ն քննադատել է Նեթանյահուին։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հիշեցրել է. «Հստակ ասել ենք, որ չենք աջակցում Ռաֆահում [ցամաքային] գործողություններին: Ցանկանում ենք տեսնել արժանահավատ ծրագիր, թե ինչ են անելու այնտեղ՝ հաշվի առնելով Ռաֆահում ապաստանած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներին առնչվող մարդասիրական մտահոգությունները։ Ծանոթ չենք նրանց պաշտոնական ծրագրին»։

Կահիրեի բանակցությունները Սպիտակ տունը «լուրջ» է որակել։

«Առաջարկ է ներկայացվել «Համասին»։ Սպասում ենք պատասխանի»,- լրագրողներին փոխանցել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Հատկանշական է, որ զինադադարի և պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները մեկնարկեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրեց Նեթանյահուին, թե Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ ռազմական աջակցությունը կարող է փոփոխության ենթարկվել:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը պահանջ է ներկայացրել որ Իսրայելը անհապաղ թույլատրի Գազա առաքվող մարդասիրական օգնության ծավալների ավելացում։

Բայդենի պահանջները հաջորդեցին, երբ Իսրայելի օդային հարվածից օրերս սպանվեցին միջազգային մարդասիրական՝ World Central Kitchen կազմակերպության յոթ աշխատակիցներ, որոնք փորձում էին սնունդ հասցնել Գազա:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ևս Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազա մարդասիրական օգնության առաքումը կտրուկ ավելացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել իսրայելական զինվորականների հետաքննությունը World Central Kitchen-ի հետ կապված արյունալի միջադեպի առնչությամբ:

«Նախարար Գալանտը մանրամասնել է Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման և «Համասի» դեմ Իսրայելի գործողությունների վերաբերյալ։ Օսթինը կրկնել է իր հանձնառությունը՝ աջակցել բոլոր պատանդների անվերապահ վերադարձին։ Հույս է հայտնել, որ ընթացող բանակցությունները կհանգեցնեն ռազմական գործողությունների դադարին»,- ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերի հայտարարության մեջ:

Առաջիկա օրերին սպասվում է իսրայելցի պաշտոնյաների այց Սպիտակ տուն՝ ականջալուր լինելու ԱՄՆ մտահոգություններին՝ Ռաֆահի ուղղությամբ Իսրայելի հնարավոր զամաքային գրոհի առնչությամբ:

«Չենք աջակցում Ռաֆահում լայնածավալ ցամաքային գործողության անցկացմանը»,- ասել է Քիրբին:

Ենթադրվում է, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» կողմից պատանդառված մոտ 240 հոգուց տակավին պաղեստինցիների ձեքին են մոտ 100-ը:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի հատվածի առողջապահական ծառայության ներկայացմամբ, նախորդ կես տարում Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 33 հազար մարդ:

Նյութը պատրաստվել է Reuters-ի, Associated Press-ի և Agence France-Presse-ի հրապարակումների հիման վրա:

XS
SM
MD
LG