ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է, թե Սուրբ Հարության արձակուրդներից Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիրների վերադառնալուց հետո, մտադիր է նրանց հավանությանը ներկայացնել մի օրինագիծ, որը ներառում է օգնություն Ուկրաինային և «որոշ կարևոր նորամուծություններ»:
«The Hill» պարբերականը մեջբերում է կիրակի հեռարձակված Ջոնսոնի հեռուստատեսային հարցազրույցից մի հատված, թե, իրականում, հանրապետականները փոքր մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների տանը, ինչը բարդացնում է իրավիճակը։ Միաժամանակ, խոսնակն ընդգծել է, որ աշխատում է փաթեթի ընդունման ուղղությամբ և նախատեսում է այն քննարկման ներկայացնել, երբ Կոնգրեսի ստորին պալատը վերադառնա աշխատանքի՝ Զատկի արձակուրդից հետո։ Մայք Ջոնսոնն ընդգծել է Ուկրաինային օգնելու հարցում երկու կուսակցությունների միջև փոխհամաձայնության հասնելու կարևորությունը:
«Եթե ցանկանում ենք առաջ տանենք կուսակցական որևէ նախաձեռնություն, ապա անհրաժեշտ է ստանալ բոլորի՝ [հանրապետականների] աջակցությունը։ Բառացիորեն բոլորի։ Որոշ օրինագծեր կարող են ընդունվել միայն երկկուսակցական համաձայնությամբ»,- ընդգծել է Ջոնսոնը:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակն ասել է, որ փաթեթը կարող է ներառել մի քանի «լուրջ նորամուծություններ»՝ որպես օրինակ բերելով Ուկրաինային վարկի տրամադրման հնարավորությունը։ Հիշեցնենք, այս գաղափար լայն տարածում ստացավ նախորդ ամիս:
«Նույնիսկ նախագահ Թրամփը խոսեց վարկի գաղափարի մասին, որտեղ մենք ոչ միայն արտաքին օգնություն ենք տրամադրում, այլ հարաբերություններ ենք ստեղծում, որով նրանք կարող են վերադարձնել [միջոցները], երբ ժամանակը գա»,- նշել է Մայք Ջոնսոնը:
Հարցազրույցում Ջոնսոնը հասկացրել է, որ մտադիր է հասնել այդ օրինագծի ընդունմանը, որը լրացուցիչ օգնություն կապահովի Ուկրաինային, սակայն չի ներկայացրել մանրամասները։
Ջոնսոնը նաև խոսել է «Տնտեսական բարգավաճման և հնարավորությունների վերակառուցում ուկրաինացիների համար» օրիանգծի մասին, որը ԱՄՆ նախագահին լիազորում է բռնագրավել Միացյալ Նահագներում սառեցված ռուսական ակտիվները և փոխանցել Ուկրաինային։
Իր հերթին՝ Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թըրները կիրակի՝ ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ Ուկրաինային օգնություն նախատեսող օրինագիծը կստանա «[Ներկայացուցիչների տան] ճնշող մեծամասնության աջակցությունը», երբ Կոնգրեսը վերադառնա աշխատանքի: