Մատչելի հղումներ

Միջազգային հանրությունը պահանջում է Իսրայելից անհապաղ հետաքննել World Central Kitchen-ին առնչվող արյունալի միջադեպը


Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները հետքաննում են ԱՄՆ-ում գործող World Central Kitchen կազմակերպության ավտոմեքենան, որը խոցվել էր նախորդ օրը իսրայելական հարվածի հետևանքով Գազայի կենտրոնական հատվածի Դեյր ալ-Բալահում 2024 թվականի ապրիլի 2-ին:
Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները հետքաննում են ԱՄՆ-ում գործող World Central Kitchen կազմակերպության ավտոմեքենան, որը խոցվել էր նախորդ օրը իսրայելական հարվածի հետևանքով Գազայի կենտրոնական հատվածի Դեյր ալ-Բալահում 2024 թվականի ապրիլի 2-ին:

Լոնդոնը կոչ է արել Իսրայելին անհապաղ հետաքննել Գազայի հատվածում տեղ գտած ավիահարվածը, որի հետևանքով զոհվել են մարդասիրական կազմակերպության հետ առնչություն ունեցող 7 աշխատակիցներ։ Զոհերից երեքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին

Իսրայելի ավիահարվածի հետևանքով՝ մարդասիրական կազմակերպության հետ առնչություն ունեցող զոհված աշխատակիցների մարմինները չորեքշաբթի դուրս են բերվել Գազայի հատվածից՝ Եգիպտոսին սահմանակից Ռաֆահի անցակետով։

Հայտնի է, որ այս երկուշաբթի հրթիռային հարվածներ էին հասցվել World Central Kitchen բարեգործական կազմակերպության ավտոմեքենաների շարասյանը: Հարվածի հետևանքով զոհվել էր 7 հոգի, որոնցից 3-ը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին՝ 57-ամյա Ջոն Չեփմենը, 47-ամյա Ջեյմս Քիրբին և 33-ամյա Ջեյմս Հենդերսոնը։

«Իրավիճակը գնալով բարդանում է: Անհապաղ անհրաժեշտ է տեղի ունեցածի մանրակրկիտ, թափանցիկ հետաքննություն, բայց նաև Գազա առաքվող օգնության ծավալի կտրուկ աճ»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է Իսրայելին զենքի վաճառքը դադարեցնելու մասին ընդդիմության կոչերը։ Երեք բրիտանացիները Solace Global ընկերությունից էին և պատասխանատու էին World Central Kitchen-ի առաքելությունների անվտանգության ապահովման համար:

«Ուշադիր ուսումնասիրել ենք այն ամենը, ինչը նախորդել ու հաջորդել էր դեպքին։ Լիովին բավարարված ենք, քանզի անվտանգության ապահովման բոլոր միջոցները ճիշտ էին ձեռնարկվել»,- ասում է Solace Global ընկերությա ներկայացուցիչ Մեթյու Հարդինգը։

Զոհերի թվում են պաղեստինցի վարորդը, ինչպես նաև Ավստրալիայի, Լեհաստանի և ԱՄՆ ու Կանադայի քաղաքացիներ: Այդ երկրների կառավարությունները նույնպես կոչ են արել հետաքննություն անցկացնել:

Իսրայելը չորեքշաբթի հայտարարել է, որ մտադիր չէ թիրախավորել մարդասիրական առաքելությունների ներկայացուցիչներին:

«Դա սխալ էր։ [Պատճառը՝] պատերազմի ժամանակ, գիշերային շատ բարդ պայմաններում սխալ նույնականացումն էր: Դա չպետք է տեղի ունենար»,- ասում է Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Հերցի Հալևին։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի հայտարարել է, որ նման բացատրությունն անընդունելի է։

«Գազայում գործող World Central Kitchen-ի աշխատակիցների ուղղությամբ Իսրայելի իրականացրած մահաբեր հարձակման ճշգրտությունը վկայում է, որ իսրայելական զինվորականները մտադրված են հարվածել ավտոմեքենաներին: World Central Kitchen-ն իր շարժը համակարգել է Իսրայելի կառավարության հետ: Նրանց ավտոմեքենաները հստակ գծանշված էին։ Սա պատահականություն չէ»,- պնդում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Օմար Շաքիրը:

Հայտնի է, որ World Central Kitchen-ը դադարեցրել է իր գործունեությունը Գազայում։ Մարդասիրական կազմակերպության հիմնադրի խոսքով, հարձակումը «ուղիղ արդյունք է այն քաղաքականության, որը մարդասիրական օգնությունը հասցրել է հուսահատ մակարդակի»:

Չնայած մարդասիրական աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների մեղադրանքներին, թե Իսրայելը խոչընդոտում է Գազա օգնության մատակարարումները, Թել Ավիվը հերքում է այն՝ իր հերթին մեղադրելով «Համասին» այդ առումով:

Իսրայելական կողմի պնդմամբ, Գազայի հատվածի հիվանդանոցներն ու օգնություն ցուցաբերող հաստատությունները կիրառվում են որպես ռազմական հենակետեր: «Համասը» հերքում է մեղադրանքը՝ ընդգծելով, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես զենք:

XS
SM
MD
LG