Երկրի մեծությամբ առաջին չորս քաղաքներում՝ Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում և Բուրսայում հաղթանակ են տարել ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցության» թեկնածուները։
Ստամբուլի քաղաքապետ, երկրում իշխող ուժին ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն վերընտրվել է իր պաշտոնում։ Նույնը տեղի է ունեցել Անկարայում, ուր գործող քաղաքապետ Մանսուր Յավասը, ով, դարձյալ, դեմ է Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությանը», պահպանել է աթոռը:
Դիտորդների գնահատմամբ, ՏԻՄ ընտրությունները կարևոր ցուցիչ են՝ հասկանալու, թե իրականում որքան է կազմում 70-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ուժին ցուցաբերվող աջակցությունը թուրքական հանրությունում, և որչափ աջակցություն ունի ընդդիմությունը։
Ինչևէ, ավելի քան երկու տասնամյակ Թուրքիայում իշխանության ղեկին գտնվող Էրդողանը լայնածաված քարոզարշավ էր իրականացնում հատկապես Ստամբուլի գործող քաղաքապետի դեմ, ով շատերի կարծիքով կարող է դառնալ ընդդիմության գլխավոր թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններին։
Նախնական արդյունքներով, Իմամօղլուն ստացել է ձայների 50%-ը, իսկ «Արդարություն և զարգացում կուսակցության» թեկնածուն՝ Մուրադ Քուրումը, որը Էրդողանի կառավարության նախկին անդամ էր, 41․26%։
Դարձյալ, ըստ նախնական տվյալների, ողջ երկրի կտրվածքով ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» ստացել է ձայների գրեթե 39%-ը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, և այդ արդյունքը աննախադեպ է նախորդ 35 տարվա ընթացքում։